Վտանգված է դպրոցի հեռանկարը


Լեզվի և հանրակրթության մասին ՀՀ օրենքներում փոխոխություններ կատարելու կառավարության նախագիծն իրապես լուրջ ընդվզում է առաջացրել, և դա շատ բացատրելի է ու տրամաբանական։ Տրամաբանական, որովհետև անդրադառնում է մեր հասարակության համար շատ զգայուն ու բացառիկ արժեք ունեցող երկու ոլորտի` լեզվին և հանրակրթությանը:Անառարկելի է, որ Աժ ներկայացվող օրենքների նախագծերը քաղաքական, սոցիալական և բարոյական հիմնավորում պիտի ունենան։ Ըստ նախագծի առաջին տարբերակի հիմնավորման՝ հիմնական շեշտը դրվում է կրթության ոլորտում միջազգային համագործակցության արդյունավետության բարձրացման և օտար լեզուների խորացված կամ օտար լեզվով կրթական ծրագրերի իրականացման վրա։ Սա հայտարարված հիմնավորումն է։ Խորհրդարանական գործունեության այս երեք տարիների ընթացքում հասկացել եմ, որ որևէ օրենք կամ նախագիծ պատահաբար չի հայտնվում խորհրդարանում: Բոլոր օրենքներն իրենց ետևում քաղաքական պատվեր ունեն՝ սպասարկում են այս կամ այն խմբի քաղաքական կամ տնտեսական շահերը:

Սա է իրականությունը: Այն, որ նախագիծը քաղաքական պատվեր է` հստակ է, իսկ կառավարության հիմնավորումները՝ մտացածին, որովհետև կրթության ոլորտի գործող օրենքների ու միջազգային մի շարք պայմանագրերի շրջանակում հայտարարված հիմնավորումը լուծելի է, ու «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքները փոխելու կարիք ամենևին էլ չկա։ Բայց վարչապետն ավելի անկեղծ է գտնվել և հայտարարել, որ այս նախագծով օրենսդրական հիմնավորում են տալիս գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Դիլիջանում արդեն իսկ կառուցվող միջազգային դպրոցի գոյությանը։ Այսպիսով, դարպասներ բացելով օտարալեզու դպրոցների առջև։ Բայց խնդիրը օտարալեզու դպրոցին չի վերաբերում, այլ մեր ազգային դպրոցի հեղինակության, կրթության որակի բաձրացմանը և իրապես մրցունակ կրթական համակարգի ձևավորմանը։ Ո՞վ չգիտե, որ կրթական համակարգը թաղված է կաշառակերության մեջ, որ դպրոցում ստացած պաշարով բուհ չեն ընդունվում:

Դպրոցին զուգահեռ կրկնուսույցի ինստիտուտն է բարգավաճում: Էլ չեմ խոսում, որ դպրոցն ու ուսուցիչները վերածվել են ընտրական տեխնոլոգիաների գործիքի։ Սրանք խնդիրներ են, որոնց տագնապով պիտի վերաբերվել ու փորձել շտկել։ Հասարակությունը մեզանից այս խնդիրների լուծումն է ուզում և ոչ թե փախուստ դեպի օտարալեզու դպրոցը։ Իսկ մեր կառավարությունը` փոխանակ կրթական համակարգը մրցունակ դարձնելու, լեզուն է մրցակցային գործիք դարձրել՝ ազգային լեզուն, ինչն անսակարկելի արժեք է և երբեք չի կարող մրցակցության գործիք դառնալ։ Անհերքելի է, որ օտար լեզուների իմացության մակարդակը բարձրացնելու խնդիր իսկապես ունենք։ Ուրեմն շատ ավելի արժեքավոր պիտի լիներ, եթե մեր կառավարությունը կրթության որակի բարձրացման, դպրոցի նորացման, լեզուների դասավանդման որակի և մեթոդների արդյունավետության մասին մտածեր։ Մեր հասարակությունը միայն մի սոցիալական պատվեր ունի՝ բարձրացնել ազգային կրթության որակը և կոռուպցիայի ճանկերից փրկել կրթական համակարգը:

Իսկ «Հանրակրթության մասին» գործող օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ կետը ամբողջությամբ թույլ է տալիս իրականացնել նախագծի հիմնավորումը։ Հիմնական դպրոցում հանրակրթական պետական չափորոշիչի 50% պահպանելու, իսկ ավագ դպրոցում՝ 30% պահպանելու դեպքում կրթական հաստատություններն ազատ են իրականացնելու այլ կրթական ծրագրեր։ Ուրեմն ինչու՞ ենք խաթարում «Լեզվի մասին» օրենքը, որն ամրագրել է հայերենը որպես կրթության լեզու։ Ի դեպ` նախագիծը նախատեսում է կառավարության որոշումով արտոնել միջազգային հաստատություններին այլընտրանքային, հեղինակային և փորձարարական ծրագրեր իրականացնող դպրոցներ հիմնել և օտար լեզվով ուսուցումը սկսել միջնակարգ կրթության երկրորդ աստիճանից` այսինքն 5-րդ դասարանից։ Նախ, կրթության ոլորտի որևէ օրենքով սահմանված չէ, թե որոնք են այլընտրանքային, հեղինակային և փորձարարական դպրոցները և ինչ չափորոշիչների են ենթակա կամ ծառայում։

