Այսօր ԵԽԽՎ-ում աշխատելը գրեթե նույնն է, ինչ Միլի մեջլիսում

Fotor01009213135Օրերս ադրբեջանական կայքերը գրեցին, թե ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամներին վտարել են կառույցի նստաշրջանից: Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ հայ պատվիրակները դեմ են եղել «Լարվածության սրումը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի այլ օկուպացված տարածքներում» վերնագրով զեկույցին: Հայաստանի պատվիրակության անդամներ` ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը եւ ՀԱԿ պատգամավոր Լեւոն Զուրաբյանը վերադարձից հետո` արդեն հանրահավաքներում, հռչակեցին մեր արտաքին դիվանագիտության ձախողումն ու վախճանը: Իսկ թե կոնկրետ ի՞նչ է կատարվել, ոչ ոք չբացատրեց:

Yerkir.am-ը հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից փորձեց պարզել, թե, ի վերջո, ի՞նչ էր կատարվել, ի՞նչ բանաձեւի մասին է խոսքը: Նախ` անդրադառնալով մինչ այժմ հնչած տարաբնույթ հայտարարություններին և տեսակետներին` Ռուստամյանը նշեց, որ հիմնականում կարծիք են հայտնում մարդիկ, ովքեր բացարձակապես տեղյակ չեն հարցի էությանը և այն իրավիճակին, որն այսօր տիրում է Եվրոպայի խորհրդում:

Նա ափսոսանքով արձանագրեց, որ հայկական պատվիրակության որոշ անդամներ եւս տրվում են այդ ամենին: «Մենք պետք է հասկանանք, որ ինչպիսի տարաձայնություններ էլ ներսում ունենանք, դրսում պետք է աշխատենք մեկ թիմով, և ցանկացած հայտարարություն, որոնք թիմի մեջ պառակտումներ են առաջացնում, մեզ վնասելու են ոչ միայն այստեղ, այլ նաև Եվրոպայի խորհրդում: Պետք է իմանան, որ այն, ինչ այստեղ են հայտարարում, կարդում ու լսում են այնտեղ»,- ասաց Ռուստամյանը:

Իրավիճակը, որն առաջացել է Եվրոպական խորհրդում` կապված ԼՂ հարցի հետ, նոր չէ, և կապել դա միայն այսօրվա պատվիրակության կամ պատվիրակության ղեկավարի հետ, նրա կարծիքով, բացարձակապես անհիմն է և շեղում է այն ընդհանուր հարցից, որն այսօր գոյություն ունի և կանգնած է բոլորիս առաջ:

Ռուստամյանը ես մեկ անգամ շեշտեց, որ Ադրբեջանի հիմնական խնդիրը, Եվրախորհրդին անդամակցելու հետ կապված, եղել է այն, որ փոխի այդ կազմակերպության մոտեցումները, որովհետև սկզբից դրանք բարենպաստ չեն եղել Ադրբեջանի համար, ուզում է փոխել իրեն հատուկ մեթոդներով` այնպես, որ կարողանա ստանալ իր համար ընդունելի` Ղարաբաղի հարցով որևէ բանաձև: «ԵԽ-ում այսօր շատ մեծ ազդեցություն ունի ադրբեջանական լոբբին: Տարբեր գնահատականներով` 120-ից ավելի պատգամավորներ կան, որոնք գտնվում են Ադրբեջանի ազդեցության տակ և ուղղակի կատարում են պատվեր Բաքվից: Սրան իրենք հասել են բավականին հայտնի մեթոդներով` կաշառելով, անգամ` տարբեր պետությունների պարտքերն են մարում: Հսկայական գումարներ են ներդրվել այս գործի համար, և այսօր ունեն իրենց համար բարենպաստ իրավիճակ: Այդ պայմաններում մեղադրել հայկական պատվիրակությանը, որ չի կարողանում ինչ-որ բանաձև ընդունել, դա գրեթե նույնն է, ինչ մեղադրես հայ մարդուն, որ նա չի կարողանում բանաձև անցկացնել Միլի մեջլիսում: Եվ սրա մասին միայն մենք չենք խոսում: Այն, ինչ հիմա կատարում է Ադրբեջանը, երկու նպատակ ունի»,- ասաց Ռուստամյանը:

