Ադրբեջանը պետք է պատժվի

կոնկրետ թիրախային գործողություններ պետք է իրականացվեն

աղվան5Ուղղաթիռի խոցումը նոր իրավիճակ է ստեղծում հարաբերություններում. մի բան պարզ է` սրանով Ադրբեջանը զրոյացրեց տևական ընդմիջումից հետո այս տարի նախագահների մակարդակով տեղի ունեցած երեք հանդիպումները: Կարծում եմ Հայաստանը պետք է վերանայի իր քաղաքականությունը, քանի որ մենք կորցրեցինք մեր ուղղաթիռի անձնակազմին` հրաշալի տղաներին և ակնհայտ է, որ այս ընթացքը շարունակել ուղղակի հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Այս մասին այսօր, նոյեմբերի 14-ին խորհրդարանական ճեպազրույցներում հայտարարել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Պատգամավորի խոսքով` Ադրբեջանը հետևողականորեն ապացուցում է, որ շարունակելու է սադրանքների լեզվով խոսել, այնպես որ ուղղաթիռի խոցումը պետք է ստիպի մեզ մտածել այն մասին, որ Ադրբեջանը պետք է պատժվի, կոնկրետ թիրախային գործողություններ պետք է իրականացվեն. «Քանի որ մինչև Ադրբեջանը չպատժվի` սա շարունակվելու է: Եվ երկրորդ` մենք պետք է կարողանանք Հայաստանը դարձնել մարդու երկիր և ոչ թե մեր հարևանի նման տոհմական անասունների»:

Անդրադառնալով նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղաթիռով Լեռնային Ղարաբաղ մեկնելու փաստին, որը տեղի ունեցավ Ադրբեջանի` ԼՂՀ օդային տարածքը փակ հայտարարելու ֆոնին, դաշնակցական Վարդանյանը նշել է. «Առաջին քայլը կարելի է համարել ՀՀ նախագահի ուղղաթիռով այցը Ղարաբաղ: Բայց սա միայն սիմվոլիկ նշանակություն ունի, իսկ սիմվոլիկ քայլերով սահմանափակվել չի կարելի: Մենք երեք տարի է խոսում ենք Ստեփանակերտի օդանավակայանի մասին և ահա հիմա Ադրբեջանը հայտարարում է ԼՂՀ օդային տարածքը փակելու մասին: Այս իմաստով շատ ավելիք ունի մեր քիչ գործունյա ԱԳՆ-ն»:

Խոսելով կառավարության ներկայացրած` 2015թ. բյուջեի փաստաթղթի մասին, կարծիք է հայտնել, որ դա հերթական, որևէ առաջընթաց չենթադրող բյուջե է:

Նրա խոսքով` Հանրապետական կուսակցության միանձնյա իշխանության տարիներին, միայն մեկ անգամ է բերվել հավակնոտ ու լուրջ բյուջեի փաստաթուղթ, որը, սակայն, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով «փառահեղ տապալում» է ունեցել, և դրանից հետո ամեն տարի ներկայացվել է գրեթե նույնական բյուջե: «Իրականում գոյատևման, ժամանակ ձգելու բյուջե է, և, ցավոք, կառավարությունը ոչինչ չի արել այս ամիսների ընթացքում` որակական նոր ցուցանիշներ ապահովելու համար: Միայն այն փաստը, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը մնում է նույն մակարդակի վրա, իրականում դա ոչ թե 23 է, այլ` 17, 5: Փաստորեն, ունենք այն ցուցանիշը, որը կար 2013-ի սկզբին: Դա նշանակում է, որ խոստումները` որակական ցուցանիշների և ստվերը կրճատելու առումով, ևս չեն արվել»,- ասել է Աղվան Վարդանյանը` հավելելով, որ այս բյուջեն չի լուծում Հայաստանի առաջ դրված կարևորագույն խնդիրը:

Պատգամավորի խոսքով` եթե ուշադրությամբ հետևենք Հանրապետական խմբակցության տեսակետին այս բյուջեի մասին, կտեսնենք, որ եթե նախորդ տարիներին հանրապետականները փորձում էին վստահ գնահատել, ապացուցել, որ լավ բյուջե է, ապա այս անգամ փորձում են մանրադիտակով ինչ-որ դրական բաներ գտնել բյուջեի մեջ ու ներկայացնել, ինչը խոսում է ընդհանուր մթնոլորտի մասին:

Տպել Տպել