Միթե՞ կարելի է այսպես թեթև վերաբերվել մեր հոգևոր անվտանգությանը: Ուր մնացին մեր ազգային անվտանգության ու լեզվաքաղաքականության հայեցակարգում ամրագրված ազգային դպրոցին վերապահված առաքելությունները։ Հինգերորդ դասարանի հայ երեխայի տեսակն ու ապագան ենք խեղում: Կրթական քաղաքականության պատասխանատուներն անկարող են հասկանալ, որ լեզուն ոչ միայն կեցությունն է, այլև համակարգ ու մտածողություն։ Մայրենիով հանրակրթություն չստացած հայը այլ արժեհամակարգ կրող է։ Դարձյալ առանց հիմնավորման, նախագիծն արձանագրում է 15 դպրոցների հանգամանքը։ Ո՞վ է այս թվաբանության պատվիրատուն, ի՞նչ ազդակներից է սնվել այս պատվերը։ Տարեկան միջինը 80 շրջանավարտ կունենա յուրաքանչյուր դպրոց: Բազմապատկենք 15-ով և կտեսնենք, թե քանի շրջանավարտ պիտի ունենանք: Սա հերթական բևեռացումն ու էլիտարությունն է բերելու մեր հասարակություն, որովհետև էլիտար գործիչների կամ կառավարողների բուծարանի պիտի վերածվի։

Դա նշանակում է՝ խաթարվում է նաև մեր լեզվական միջավայրը: Իսկ օտար կրթությամբ պետական պաշտոնյաներ ունենալը ի՞նչ է նշանակում, որ մեր պետական մտածողությունը լեզուն օտա՞ր պիտի լինի: Չի բացառվում, որ մի օր էլ երկրորդ պետական լեզվի հարց կծագի։ Ազգին ձուլելու ամենակարճ ճանապարհը լեզվամտածողությունը խաթարելն է, որովհետև լեզվական ընդհանրությունը նաև ազգային միասնականության բաղադրիչ է: Չեմ դադարում վիրավորվել ու զարմանալ՝ Անկախության 20-րդ տարում, Անկախության հռչակագրով ու Սահմանադրությամբ պաշտպանված մեր լեզուն, ազգային արժանապատվությունն ու պետականությունը նսեմացնող այս ի՞նչ հանգրվանի հասանք: Մի՞թե չի գիտակցվում այն պարզ ճշմարտությունը, որ լեզուն մեր ազգի ինքնության գոյատևման կարևորագույն երաշխիքն է, ինքնության ողնաշարն է. չկա լեզու, չկա ազգ: Խաթարում ու վտանգում են ազգային միասնականությունը, Երրորդ հանրապետության հեռանկարը: Այո՛, հանրապետության հեռանկարը՝ մանավանդ երբ խնդրին նայում ենք Հայաստանի դեմոգրաֆիական պատկերի համատեքստում։ Ի դեպ, միջազգային փորձը շարունակ վկայակոչող մեր կառավարությունը պետք է որ իմանա, որ Հունաստանում, Շվեդիայում կամ ասենք՝ Հոլանդիայում, օտարալեզու կամ միջազգային դպրոցներում տվյալ երկրի քաղաքացիները չեն սովորում։ Բացատրությունը մեկն է՝ ազգային դպրոցի արժանապատվություն ունեն ու սեփական ինքնությունը հարգելու քաղաքացիություն։ Իսկ մենք մեր սեփական խնդիրներն ու թերացումներն արձանագրելու և դրանք շտկելու փոխարեն ինչ-որ երկրորդական, կեղծ ու մոլորեցնող լուծումներ ենք փնտրում:

Իսկ եթե ամեն գնով պատվերը իրականացնելու մղում ունեն որոշ մարդիկ, ապա ուզեն թե չուզեն՝ հաշվի պիտի նստեն նաև հասարակության ընդվզումի հետ, որը «ոչ» է ասում օտարալեզու դպրոցին: Իսկ «ոչ»-ի բանակում են մտավորականությունը, ստեղծագործական միությունները, օրինագծին դեմ է Գիտությունների ազգային ակադեմիայի հումանիտար բաժանմունքը՝ արվեստի, լեզվի, պատմության և գրականության ինստիտուտները, նաև Հանրային խորհուրդը, պարզապես ազգի հեռանկարով տագնապող յուրաքանչյուր հայ։ «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքների նախագծերի շրջանառության մեջ հայտնվելը քաղաքական, սոցիալական և բարոյական որևէ հիմնավորում չունի, այն մարտահրավեր է մեր ազգային ինքնությանն ու նույնն է թե` ազգային անվտանգությանը:

Լիլիթ ԳԱԼՍՏՅԱՆ
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր

Տպել Տպել