Առաջին նպատակը, ըստ նրա, Եվրոպայի խորհրդին շեղելն է այն խնդիրներից, որոնք այսօր գոյություն ունեն Ադրբեջանում, իսկ դրանք այսօր սաստկացել են, մանավանդ` այն պահից սկսած, երբ Ադրբեջանը դարձավ նախագահող երկիր: «Բնականաբար, այս ֆոնին մտածում են, որ Ղարաբաղի հետ կապված որևէ զեկույց արդեն իսկ կանխորոշված է, կանխորոշված է, թե այնտեղ ինչ է գրվելու: Անգամ եթե զեկուցողը ես լինեմ, եթե այնտեղ շատ անվնաս ու անվտանգ անվանում էլ զեկույցն ունենա, միևնույն է, ընթացակարգն այնպիսին է, որ վերջում ադրբեջանական պատվիրակությունը կկարողանա իր լոբբինգի միջոցով բերել 50-60 փոփոխություն, և այդ զեկույցից ոչինչ չմնա, այդ փոփոխություններով բանաձևն ամբողջությամբ շուռ տան իրենց օգտին, ինչը մենք տեսել ենք 14-16 բանաձևի ընթացքում: Ուրեմն` մենք ունենք իսկապես մի վիճակ, որ կանխորոշված է բանաձևերի ընդունումը հօգուտ Ադրբեջանի»,- նշեց Ռուստամյանը եւ հավելեց, որ Ադրբեջանն անգամ իր խնդիրները, կապված ժողովրդավարության հետ, չեզոքացնելու համար դրանք կապում է Ղարաբաղի հարցի հետ:

Մեր դիտարկմանը, որ պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը, ըստ մամուլի հրապարակումների, հարցը չի քննարկել պատվիրակության անդամների հետ, պատգամավորն արձագանքեց, որ հարցը բազմաթիվ անգամ է քննարկվել, և պատվիրակության ղեկավարը բոլորի հետ է քննարկել այն: «Ինձ հետ էլ է քննարկվել մանրամասն, և ես գոհ եմ այդ համագործակցությունից, քանի որ բոլոր տեսակի փաստարկները ստեղծված իրավիճակը քննարկելով է եղել, միանձնյա որոշում չի եղել: Ես հանգել եմ հետևյալ եզրակացությանը՝ քանի որ կանխորոշված է զեկույցը, բնականաբար, մի քիչ այս կողմ ու այն կողմ փոփոխելու մասին խոսակցություններն անիմաստ են, քանի որ էությունը չի փոխվելու դրանից: Նույն սխալը մենք արեցինք 14,16-ի ժամանակ, երբ կարծեցինք` կմտնենք, կփոխենք, անգամ երեք առաջարկություն բերեցինք, որ եթե դրանք ընդունվեին, ապա բանաձևը նորմալ բովանդակություն կունենար, բայց այն տապալվեց, քանի որ, ի վերջո, պարզ քվեարկությամբ են հարցերը որոշվում: Այս ամենն իմանալով և իմանալով նաև, որ լոբբինգի ուժը 2005-ից այս կողմ բազմապատկվել է` ես վստահ եմ, որ այդ բանաձևը լինելու է աննախադեպ հակահայկական, 14-16-ը դրա մոտ շատ ավելի մեղմ է երևալու»,- նշեց Ռուստամյանը:

Պատգամավորն առաջարկել է 4 հիմնական պատճառ՝ չմասնակցելու այս զեկույցի պատրաստման աշխատանքներին, որպեսզի հավելյալ լեգիտիմություն չհաղորդվի հնարավոր վերջնական բանաձևին: «Հենց սկզբից պետք է իրերը կոչենք իրենց անուններով»,- ասաց նա եւ հավելեց, որ իր մատնանշած 4 պատճառներից երկուսը օբյեկտիվ են, երկուսը՝ Ադրբեջանի լոբբինգի հետևանքով առաջացած:

