Խոսքը համակարգային խնդիրների մասին է

Ինչ ունի Արծվիկ Մինասյանը Արթուր Ջավադյանի դեմ

Արծվիկ«Ես իմ խոսքում որեւէ կերպ չեմ արժեզրկել թե Արթուր Ջավադյանին, թե ԿԲ այլ պրոֆեսիոնալների մասնագիտական փորձն ու ունակությունը։ Ավելին՝ նույն Արթուր Ջավադյանը ոչ միայն հրաշալի մարդ է, այլեւ տարիների ընթացքում իր ձեռք բերած փորձն ու գիտելիքները կարող է հրաշալի օգտագործել։ Առաջիկայում դեռ առիթ կլինի, ու կարծում եմ՝ երկխոսության մեջ կհասնենք ճշմարտության բացահայտմանը։ Նաեւ՝ շնորհավորում եմ Արթուր Ջավադյանին», – «Առավոտի» հարցին՝ ի՞նչ ունեք Արթուր Ջավադյանի դեմ, այսպես արձագանքեց ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Բանն այն է, որ նախօրեին ԿԲ-ի հաշվետվության ներկայացման եւ ԿԲ նախագահի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավորն իր ելույթում հակադարձելով Արթուր Ջավադյանին՝ ասել էր, որ կուտակային կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը հնարավոր չէ վերականգնել, քանի որ ՍԴ-ն այն հակասահմանադրական է ճանաչել։ «Ինչո՞ւ եք անընդհատ այստեղից պնդում, որ պարտադիր բաղադրիչը պետք է լինի, եւ ցանկացած փաստաթուղթ, որն իր մեջ կպարունակի նման արտահայտություն, նշանակում է գնալ հակառակ ՍԴ որոշման, ինչո՞ւ եք նորից կրքեր լարում, չի կարելի», – ասել էր Արծվիկ Մինասյանը։ Պատգամավորի կրքոտ դիտարկումները, մեր տեղեկություններով, վիրավորել են ԿԲ նախագահին, եւ վերջինս «մեսիջներ» է փոխանցել պատգամավորին՝ իրեն ուղղված անձնական հանդիմանանքի համար։

«Առավոտ»-ի դիտարկմանն արձագանքելով՝ ՀՅԴ-ական պատգամավորն ասաց, որ իր դիտարկումներն անձնական հարթությունում չեն, ինքը խոսել է համակարգային խնդիրների մասին. «ԿԲ-ն այսօրվա իր սահմանադրական կարգավիճակով եւ օրենքներով տրված լիազորություններով չի կարող ապահովել երկրի տնտեսական զարգացումը, եւ երբ այսօրվա մեր տնտեսությունը սնուցում է բանկային համակարգը, պատճառներից մեկն էլ այն է, որ ստեղծել ենք «հրեշ» Կենտրոնական բանկ, որն իր մեջ լիազորություններն իրականացնում է Սահմանադրությամբ ամրագրված ընդամենը մեկ խնդրի լուծման` գների կայունության, ապահովման համար` անտեսելով մնացած ամեն ինչ: Ու քանի որ սա իր առջեւ դրված սահմանադրական խնդիր է, ստացվում է, որ ԿԲ-ն այս խնդիրն էլ չի կարողանում լուծել, որովհետեւ գների աճը շատ քիչ է կապված փողի առաջարկից եւ պահանջարկից: Առավելապես կախված է տնտեսության ստվերայնությունից, ոչ նորմալ տնտեսական հարաբերություններից, հարկային եւ մաքսային հարաբերություններից: Այսինքն` այստեղ մեռք համակարգային խնդիր ունենք»:

Ի դեպ, երեկ «պարտադիրի» առիթով վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում հայտարարեց` «պետք է անենք այնպես, որ լինի պարտադիր, բայց ոչ պարտադրված»: Ինչ է նշանակում սա: «Չգիտեմ թե այդ ձեւակերպումն ինչ է նշանակում: Ակնկալում եմ, որ պարոն վարչապետը պետք է ավելի լիարժեք ներկայացնի: Ինձ համար սարսափելի անակնկալ է, երբ ծրագրում տեղ է գտնում «պարտադիր կուտակային համակարգ» արտահայտությունը: Ցանկացած փորձ, առաջարկ կամ պնդում, որ պարտադիրը պետք է գործի` հակասահմանադրական է: Պետք է հրաժարվել այդ բառակապակցությունից, նստել սեղանի շուրջ, ընդունել սկզբունքներ, թե ինչի շրջանակներում պետք է բարեփոխումներն իրականացվեն, եւ առաջ գնալ: Անընդհատ պնդել, կառավարության ծրագրում էլ ամրագրել` նշանակում է նորից հանգել պատային վիճակի ու առերեսվել մեծ ընդվզման հետ: Իսկ դա ոչ միայն ներկայիս կառավարությանը, այլեւ մեզ բոլորիս ձեռնտու չէ»:

Ն. Գրիգորյան

aravot.am

Տպել Տպել