Հրաչ Մուրադյանի սպանության մեղադրյալի վարկածը չի փոխվել

ՀրաչՊռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության գործով կալանավորված, ապա անցած տարվա դեկտեմբերին ազատ արձակված Արայիկ Պետրոսյանը շարունակում է մնալ մեղադրյալ, չնայած նրա վերաբերյալ նախաքննական մարմինը որեւէ գործողություն չի կատարում:

Այս մասին NEWS.am-ին ասաց Արայիկ Պետրոսյանի փաստաբան Նորայր Նորիկյանը:

«Արայիկ Պետրոսյանին ազատելու որոշման մեջ դատախազը սեւով սպիտակի վրա գրել էր, որ սպանության գործում Արայիկ Պետրոսյանի մասնակցությունն ապացուցված չէ եւ անհապաղ նրան ազատել կալանքից: Անտրամաբանական ու անհասկանալի է, որ այսքանից հետո նա շարունակում է մնալ մեղարյալ: Առհասարակ, անհասկանալի էր Արայիկ Պետրոսյանին այս քրեական գործի մեջ ներգրավվելը: Ամեն դեպքում, դեկտեմբերից առ այսօր որեւէ նորություն չկա, չնայած իմ պաշտպանյալը դեռ մեղադրյալ է»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ Արայիկ Պետրոսյանն ապրում է Պռոշյանում, աշխատում իր նախկին աշխատավայրում. «Միակ խնդիրն այն է, որ Արայիկն այսքան ամիս կորցրեց կալանավայրում, ինչպես նաեւ նման ծանր հանցագործության համար մեղադրանք կա վրան»:

Նշենք, որ 2013թ. ապրիլի 5-ին Արայիկ Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Սպանությունը, որը կատարվել է անձի կամ նրա մերձավորի՝ կապված այդ անձի կողմից իր ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը, որն էլ դեպտեմբերի 25-ին վերացվել էր եւ նա ազատ էր արձակվել:

news.am

Տպել Տպել