Առաջին պատճառն այն է, որ ապահովված չէ Ղարաբաղի խնդրի քննարկման լիարժեքությունն ու ամբողջականությունը, ինչը հիմնարար պահանջներից մեկն է` ցանկացած քննարկում այդ կառույցում իրականացնելու պարագայում: Ի դեպ, դա տեղի է ունեցել բոլոր այն դեպքերում, երբ նման խնդիր է քննարկվել, օրինակ` Կոսովոյի, Հյուսիսային Կիպրոսի, Պաղեստինի, բոլոր այս դեպքերում բոլոր կողմերի մասնակցությունն ինչ-որ ձևով ապահովված է եղել: Ինչո՞ւ պետք է այդ առումով բացառություն կատարվի Ղարաբաղի հարցով, անհասկանալի է: Սա շատ կարևոր հարց է` եթե Ղարաբաղի մասնակցությունը չկա, Հայաստանն ինչո՞ւ է մասնակցում: Մեկընդմիշտ պետք է ամրագրել, որ ՀՀ-ն իրավունք չունի եւ չի կարող փոխարինել ԼՂՀ-ին: Ցանկացած նման գործընթացներում պետք է Ղարաբաղը մասնակցի, պետք է հաշվի նստեն, հարգեն հայկական կողմի այդ պահանջը և Լեռնային Ղարաբաղի` որպես հակամարտող կողմի, այդ իրավունքը պետք է հարգեն: Սա առաջին կարևոր պահանջն է, որ բավարարված չէ:

Երկրորդ կարևոր պահանջը` նրանք ասում են, որ այս պրոցեսը սկսվում է, քանի որ Մինսկի խումբը չի հաջողել: Բայց, մյուս կողմից էլ, բոլոր բանաձևերով հաստատում են, որ Եվրոպայի խորհուրդը չի փորձում փոխարինել Մինսկի խմբին և չի ուզում զուգահեռ ինչ-որ գործընթաց սկսել: Բայց այն, ինչ կատարվում է և ինչ կատարվում է Ադրբեջանի թելադրանքով ու պահանջով, հենց այդ էլ տեղի է ունենալու: Այսինքն` մենք չենք ապահովել, որ Եվրոպայի խորհուրդը չփոխարինի Մինսկի խմբին: Իսկ ի՞նչ է նշանակում չփոխարինել, նշանակում է` գլխավոր մի քանի հարցեր, որոնք այսօր քննարկման փաթեթի մեջ են, չպետք է քննարկվեն, որովհետև այդ մանդատը ԵԽԽՎ-ն չունի: Իսկ որոնք են այդ հարցերը` կարգավիճակ, տարածքների խնդիր, փախստականների վերադարձի հարց և ռեաբիլիտացիոն հարցեր: Սրանցից որևէ մեկը եթե արծարծվում է բանաձևի մեջ, նշանակում է` փոխարինում ես Մինսկի խմբին: «Ի վերջո, այսօր Եվրոպայի խորհուրդն իրավունք չունի մեզ նոր պարտավորություն ավելացնել, քան այն, ինչ ստացել ենք անդամակցության պահին, իսկ անդամակցության պահին մենք ստացել ենք պարզ պարտավորություն` հետևել, որ պրոցեսը մնա խաղաղ կարգավորման գործընթացի մեջ և ազդել Ղարաբաղի վրա, որ նույն խաղաղ գործընթացն իրականացվի»,- ասաց Ռուստամյանը:

Մյուս երկու պատճառներից մեկն էլ այն է, որ հնարավոր չէ ակնկալել անաչառ քննարկում, որտեղ այդքան մեծ է Ադրբեջանի լոբբինգի ազդեցությունը, որ ուղղակի իրենց ձեռնտու որոշումներ են պարտադրում: Սոցիալիստների խմբի նախագահն է անգամ հայտարարել, որ վիճակագրություն է անցկացրել եւ պարզել, որ բոլոր այն փաստաթղթերի տեքստերը, որոնք վերաբերել են Ադրբեջանին, վերջին պահին կամ սկզբից փոխել են հօգուտ Ադրբեջանի: «Բոլորի աչքի առաջ տեղի է ունենում մի պրոցես, որ Եվրոպայի խորհուրդն այսօր ամբողջությամբ սպասարկում է Ադրբեջանի շահերը: Եվ այդ պայմաններում այդ հարցի քննարկումը բացարձակապես անթույլատրելի է»,- ասաց Ռուստամյանը:

Եվ չորրորդ պատճառը` թե’ զեկուցողի նշանակումը, թե’ զեկույցի վերնագիրը կատարված է Ադրբեջանի թելադրանքով: Այսինքն` զեկույցի վերնագիրը հենված է Ադրբեջանի երկու առաջարկների վրա` Սուլեյմանովի առաջարկությամբ է վերնագրվել զեկույցը և պարոն Վոլտերի, ով պարզ է, որ Ադրբեջանի լոբբինգն է իրականացնում, և որի կինը թուրք է: «Այս ամենը Եվրոպայի խորհրդում բոլորը գիտեն, մեր հանրությունն էլ պետք է իմանա, որ կանխորոշված է ամեն ինչ: Արդեն վերնագրում ամեն ինչ ասված է, զեկույցի կարիք էլ չկա: Չորս պատճառներից յուրաքանչյուրն ինքնուրույն էլ բավական է, որ մենք ասենք` այս զեկույցի պատրաստմանը մենք չենք մասնակցում: Բայց չպետք է նաև սխալ ընկալում առաջանա, թե սրանով մենք խուսափում ենք այնտեղ աշխատանքից: Ասում են` չկա չարիք, առանց բարիքի, մենք պետք է զուգահեռ պրոցես իրականացնենք: Դրա համար եմ ասում` չարժե նման հարցերով պառակտել պատվիրակության` մեկ թիմ լինելու հանգամանքը, քանի որ առջևում մեզ լուրջ փորձություններ են սպասվում: Սա դիվանագիտական պատերազմ է, որը մեզ հայտարարել է Ադրբեջանը` օգտագործելով իր նավթադոլարները, և այս ամբողջը, բնականաբար, կամաց-կամաց հանգեցրել է նրան, որ Եվրոպայի խորհուրդը երկու մասի է բաժանված` մի մասը լրիվ պրոադրբեջանական, մյուսը ուզում է փրկել կազմակերպությունը Ադրբեջանի ազդեցությունից: Մեր աշխատանքը մյուս մասի հետ պետք է լինի, ովքեր հասկանում են, որ սա ոչ միայն Հայաստանի, այլ Եվրոպայի խորհրդի հեղինակության հարցն է: Եվ այս պատճառով մենք պետք է դաշտում մեծ աշխատանք սկսենք` ասելով` եթե դուք որոշել եք զբաղվել Ղարաբաղի հարցով, դրանով պետք է նախեւառաջ զբաղվի Ղարաբաղի հարցով ստեղծված մոնիթորինգի հանձնաժողովը: Մենք հենց դա էլ առաջարկեցինք, ինչը մերժվեց Ադրբեջանի թելադրանքով»,-ասաց Ռուստամյանը: Ուստի հայկական կողմի մոտեցումները, այցելելով հենց ԼՂՀ, այսուհետ պարտավոր են իրենց զեկույցներում ներառել Հայաստանի հարցով համազեկուցողները:

Նա պատմեց, որ երբ այս ամենը Հերմինե Նաղդալյանը ներկայացրել է, տիկին Բակոյանիսը, ով նույնպես ադրբեջական լոբբինգի ներկայացուցիչներից է և հանձնաժողովի նախագահը, թույլ չի չտվել, որ հայկական կողմի տեսակետը հնչի, իսկ այդ ամենը թույլ չի տրվել Սեիդովի պահանջով, ով ձեռքով հասկացրել է Բակոյանիսին` կտրի, դադարեցրու: Հանձնաժողովի նախագահն էլ դադարեցրել է է Նաղդալյանի ելույթը: Վերջինս շարունակել է խոսքը և ասել. «Ես ձեզ լուրջ բան եմ ասում, վերջապես մի անգամ պե՞տք է լսեք հայկական կողմի տեսակետը, որովհետև ընթացակարգ է խախտվում»:

Նաղդալյանը պահանջել է, որպեսզի հարցը դրվի քննարկման, որը կանոնակարգով նախատեսված է, այսինքն` պահանջել է լսել, հետո նոր դնել քվեարկության: Հետո նոր ստիպված Նաիրա Կարապետյանն է ձայն բարձրացրել, թե` դուք պարտավոր եք դնել քննարկման, և հարցը դնում են քննարկության, բայց չի անցնում, իհարկե: Հենց այդ ընթացքում էլ հնչում են սուլոցներ, որ թույլ չտան՝ Հայաստանի պատվիրակը խոսի, ինչը նույնպես պերճախոս վկայությունն է այն բանի, թե ինչ պայմաններում է սպասվում մեր հարցի քննարկումը գլխադասային այս հանձնաժողովում: Հետեւաբար եթե այս պայմանները չփոխվեն, մեզ սպասվում է զեկույց, որը գրվել է Բաքվում, բայց բրիտանացի պատգամավորի ձեւաթղթի վրա:

yerkir.am

Տպել Տպել