Գործող Սահմանադրությունն ունի լուրջ բարեփոխման անհրաժեշտություն

sahmanadrԿարևորում ենք սահմանադրական այն փոփոխությունները, որոնք կհանգեցնեն խորհրդարանական կառավարման համակարգին

Այսօր ՀՅ Դաշնակցությունը, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ համատեղ, հրավիրել էր քննարկում սահմանադրական փոփոխությունների ընթացքի մասին, որին հրավիրված էին ՀՅԴ քաղաքական գործիչներ, փորձագետներ:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ շահագրգռված է եղել սահմանադրական փոփոխություններով, որովհետև համարում է, որ դրանք անհրաժեշտ են, եթե բավարարում են մի շարք կարևոր պայմանների: «Մենք համարում ենք, որ գործող Սահմանադրությունն ունի լուրջ բարեփոխման անհրաժեշտություն, այն պետք է բարեփոխվի, որ ունենանք սահմանադրական կարգ, ստեղծենք համապատասխան իրավական դաշտ, որով էլ կլուծվեն մի շարք կարևոր հարցեր՝ արդեն Սահմանադրության օգնությամբ: Սահմանադրությունը ոչ թե պասիվ, այլ ակտիվ փաստաթուղթ է, որը պետք է կյանքի կոչվի ու իրականացվի»,- ասաց Արմեն Ռուստամյան՝ՙ հավելելով, որ սահմանադրական բարեփոխումները լուրջ քայլ են իշխանության մեջ բալանսավորում ապահովելու համար, խորհրդարանի դերի բարձրացման համար:

Նա շեշտեց, որ Դաշնակցությունը կարևորում է հատկապես կառավարման համակարգի փոփոխությունը, որով էլ պայմանավորված կլինեն շատ խորքային փոփոխություններ:

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ այսօր խնդիր կա՝ փոխելու կառավարման համակարգը դեպի խորհրդարանական կառավարում, իշխանության հավասարակշռում, իշխանության ապակենտրոնացում և իշխանության թևերի միջև զսպման ու հակակշիռների մեխանիզմների ապահովում: «Քանի դեռ պատրաստ չէ սահմանադրական փոփոխությունների վերջնական նախագիծը, մենք պետք է կարողանանք մեր մոտեցումները համադրել ու հանգել փոխըմբռնելի տարբերակի: Սահմանադրական փոփոխությունները իմաստ կունենան, եթե դրանք բերեն խորհրդարանական կառավարման համակարգի: Խորհրդարանական կառավարման համակարգը նույնպես բազմաթիվ ձևեր ունի, և պետք է ընտրել այն տարբերակը, որը կհամապատասխանի Հայաստանին»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Գագիկ Հարությունյանն իր ելույթում շեշտեց, որ պետք է տարբերել «սահմանադրության զարգացում», «սահմանադրական փոփոխություն» և «սահմանադրական բարեփոխում» հասկացությունները, որովհետև շատ հաճախ այդ հասկացությունները մարդիկ շփոթում են միմյանց հետ: Սահմանադրական փոփոխությունների կարևորությունը ցույց տալու համար նա այն համեմատեց հիվանդ մարդուն անմիջապես վիրաբույժի մոտ ուղարկելու հետ:Fotor0718210411

«Սահմանադրական փոփոխությունները միշտ էլ ցավագին են ընդունվում, որովհետև իրականացվում է «վիրահատական միջամտություն», և բացի այդ, գործ ունենք իրավաքաղաքական գործընթացների հետ: Եվ եթե հիվանդությունը մարդու մոտ խորանում է, ու նա գնում է վիրաբույժի մոտ, վիրաբույժը կարող է ասել` ուշացել ես, արդեն հնարավոր չէ բուժել վիրահատաության միջոցով: Ահա՝ ինչու, եթե սահմանադրական փոփոխությունները ուշանում են, դա կարող է հանգեցնել ահավոր հետևանքների: Մինչդեռ կան քաղաքական ուժեր, որոնք ասում են` եկեք այսինչ, այնինչ խնդիրները լուծենք, նոր անցնենք սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Գագիկ Հարությունյանը` հավելելով, որ սահմանադրական փոփոխությունները ինքնանպատակ չեն, և Հայաստանին պետք է ապրող Սահմանադրություն:

ՍԴ նախագահի խոսքով` շատերին ձեռք չի տալիս, որ սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, որովհետև դա նրանց կաղապարների մեջ կդնի. «Ինչու՞ համաձայնել կաղապարներին, եթե մինչ այժմ ինչ ուզել, այն էլ արել են»: Խոսելով սահմանադրական կարգի և կառավարման համակարգի համատեքստում սոցիալական ցնցումների ու հեղափոխությունների մասին՝ Գագիկ Հարությունյանը նշեց. «Մեզ մոտ եղավ Մարտի 1, եղան սոցիալ-քաղաքական այնպիսի հակասություններ, որոնք կարող էին հանգեցնել ցնցումների ու հեղափոխության, որովհետև եթե այդ կրիտիկական լարվածությունը կուտակվում է, ապա պայթյունը անխուսափելի է լինում: Այդ առումով պետության իմունային համակարգը պետք է ուժեղ լինի, որպեսզի ժամանակին հայտնաբերվեն այդ լարվածությունները, ու դրանք չվերաճեն ցնցումների: Կիսանախագահական կառավարման պայմաններում այն կոնֆլիկտագեն է, կարող է հանգեցնել սոցիալական ցնցումների, ուստի անհրաժեշտ են փոփոխություններ,- ասաց նա:

«Հեղափոխությունները առաջին հերթին հրապուրիչ են թվում, բայց մենք գտնվում ենք այնպիսի իրավիճակում, երբ դա կարող է սատանի խաղի վերածվել ու վատ հետևանքներ ունենալ: Ուզում եք հեղափոխությո՞ւն, դե գնացեք, արեք, Ուկրաինան էլ արեց, տեսնում ենք հետևանքները»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Նաև խոսվեց ընտրական համակարգի փոփոխության մասին: Նա նշեց, որ իր դիրքորոշումը հետևյալն է՝ կարևորը ձևը չէ, այլ բովանդակությունը, և ընտրությունները պետք է լինեն այնպիսին, որ լեգիտիմ ձևով ժողովուրդը կարողանա պատվիրակել իր ներկայացուցչին, և այդ պատվիրակումը չպետք է կեղծվի բոլոր առումներով, այն պետք է լինի թափանցիկ, հաշվետու՝ երաշխավորելով փոփոխելիությունը:

Տպել Տպել