Խորհրդարանի դիմաց ակցիա անցկացնող «Դեմ եմ»-ի ակտիվիստներին մոտեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նախաձեռնության անդամները նրան ծափահարեցին՝ հորդորելով. «Հանկարծ Ձեր դուխը չկոտրեք»: 
Նախաձեռնության անդամների հետ զրուցելիս պատգամավորը նկատեց ՝ չի բացառվում, որ նոր պրոցես սկսեն ՝ նույն Սահմանադրական դատարանով և այլ ակցիաներով: Ի պատասխան՝ նախաձեռնության անդամներն ասացին. «Տգետներին պետք է հասկացնել, որ տգետ են, պետք է դաստիարակել, այլ ձև չկա»: Ա. Մինասյանը համակարծիք էր:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին՝ այս զարգացումներից հետո ի՞նչ քայլեր է իրականացնելու խորհրդարանական քառյակը, Ա. Մինասյանը պատասխանեց՝ մյուս շաբաթ կքննարկեն «Դեմ եմ»-ի հետ. «Քառյակն առանց «Դեմ եմ»-ի ոչինչ չի կարողանա անել, ռազմավարական գործողությունները նախաձեռնության հետ են համաձայնեցվելու»:
«Առաջին լրատվական»-ը հետաքրքրվեց նաև՝ արդյոք կուտակայինի մասին նոր օրենքը հակասահմանադրակա՞ն է՝ հաշվի առնելով նաև այն, որ ըստ ՍԴ որոշման ՝ նոր օրենքը պիտի բերվեր սեպտեմբերին. «Այստեղ անտեսվում են ՍԴ որոշման բոլոր պահանջները՝ բացառությամբ մի քանի տեխնիկական դրվագների: Էն, ինչ արեցին, արեցին առանց պահպանելու իրավունքի որևէ սկզբունք, նաև՝ առանց տարրական մարդկային հարգանքի»,- ընդգծեց ԱԺ պատգամավորը՝ եզրափակելով, որ օրենքի դեմ պայքարելը սկզբունքի, արժանապատվության հարց է:
1in.am
Հանկարծ ձեր դուխը չկոտրեք. «Դեմ եմ»-ը ծափահարություններով դիմավորեց Արծվիկ Մինասյանին
ԱԺ-ում այսօր՝ հունիսի 21-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի դեմ իրենց բողոքը հայտնելու եկած «Դեմ եմ» նախաձեռնության անդամները ԱԺ-ից դուրս եկող ՀՀԿ-ական պատգամավորներին դիմավորեցին «դավաճան», «ամոթ», «ձրիակեր», «տղամարդ եղեք», բղավոցներով ու սուլոցներով, իսկ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին՝ ծափահարություններով:
«Հանկարծ ձեր դուխը չկոտրեք, դրսից պարզ երեւում ա, թե ով ով ա»,- Արծվիկ Մինասյանին ասացին ակտիվիստները:

«Դուք ո՞վ եք, գիշերները քնում ե՞ք: Հանգի՞ստ եք քնում», – ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանին հարցրին ակտիվիստները: Նա հեռացավ՝ առանց որեւէ բան ասելու:
ՀՀԿ-ական պատգամավորների դուրս գալու ժամանակ «Դեմ եմ»-ի անդամները փուչիկներ պայթեցրին: Նշենք, որ նրանք նարնջագույն փուչիկներ էին բերել ԱԺ-ի մոտ՝ ասելով, որ դրանք օրինագծին կողմ քվեարկած պատգամավորներն են:
Ակտիվիստները նաեւ սուլում էին այն մեքենաների հետեւից, որոնք դուրս էին գալիս ԱԺ-ից:
news.am







