Ադրբեջանը պետք է հասկանա, որ բանակցությունները անվերջ ձգձգել չի կարող

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հարցազրույցը «168 ժամ» թերթին

Կիրո-Մանոյան– Ինչպե՞ս կգնահատեք ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությունը և նրա կողմից ներկայացված վեց սկզբունքները, որոնք վերաբերում էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

– Նախ, Ուորքն ասաց, որ այդ հայտարարության դեպքում չի ներկայացնում համանախագահներին, այլ ներկայացնում է Միացյալ Նահանգների կեցվածքը: Դա չի նշանակում, որ Մինսկի խմբի համանախագահների և ԱՄՆ-ի մոտեցումներն անպայման տարբեր են, բայց պարզ է, որ իր կողմից կատարված շեշտադրումների մեջ, համանախագահողների` նախկինում և նաև իր հայտարարությունից հետո արված հայտարարությունների համեմատ, կա տարբերություն: Նրա արած մի քանի շեշտադրումների մեջ կար և՛ դրականը, և՛ բացասականը: Դրականն այն է, որ Ուորլիքն ընդգծում է, որ հնարավոր չէ շրջանցել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը: Բայց, օրինակ, երբ խոսում է ապագայում տեղի ունենալիք կամարտահայտության մասին, այնպիսի ձևով է ասում, թե, կարծեք թե, ապագայում պետք է որոշվի այդ կամարտահայտության ձևը: Պարզ է, որ դա իրենց տեսակետն է, բայց, կարծում եմ, հայկական կողմը չի համաձայնի նման մոտեցմանը: Հետո Ուորլիքը խոսեց նաև Լեռնային Ղարաբաղի տարածքները «տարբերակելու» մասին, հետագայում դա շեշտեց նաև Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանը: Իրենք, Լեռնային Ղարաբաղ ասելով, ԼՂԻՄ-ն (Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ) են հասկանում:

– Ի՞նչ է նշանակում` «տարբերակել»:

– Որ իրենց ասած Լեռնային Ղարաբաղը չեն համարում օկուպացված, բայց մյուս տարածքները համարում են: Նախ, Դաշնակցությունն այդ բոլոր կետերի հետ էլ խնդիր ունի, բայց Միացյալ Նահանգների կողմից այս տարբերակումը կեցվածքի փոփոխություն է, որովհետև ԱՄՆ-ը, եթե նույնիսկ Մինսկի խմբի շրջանակներում համաձայնել է, որ տարբերակում կա, բայց իր հրապարակված զեկույցներում հաճախ, եթե ոչ` միշտ, իրենց բնորոշած Լեռնային Ղարաբաղին անդրադառնում էր` որպես օկուպացված տարածք: Այս իմաստով կա փոփոխություն: Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ պետք է ստանան կողմերը, եթե խաղաղության պայմանագիր լինի, և խոսում է, օրինակ, Ադրբեջանի համաշխարհային դերակատարության մասին, իսկ Հայաստանը կունենա բաց սահմաններ:

– Ասում է` Հայաստանն անմիջապես կշահի բաց սահմաններից:

– Այդ` իր հերթին, բայց այստեղ կարևորն այն է` երբ խոսում է «բաց սահմանների» մասին, կարծում եմ, նաև ակնարկում է Հայաստան-Թուրքիա սահմանը: Սա պետք է որ մեր իշխանություններին այլևս հուշի, որ ժամանակն է ձերբազատվել արձանագրություններից, որովհետև արդեն ԱՄՆ-ն է ասում` եթե Ղարաբաղի հարցը լուծվի, Հայաստան-Թուրքիա հարաբերություններն էլ կկարգավորվեն: Սա Միացյալ Նահանգների կողմից կեցվածքի փոփոխություն է: Նման փոփոխություն արդեն երկու տարի ի վեր կատարվել է Եվրամիության արտաքին քաղաքականության պատասխանատու լեդի Էշթոնի կողմից: Եվ ուրեմն, եթե այդպես է, նշանակում է` այդ արձանագրություններն իմաստ չունեն, և Հայաստանը պետք է ստորագրությունը հետ վերցնի: Ե՛վ Ուորլիքի և՛ համանախագահների հայտարարության մեջ ամենամեծ թերությունն, անշուշտ, Լեռնային Ղարաբաղի բացակայությունն է` որպես հարցի կարգավորման լիիրավ մասնակից: Նույնիսկ, երբ ժողովրդական դիվանագիտության մասին է խոսում, այնտեղ ևս անտեսում է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Այսինքն` եթե մի կողմից` ուզում են անտեսել ԼՂՀ-ն` որպես ճանաչված կամ չճանաչված միավոր, ինչո՞ւ են ժողովրդին դուրս թողնում այս գործընթացներից:

