Սենատում կքննվի Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների թեկնածուների հարցը

Հայ Դատը կոչ է ուղղել

Fotor0913223250ԱՄՆ Սենատի ուշադրության կենտրոնում եկող շաբաթ կլինեն Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: ԱՄՆ օրենսդիր մարմնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կքննի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածություններն` առաջադրված Նախագահ Բարաք Օբամայի կողմից: Հայ դատը կոչով դիմել է ամերիկացի սենատորներին՝ ուշադիր և մանրամասն քննել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուի հարցը:

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկուտայի թեկնածության առաջադրումն ԱՄՆ Սենատում հնարավորություն է ընձեռում Կոնգրեսին վերահսկել ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, որն ահագնորեն սրում է պատերազմական լարվածությունը տարածաշրջանում և ներքին ճնշումներն այլախոհների դեմ: Մենք ակնկալում ենք, որ Սեկուտայի թեկնածությունն ուշադիր և մանրամասն քննության կառնվի, ինչպես նաև` ողջունում Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսին ընձեռված հնարավորությունը` հանձնաժողովին ներկայացնելու Հայոց ցեղասպանության հայրուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների և ավելի լայն առումով` հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և ամրապնդման վերաբերյալ իր ծրագրերը»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նաև խրախուսել է տեղի հայությանը` նույն կոչով դիմել Կոնգրեսի իրենց ներկայացուցիչներին:

Տպել Տպել