Հայաստանը պետք է կոշտ քայլերի դիմի


Ադրբեջանը, ԵԱՀԿ շրջանակներից բանակցությունները դուրս բերելու իր ձգտմամբ, բոլոր սահմաններն անցել է: Այդ մասին ապրիլի 8-ի մամլո ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` նշելով, որ չի խանգարի, եթե Լեռնային Ղարաբաղի ճանաչման եւ նրա հետ ռազմական համաձայնագրի կնքման ուղղությամբ քայլ կատարվի հենց հիմա: Ըստ նրա` Հայաստանը գործնականորեն ճանաչել է Լեռնային Ղարաբաղը: Առաջին տարին չէ, որ կնքվում եւ գործում են միջպետական համաձայնագրեր, Հայաստանը Ղարաբաղին վարկեր է տրամադրում եւ այլն:

Նա նշեց, որ եկել է ժամանակը Ադրբեջանին ցույց տալու, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի դուրս բերմանն ուղղված իր գործողությունների շարունակման դեպքում Հայաստանը կարող է դիմել ավելի կոշտ քայլերի, եւ այդ ժամանակ Ադրբեջանը ստիպված կլինի բանակցություններ վարել ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղի հետ:

Կիրո Մանոյանը համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Հայաստանը չի նահանջի Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում իր դիրքերից:

Ինչ վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգում Հայոց Ցեղասպանության ճանաչման 106-րդ բանաձեւի ընդգրկման հնարավորությանը, ապա Կիրո Մանոյանը նշեց, որ այդ հարցը միշտ եղել է օրակարգում, եւ լոբբիստները սպասում են միայն հարմար պահի, որպեսզի բանաձեւը դնեն քվեարկության:

Ըստ նրա` հաշվի առնելով ԱՄՆ դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուների սկզբունքային դիրքորոշումը Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում, հնարավոր է, որ մոտ ժամանակներս կոնգրեսականները կրկին վերադառնան փաստաթղթի քննարկմանը:

Կիրո Մանոյանը բարձր գնահատեց Կնեսետի պատգամավորների դիրքորոշումը` հանձնաժողովներից մեկում քննարկել Ցեղասպանության ճանաչման հարցը: Ըստ նրա` Իսրայելի հասարակության մեջ դրական կարծիք կա այդ փաստի ճանաչման առնչությամբ:

Տպել Տպել