Նախ կատարել սահմանադրական փոփոխություններ

sahmanadrԱյսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշմանը` հիմնավորելով խորհրդարանական կառավարման համակարգին կողմնակից լինելու հայտարարությունները:

Նրա խոսքովՙ խորհրդարանական կառավարման համակարգի միջոցով հնարավոր կլինի ազատվել գերկենտրոնցված համակարգից, որովհետև ավելի դժվար է ընդդիմության համար պայքարել կենրոնացված, քան ապակենտրոնացված և հավասարակաշռված համակարգի դեմ: «Այնպես որ բոլոր առումներով թե քաղաքական, թե տակտիկական առումներոցվ, մեր մոտեցումն է՝ անցնել խորհրդարանական համակարգի, այն վաղուց հասունացած է և անհրաժեշտություն է »,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նրա համոզմամբ` խորհրդարանական կառավարման համակարգը թույլ չի տալու կայացնել փակ, գաղտնի որոշումներ, դրանք կլինեն հրապարակային և հավասարակշռված: Այն դիտարկմանը, թե սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ համընկնում են Դաշնակցության և ՀՀ նախագահի մոտեցումները, Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ երբ երկրում հնարավոր է լինում մի բան անել, միշտ էլ նպաստավոր դաշտ կարող է առաջանալ ոչ միայն ընդդիմության, այլ նաև իշխանության մեջ էլ կարող են հակված լինել դա անել: «Պատահական չեմ համարում, որ նախագահներն իրենց պաշտանավարման վերջին ժամկետում են համաձայնվում նման փոփոխություններ իրականացնել: Բոլորդ էլ նկատել եք, որ ովքեր համակարգի ներսում են, դժգոհում են այդ համակարգից, երբ հայտնվում են այդ համակարգի հարվածների ներքո: Բոլոր նախագահներն էլ դժգոհում են համակարգից, այդ ինչպես՞ է լինում, որ առաջին նախագահը դժգոհ է լինում երկրորդից ու երրորդից, երկրորդ նախագահը դժգոհ է լինում առաջինից ու երրորդից»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ քաղաքական հասունությունը պահանջում է երկիրը տանել այն ուղղությամբ, որից կշահի ժողովուրդը, ոչ թե վախենալ պայքարից ու հայտնվել անտրամաբանական իրավիճակում:

Արմեն Ռուստամյանի խոսքով` եթե քառյակը հայտարարի, որ դաշնակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ ընդունելի է, սակայն սահմանադրական փոփոխությունները պետք է անել հետո, ապա միանգամայն այլ իրավիճակ կառաջանա, սակայն քառյակը նման բան չի հայտարարել: «Մենք ասում ենք` եկեք նախագահական աթոռից հրաժարվենք հիմա` անելով այդ փոփոխությունները, սակայն նրանք ասում են, եկեք այդ փոփոխությունները իրականացնենք նախագահական ընտրություններից հետո, ինչը նշանակում է` թողեք մի քիչ մենք նստենք այդ աթոռին, հետո կանենք սահմանադրական փոփոխությունները»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Նա շեշտեց, որ չի տեսնում որևէ դիտավորություն քառյակի երեք ուժերի մոտեցումներում, պարզապես քաղաքական հասունությունը պահանջում է կայացնել այլ որոշում` սահմանադրական փոփոխությունների հետ կապված:

Տպել Տպել