Օլանդի Հայաստան այցը, քաղաքականությունից բացի, զգացմունքային հարց է

gabrielՕլանդի այցը Հարավային Կովկաս կսկսվի Բաքու այցելությամբ և կավարտվի մայիսի 12-ին Երևանում։ Երևանյան այցի օրակարգի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցեց Փարիզի հայկական «Այբ» ռադիոկայանի տնօրեն, Ֆրանսիայում ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վարդան Գաբրիելյանի հետ:

– Պարոն Գաբրիելյան, օրեր անց սպասվում է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը տարածաշրջան, այդ թվում՝ Հայաստան: Տեսակետներ են հնչում, որ Ֆրանսիան նախատեսում է ակտիվացնել իր ջանքերը ԼՂ հակամարտության բանակցություններում: Ձեզ այցի օրակարգից և նպատակից ի՞նչ է հայտնի:

– Քաղաքական օրակարգը հստակեցվում է նախագահական երկու պալատների միջև, իսկ ավելի ծանոթ է ինձ տնտեսական օրակարգը և տնտեսական հարաբերությունները. նկատի ունենալով, որ Ֆրանսիան չնայած արդեն մեծ ներդրումներ է արել Հայաստանում, սակայն սա հեռու է բավարար լինելուց և պետք է օգտվել Ֆրանսուա Օլանդի այցելությունից, որպեսզի անկախ այն հանգամանքից, թե տարածաշրջանում որ երկրների հետ ինչ հարաբերություններ են զարգանում՝ հատկապես տնտեսական, Հայաստանում մենք կարողանանք Ֆրանսիայի ներդրումների և փոխհարաբերությունների մակարդակը շատ բարձրացնել, որովհետև թե Հայաստանը դրա կարիքն ունի, թե Ֆրանսիան, թե ֆրանսիացի ներդրողները, թե ֆրանսահայերը: Նրանք հնարավորություններ ունեն, պետք է տեսնենք, թե ինչպես և ինչ կերպով կարող ենք մենք քաջալերել, հետաքրքրել այդ մարդկանց, ֆրանսիացիներին կամ հայերին Ֆրանսիայում, որ ներդրումներ անեն Հայաստանում: Այնպես որ, այս օրակարգում կա տնտեսական բաղադրիչ, խորհրդաժողով է անցկացվելու, որին մասնակցելու են երկու նախագահները, որը ցուցիչ է, թե տնտեսական հարաբերություններն ինչ մակարդակի վրա են, իսկ երկրորդ օրը տարբեր կլոր սեղաններով, նախարարների մասնակցությամբ և հատկապես Ֆրանսիայում բավական հետաքրքրական գործարարների պատվիրությամբ տնտեսական տարբեր զրույցներ են լինելու: Լիահույս ենք, որ պայմանագրեր կստորագրվեն:

– Այցը Երևան ինչո՞վ է առանձնանալու նրա այցերից Թբիլիսի ու Բաքու:

– Եթե միայն նշենք, որ Ադրբեջան ու Վրաստան այցերը պաշտոնական այցեր են, իսկ Հայաստանինը կառանձնանա պետական այցելություն ձևակերպմամբ, այդ աստիճանավորումներն իրենց իմաստն ու նշանակությունն ունեն, սա բավարար է նշելու, թե ինչու Հայաստանն այլ աչքով է դիտվում Ֆրանսուա Օլանդի ու Ֆրանսիա պետության կողմից՝ հակառակ այն բանի, որ գիտենք, թե Ադրբեջանն ինչպիսի տնտեսական առիթներ է ստեղծում ֆրանսիական ընկերությունների համար, և ինչպիսի մեծ պատվիրակություն կա Ադրբեջան գնացող, և շատերը չեն ուզում նույնիսկ գալ Հայաստան՝ չվիրավորելու համար Ադրբեջանին: Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան զգացմունքային մաս ունի, քանի որ զգացմունքային վերաբերմունք կա Հայաստանի նկատմամբ: Ես Ֆրանսուա Օլանդի կողքին էի, երբ ինքը 2008թ. այցելեց Ծիծեռնակաբերդ, ես կարող եմ այսօրվա պես հիշել նրա դեմքը, նա նույն մարդը չէր, ես կարծում եմ, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելելով ու հասկանալով, թե ինչ է հայ ժողովրդի համար 1915թ., դեմքի վրա երևում էր և չեմ կարծում, թե Ադրբեջանն ունի համազոր, համահավասար ինչ-որ նշանակալից երևույթ Ադրբեջանի թե քաղաքակրթության, թե պատմության մեջ, քան ինչ որ Հայաստանն այդ մարդուն տվեց այդ օրը: Ես կարծում եմ, որ նման պահերը զորավոր հետքեր են թողնում մարդու վրա:

– Խոսեցիք տնտեսական հարաբերությունների և ներդրումների անհրաժեշտության մասին: Ինչո՞վ է հայաստանյան ներդրումային դաշտն, ըստ Ձեզ, հետաքրքիր ֆրանսահայ ներդրողների համար, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տնտեսական միջավայրը փոքր-ինչ փոփոխությունների է ենթարկվելու ՀՀ-ի ՄՄ-ին անդամակցելուց հետո:

– Հայաստանը, չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, չնայած տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությանը, ունի հնարավորություններ: Այդ հնարավորությունները Ադրբեջանի հնարավորություններին համահավասար չեն, քանի որ կա շուկայի մեծության խնդիր և կան այլ հարցեր, սակայն ի տարբերություն այս բոլորի՝ Հայաստանն ունի շահավետ դաշտեր: Օրինակ՝ դեղագործությունը, ՏՏ ոլորտը, որոնք հնարավորություն են տալիս համագործակցել հայկական ընկերությունների հետ: Նման ոլորտներից է նաև գինեգործությունը, հնարավորություններ կան, ադամանդագործության, ոսկերչության և այլ ոլորտներում:

– Հայաստանյան դաշտն անվտա՞նգ է արդյոք, որովհետև խոսակցություններ կան, որ կան դժգոհություններ, և ֆրանսիացի ներդրողները ՀՀ-ում ներդրումներ անելու ցանկություն չունեն:

– Այցելել Հայաստան ու չտեսնել, որ Հայաստանում կան խնդիրներ թե օրենքի կիրառման, թե մարդկային հարաբերությունների, թե գործ դնելու, խնդիրները եղել են ու կան: Բայց արդյո՞ք միայն Հայաստանում: Մենք մեզ վատից չենք բաժանում, բայց ես միշտ ցանկանում եմ ասել, որ շատ նման վատ օրինակներ չեմ տեսել, միգուցե ես չեմ հանդիպել, բայց սփյուռքահայեր, որոնք իրենց գումարները Հայաստանում կորցնում են, ճիշտն ասած՝ այդպիսի դեպքեր շատ չկան, իսկ եթե եղել են, շատ վատ է, բայց թերևս եղել են վատ կառավարման պատճառով կամ սխալ մարդկանց վստահելու պատճառով: Պետք է դիմել ճիշտ մարդկանց, որպեսզի գործի հիմքը ճիշտ դրվի, և զարգացում ապահովվի: Ես կարծում եմ, որ Հայաստանն ապահով երկիր է: Օրինակ՝ ապահով է բանկային համակարգը, շատ կայուն համակարգ է, բարեփոխումների ընթացքը ևս լավ է, բայց այս բոլորը եթե լսում է հայը, թվում է, թե Հայաստանի մասին չէ խոսքը: Հայաստանն ունի թե ժողովրդավարական, թե ազատություների հազարումեկ խնդիր: Այսօր մեր ժողովրդին զարգացում է պետք: ՄՄ-ն էլ նոր դաշտ է Հայաստանի համար և նոր դաշտ Հայաստանի հետ համագործակցության իմաստով: ՄՄ-ում Հայաստանը մշակութապես ամենամոտն է լինելու Եվրոպային, որտեղ մարդիկ, եթե ունենան աշխատելու հնարավորություն, աշխատում են ամենայն պատասխանատվությամբ, առանց իրենց ժամը հաշվելու, նվիրված են: Ինչու Հայաստանը չդառնա այն կենտրոնը, որի վրա կարելի է հենել, զարգացնել սեփական տնտեսությունը, գործը:

– Տեսնո՞ւմ եք ռեսուրսի ճիշտ կառավարում:

– Լուրջ խնդիր կա: Ոչ միայն ռեսուրսների, այլ ընդհանրապես կառավարման խնդիր կա, ու սա բնական է: Դա անպայման պետք է լուծվի, որովհետև հնարավոր չէ միջազգային կազմակերպությունների հետ աշխատել, եթե առնվազն մոտ չլինենք իրենց կառավարման մոդելներին: Խնդիրը մարդկանց փոփոխությունը չէ, այլ մոդելի խնդիրն է: Պատվանդանը, որի վրա պետք է կանգնենք՝ հայրենասիրությունն ու պրոֆեսիոնալիզմն է: Դրանք միասին պետք է աշխատեն: Հայաստանի ներուժին ես հավատում եմ: Ես իսկապես հավատում եմ, որ մենք հրաշալի երկիր ենք: Սա հայրենասիրական խոսք չէ, Հայաստանը հրաշալի երկիր է: Մենք ունենք մեծ պոտենցիալ, որպեսզի կարողանանք մեծ իրագործումներ կատարել:

– Հայաստանում քչերն են իրենց հույսը կապում ԵԱՀԿ ՄԻնսկի խմբում ֆրանսիացի համանախագահի հետ, քանի որ Ֆրանսիան վերջին տարիների ընթացքում չափազանց պասիվ է եղել: Խոսակցություններ կան, որ Ֆրանսիան նախատեսում է ակտիվացնել իր ջանքերն այս հարցում: Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն պետք է լինի Ֆրանսիայի դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում:

– Արցախը պետք է դառնա միջազգային ճանաչում ունեցող պետություն: Այլ որոշում չունենք: Ֆրանսիան իսկապես շատ բան կարող է անել: Ես համաձայն չեմ նաև այն պնդման հետ, թե Ֆրանսիան պասիվ է, որովհետև երեք համանախագհներից մեկը Ֆրանսիան է: Հաշվի առեք նաև այն հանգամանքը, որ թե Ռուսաստանը, թե ԱՄՆ-ն այն գերտերություններն են այսօր, որոնց Ֆրանսիան իր հզորությամբ հավասար չէ, իսկ նույն մակարդակի կարող է լինել ԵՄ-ն: Իհարկե, Ֆրանսիան հզոր երկիր է, ես չեմ կարծում, թե Ֆրանսիան պասիվ է եղել կամ կարիք ունի ավելի ակտիվ լինելու իր միջնորդության ջանքերում: Սակայն Ֆրանսիան կարող է իսկապես ազդել: Օլանդը Արցախի ինքնորոշման սկզբունքի կողմնակից է, սա առավելություն է, որպես Ֆրանսիայի նախագահ: Հիմա, իհարկե, այստեղ կա այլ հանգամանք, այստեղ կա Ղրիմը: Եթե որպես Ֆրանսիայի նախագահ կամ ԵՄ ներկայացուցիչ, խոսի ինքնորոշման հարցի մասին, այսօրվա պայմաններում սա կստանա այլ երանգ: Ղրիմի կոնտեքստում ԵՄ ներկայացուցիչները միգուցե չցանկանան խոսել ինքնորոշման կարևորության մասին, որպեսզի Ղրիմի ճակատի վրա առավելություն չտան Ռուսաստանին: Այս իմաստով կարող է ԼՂ-ն տուժել:

Տպել Տպել