ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ արգելապատնեշներ չեն կարող դրվել

Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում նշված մի քանի կետեր առնվազն նշանակում են, որ Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական ուժերը ճիշտ տեղեկացված չեն Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միանալու` վերջնական բոլոր հարցերի հնարավոր լուծումների մասին, և մինչեւ Հայաստանի իշխանությունները բացատրություններ չտան նաեւ երեկ ձեռնարկվածի վերաբերյալ, դժվար կլինի հստակ գնահատական տալ.

աղվանyerkir.am-ին այսօր ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

ՀՅԴ պատգամավորը ՀՀ նախագահի ելույթից ընդգծեց երեք կարեւոր կետեր. նախ` Աստանայում ՀՀ նախագահը նշեց, որ Հայաստանը շահագրգռված է շուտափույթ ստորագրել պայմանագիրը, քանի որ ճանապարհային քարտեզը ենթադրում է ներգրավվածություն արդեն 2015 թվականի հունվարի 1-ից, եւ այդ նշակետը ե’ւ մեր գործարարների, ե’ւ մեր հասարակության կողմից արդեն արձանագրված է, ու մարդիկ պետք է ստանան իրենց հուզող բոլոր հարցերի պատասխանները:

Երկրորդ` դեռ այս ժամանակահատվածում` մինչեւ հունվարի 1-ը, անհրաժեշտ է մոտ 200 փոփոխություն, ինչը ժամանակ է ենթադրում: Եվ երրորդ` մնացել է 2-3 հարց, որոնց վերաբերյալ, համենայն դեպս, երեկ հանրապետության նախագահն ասում էր, թե հնարավոր է համաձայնեցնել` փոխընդունելի որոշումներ գտնել բոլոր կողմերի համար:

Աղվան Վարդանյանը նշեց, որ բոլոր դեպքերում ՀՅԴ-ի համար ակնհայտ է մեկ բան` Հայաստանի` այլ կառուցներին միանալը չի կարող որեւէ կերպ փոխել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միասնական տնտեսական տարածքի այսօրվա իրավիճակը, եւ չեն կարող ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ ինչ-որ արգելապատնեշներ դրվել: «Սա պետք է շատ հստակ ասեն Հայաստանի իշխանությունները, եւ մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ ՄՄ-ին եւ այլնին միանալը որեւէ կերպ չի փոխելու միասնական տնտեսական տարածքի առկա իրավիճակը»,- նշեց ՀՅԴ խմբակցության քարտուղարը:

Իսկ Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի երեկվա նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` գուցե անակնկալ, գուցե վերջին պահին արված հայտարարությունը` Ալիեւի անունից, միշտ էլ պետք էր ենթադրել: «Չէ՞ որ չափազանց կարեւոր է, որ մենք կարողանանք մեր շահերը պաշտպանել, եւ ցանկացած բազմակողմ պայմանագրի դեպքում էլ Հայաստանը պետք է կարողանա իր եւ Արցախի շահերը միշտ եւ մինչեւ վերջ պաշտպանել»,- ասաց ՀՅԴ-ական պատգամավորը:

Անդրադառնալով Նազարբաեւի բերած «փաստարկներին»` նա նշեց, որ այդ մասին արդեն խոսվել է, այդ հիմնավորումները, բնականաբար, հող չունեն` ԱՀԿ-ին միանալը որեւէ կերպ չի անդրադարձել Հայաստան-Արցախ միասնական տնտեսական տարածքի վրա, եւ որեւէ սահմանափակում այդտեղ չի մտցվել: «Այլ բան է, որ այս մասին հիմա բարձրաձայնվում է Աստանայում` Նազարբաեւի կողմից, բայց ես կարծում եմ, որ մեր իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որ ակնհայտ հստակ լինի` որեւէ բաժանում Հայաստանի եւ ԼՂՀ-ի միջեւ չի կարող լինել»,- եզրափակեց Աղվան Վարդանյանը:

yerkir.am

Տպել Տպել