– Ուորլիքը խոսում է նաև ադրբեջանցի փախստականների իրավունքների մասին, բայց որևէ խոսք չկա Ադրբեջանի հայ փախստականների մասին:

– Ճիշտ է: Դա արդեն կարելի է վերագրել հայկական կողմի ոչ ադեկվատ դիվանագիտությանը, որ անտեսվում է ոչ միայն դա, այլև ոչ մի խոսք չկա իրենց ասած Լեռնային Ղարաբաղից, այսինքն` ԼՂԻՄ-ից Ադրբեջանի կողմից գրավված տարածքների մասին: Էլ չեմ խոսում այն մասին, որ ԼՂՀ-ից գրավված տարածքներ կան, որոնց մասին ոչ մի խոսք չկա: Սա ևս հայկական կողմի դիվանագիտական թերացումն է: Կարծում եմ` այստեղ ամերիկացիներին մեղադրելու հիմք չունենք: Ամեն դեպքում, թե ինչու հայտարարությունն այսօր կատարվեց, մի քանի պատճառներ կան: Մեկն իսկապես զինադադարի 20-ամյակն է, որի պարագայում և՛ Ուորլիքը` իր առանձին հայտարարության մեջ, և՛ համանախագահները` իրենց հայտարարության մեջ, անտեսեցին փաստը, որ զինադադարը ստորագրվել է նաև ԼՂՀ-ի ներկայացուցչի կողմից: Երկրորդ պատճառն այն է, որ Միացյալ Նահանգները մեր տարածաշրջանում կատարվող իրադարձությունների ֆոնին, խոսքն Ուկրաինայի մասին է, ուզում է ցույց տալ, որ ինքն ակտիվ է տարածաշրջանում, և ոչ միայն ակտիվ է, այլ նաև պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ: Այդ հայտարարության երրորդ պատճառն էլ այն է, որ Ուորլիքն արդեն վեց ամիս այդ պաշտոնին է և ուզում էր ցույց տալ, որ ինչ-որ բան անում է: Ուզում է ակտիվություն ցույց տալ, որովհետև նա, ի տարբերություն իր նախորդների, միայն այս պաշտոնն ունի:

– Կարելի՞ է եզրակացնել, որ Միացյալ Նահանգները սկսել է ավելի կարևորել այս տարածաշրջանը:

– Ոչ թե սկսել է ավելի կարևորել, այլ փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել այնքանով, որ, օրինակ, Ուկրաինայից հետո չլինեն զարգացումներ, որոնց վրա նա հակակշիռ չի ունենա: Ես ասացի, որ մենք դեմ ենք այդ տարրերին: Տեսեք, «մադրիդյան» կամ հիմնական սկզբունքների փաստաթղթում միջազգային իրավունքից կա երեք կետ, որոնց վրա պետք է հիմնվի հարցի լուծումը. ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման բացառում, տարածքային ամբողջականության սկզբունք և ազգերի ինքնորոշման իրավունք: Միջազգային իրավունքի այս կետերի հիման վրա համանախագահներն առաջարկում են մի քանի տարրեր, որոնցից գոնե վեցը 2009 թվականից հրապարակված են: Եվ 2009 թվականից այդ վեցն անընդհատ հիշատակվում են համանախագահող պետությունների նախագահների կողմից: Դաշնակցությունն այդ վեց տարրերին էլ դեմ է, որովհետև այդ վեց տարրերը հաշվի չեն առնում 1988-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները. տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ, Ադրբեջանը տանուլ է տվել այդ պատերազմը, և իրավիճակ է փոխվել: Եթե այս առաջարկը լիներ 1988 թ., ենթադրում եմ` Հայաստանը և Ղարաբաղը կհամաձայնեին: Բայց ներկայումս անընդունելի են, որովհետև անտեսում են փաստերը` ոչ միայն տարածքների իմաստով, այլև հանրաքվեները:

– Այսինքն` հաշվի չեն նստում նոր իրավիճակի հետ:

– Այո՛, և այնպես չէ, որ այդ իրավիճակը ստեղծվել է հայկական կողմի զավթողական քաղաքականության հետևանքով: Եղել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմ, որն Ադրբեջանը տանուլ է տվել: Ադրբեջանը պետք է պատասխանատու լինի դրա համար:

– Արդյոք ճի՞շտ կլինի այն եզրակացությունը, որ այս կետերով ԱՄՆ-ը առաջարկում է նախ` վերադարձնել տարածքները, հետո նոր որոշել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը:

– Սրանք իրենց ընդհանուր մոտեցումներն են: Պարզ է, որ սրանց նկատմամբ տեսակետ չեն հայտնել, թե ճիշտ հերթականությունն ինչպես պետք է լինի, և այլն: Դա պետք է կողմերը համաձայնեցնեն, իսկ կողմերի միջև այդ ընդհանուր համաձայնությունը չկա: Ճիշտ է, Ուորլիքն իր կետերում առաջին տեղն է դնում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, բայց միաժամանակ ասում է, որ այդ տարրերը պետք է դիտարկվեն` որպես անբաժանելի ամբողջականություն, և դրանց հերթականությունը պետք է որոշվի բանակցությունների միջոցով: Այսինքն` «սա ընդհանուր է, և իմ ասածը չի նշանակում, որ սա պետք է արվի սկզբում, մյուսը` վերջում»: Բայց, ամեն դեպքում, այս բանակցությունների փիլիսոփայությունն այն է, որ պետք է լինի փաթեթային լուծում, որի կիրառումը հանգրվանային է: Այսինքն` սկզբից բոլոր հարցերի պատասխանները պետք է հստակ լինեն: Ես փորձում եմ իրենց տրամաբանությունը բացատրել: Մեկ այլ կետ, որը ևս մտահոգիչ է Ուորլիքի հայտարարության մեջ, այն է, որ ինքն ասում է, թե սեղանի վրա կան փաստաթղթեր, մոտեցումներ, որոնց մասին ոչ ոք չի ասել` ձերբազատվենք սրանցից, մի կողմ դնենք: Սա մտահոգիչ է այնքանով, որ Ադրբեջանը, դարձյալ խախտելով բանակցությունների տրամաբանությունը, վերջին ամիսներին սկսել է ասել, թե` եկեք սկսենք մշակել վերջնական փաստաթուղթը: Այսինքն` ուզում է ասել, որ այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ կա համախոհություն, եկեք նստենք, գրենք: Պարզ է, որ դա ընդունելի չէ, որովհետև խախտվում է ամբողջ տրամաբանությունը: Իսկ բանակցությունների տրաբանությունը հետևյալն է (այս մասին խոսել են ամերիկացի նախկին համանախագահները), որ թեև կան տարբեր խնդիրներ, և այդ տարբեր խնդիրների մասին չես կարող միաժամանակ խոսել, ուրեմն, երբ խոսվում է, և կողմերն ինչ-որ հարցի շուրջ հասնում են համախոհության, դա չի կարելի համարել համաձայնություն այնքան ժամանակ, քանի դեռ չկա համաձայնություն բոլոր խնդիրների շուրջ:

– Իսկ որքանո՞վ եք համարժեք համարում Հայաստանի արտգործնախարար Է. Նալբանդյանի մեկնաբանությունն Ուորլիքի հայտարարության առնչությամբ:

– Կարծում եմ` մի քանի կետերի վրա ավելի շեշտ պետք է դներ: Օրինակ, այդ իմաստով ԼՂՀ արտգործնախարարության հայտարարությունը բավական համարժեք և կտրուկ էր: Իհարկե, արտգործնախարարը ճիշտ է արել, որ շեշտել է որոշ կետեր, հատկապես ԼՂՀ-ի մասնակցության բաժինը, բայց կարելի էր որոշ այլ կետեր ավելի հստակեցնել:

– Համաձայն չե՞ք, որ Հայաստանը հստակ չի ձևակերպել, թե որն է իր ռազմավարությունը ԼՂ հարցում: Այսինքն` Հայաստանի իշխանություններն իրենց մեկնաբանություններում ցույց են տալիս, որ մենք համաձայն ենք առաջարկվող կետերի շուրջ բանակցելուն, մենք շատ կառուցողական ենք, իսկ Ադրբեջանը մշտապես յուրովի է մեկնաբանում այդ սկզբունքները, և տապալում է բանակցությունները: Բայց երբ նայում ենք, օրինակ, Մամեդյարովի վերջին մեկնաբանություններին, մի փոքր այլ տպավորություն է ստեղծվում: Եթե մի օր Ադրբեջանը հայտարարի` ես համաձայն եմ առաջարկվող կետերին, ի՞նչ է անելու հայկական կողմը:

