Ե՞րբ է իրական հաշվառում կատարվելու

Այսօր ԱԺ նիստում, երբ կառավարությունը ԱԺ հավանությանն էր ներկայացրել իր ծրագիրը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց վարչապետին

Աղվան«Պարոն վարչապետ, կառավարությունն իր հսկայական պատասխանատվությամբ, եթե հաջողի, դուք գիտեք, մենք ուրախ կլինենք, բայց մեր գնահատականը արդյունքներով է պայմանավորված լինելու:

Առաջին հարցը վերաբերում է Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ծրագրում այդ մասին դրույթներ կան, բայց պետության սուղ միջոցներով մենք մինչև այսօր չենք կարողացել այդ հարցը լուծել, և սոցիալական, և բարոյահոգեբանական տեսանկյունից: Նոր կառավարությունն արդյոք մտադիր չէ՞ իրական հաշվառում կատարել, թե ովքեր են մասնակցել ազատամարտին: Շուշիի ազատագրմանը մասնակցել է մոտ հազար մարդ, բայց չորս հազար մարդ մեդալ է ստացել Շուշիի ազատագրման համար: Եթե արվի իրական հաշվառում, եթե իհարկե շատ ուշ չէ, ապա այդ սուղ միջոցները հնարավոր կլինի ավելի արդյունավետ օգտագործել :

Երկրորդ հարցը, նոր կառավարության համար կենսաթոշակային բարեփոխման նպատակը ո՞րն է, սա սոցիալակա՞ն ոլորտի բարեփոխում է, թե՞ ֆինանսական: Ինչու եմ դա հարցնում, կառավարության ծրագրի սոցիալական պաշտպանության բաժնում բարեփոխման մասին գրված չէ, սակայն ֆինանսական միջնորդության բաժնում գրված է. «Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը նպաստում է խնայողությունների ավելացմանը, առավել երկարաժակետ ֆինանսական ռեսուրսների ստեղծմանը և ներդումների հարցում երկրի ֆինանսնական համակարգի դերի մեծացմանը»: Այսինքն սա զուտ ֆինանսական խնդրի նպատակ է, թոշկների մասին այստեղ որևէ հարց չկա:

Եվ երրորդ հարցը, արդեն թևավոր խոսքի է վերածվել. Ձեր այն արտահայտությունը` պարտադիր, բայց ոչ պարտադրված՝ ինչու՞ այդ արտահայտությունը չեք դրել այս նույն կետում, բացատրեք խնդրում ենք, այս խոսքի տրամաբանությունը, իմաստը, բովանդակությունը:

Եվ չորրորդ հարցը, մեր խնդրների մեծ մասը նրանից է, որ մենք մի բան ասում ենք, մի բան հայտարարում ենք, բայց այլ բան անում ենք,ինձ հետաքրքիր է ձեր անձնական վերաբերմունքը, երեկ Ձեր ներկայությամբ եղավ մի քվեարկություն՝ իրավունք- պարտավորություն բառերի վրա խաղալով, մենք քվեարկեցինք ու անցավ: Եթե մենք այսպես ենք շարունակելու, վստահության խնդրը դառնալու է ամենամեծ խնդիրը»:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանելով հարցերին նախ նշեց, որ ԱԺ քվեարկությունների հետ ինքն այլեւ կապ չունի եւ որ պատգամավորների խնդիրն է իր կամքը ազատ արտահայտելու մեջ: «Ինչ վերաբերում է Արցախի ազատամարտի մասնակիցներին, հաշվառման մասով, Ձեր հետ համաձայն եմ, պետք է ունենանք հստակ հաշվառում:

Հաշվի կառնենք Ձեր առաջարկը: Կուտակային բարեփոխման հետ կապված, դա սոցիալական բարեփոխում է, այլ որ ֆինանսական: Ի՞նչ է նշանակում պարտադիր, բայց ոչ պարտադրված, դա նշանակում է, որ մենք անելու ենք ամեն ինչ, որ մեր քաղաքացիների մոտ սոցիալական լուրջ խնդիր չառաջանա: Ձեր հարցի պատասխանը լինելու է այն փաթեթը, որը կբերվի խորհրդարան, մեր բոլորի նպատակն է ունենալ այնպիսի օրենք, որը կբխի բոլորի շահերից և հաշվի կառնի քաղաքական ուժերի ու քաղաքացիական նախաձեռնությունների առաջարկները: Դա շատ կարևոր բարեփոխում է, թե ինչ ձևով անցկացվի, մի քիչ համբերենք, հունիս ամսին կբերենք այն ԱԺ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Տպել Տպել