– Դա, իհարկե, պիտի Հայաստանի իշխանություններին հարցնեք: Ես համաձայն չեմ, որ Ադրբեջանն ավելի կառուցողական է: Ադրբեջանն այնքան է զգում, որ ինքն է մեղավոր հարցի չկարգավորված լինելու համար, որ նույնիսկ այդպիսի անհեթեթ բաների մասին է սկսում խոսել: Ասացի` նրանք հայտարարում են, թե` եկեք վերջնական փաստաթուղթ պատրաստենք` պարզապես այն նպատակով, որ հայկական կողմն ասի` ոչ: Բայց դա իրենց կողմից արդեն խախտում է: Ինչ վերաբերում է նրան, որ հայկական կողմը չունի հստակ ռազմավարություն, ինչ-որ իմաստով ճիշտ եք: Հետևյալ բացատրությունը տամ. Հայաստանի ռազմավարությունը կարևոր չափով հիմնված է այն ենթադրության վրա, որ մեկ է` Ալիևը մերժելու է: Եվ ուրեմն, եթե հանկարծ ինչ-որ հեղաշրջում լինի, Ալիևին փոխեն (ոչ թե Ալիևի տեսակետը փոխվի), և գա մեկն ու ասի, որ` էս բոլորին էլ համաձայն եմ, եկեք վերջնական փաստաթուղթը մշակենք, այդ դեպքում կարող են հարցեր ծագել: Դրա համար հայկական կողմը պետք է ավելի հստակ հրապարակի իր կեցվածքը: Եթե նույնիսկ այդ մասին հստակ խոսվել է բանակցությունների սեղանի շուրջ, ճիշտ եք, որ հրապարակված չէ: Թեև միշտ պետք է զգույշ լինենք, քանի որ, ի վերջո, բանակցություններ են, և եթե բանակցություններից դուրս սկսես խոսել, թե ինչ ես տալու, դա կհանգեցնի նրան, որ դու ինչ-որ բան տալիս ես հենց այնպես, ոչ թե` որպես բանակցությունների արդյունք:

– Իսկ ո՞րն է այս փաստաթղթի այլընտրանքը` Դաշնակցության կարծիքով:

– Մեր մոտեցումը հետևյալն է, որ կարգավորման միակ միջոցը բանակցությունները չեն: Մենք տեսել ենք, որ եղել են նաև նախադեպեր, օրինակ` Կոսովոն, երբ միջազգային համայնքն ինչ-որ պահի հայտարարեց, թե չի տեսնում հնարավորություն, որ կողմերը կփոխեն իրենց տեսակետները, ուրեմն իրենք` որպես միջազգային համայնք, պետք է միջամտեն և փոխեն իրավիճակը: Իսկ ինչպե՞ս է փոխվում իրավիճակը, անկախությունը ճանաչելով: Ուրեմն դա հնարավորություն է: Այնպես չէ, որ դա միայն Կոսովոյին է վերաբերում: Միջազգային իրավունքում չկա նման բան, որ սուբյեկտն ինքը, այս դեպքում` Կոսովոն, ասի, որ` գիտեք ինչ, սա միայն ինձ է վերաբերում, ուրիշ մեկը չի կարող այսպիսի բան անել: Այլընտրանքն այն է, որ եթե Ադրբեջանը պատրաստ չէ ինչ-որ համաձայնության գալ, չի կարելի հարյուր տարի բանակցել, անհրաժեշտ է միաժամանակ աշխատանքը կենտրոնացնել ԼՂՀ-ի անկախության ճանաչման վրա, որի ուղղությամբ բոլորս էլ պետք է աշխատենք: Բոլորս ասելով` նկատի ունեմ և՛ ԼՂՀ-ն, և՛ ՀՀ-ն, և՛ քաղաքական բոլոր ուժերը: Ես չեմ ասում, որ բանակցությունները պետք է դադարեցնել, ասում եմ, որ միաժամանակ այդ ուղղությամբ էլ պետք է աշխատել, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ չի կարող ձգձգել այս բանակցությունները` իր քմահաճույքին համաձայն:

ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ

Տպել Տպել