Ձեռնպահ քվեարկելու փաստը պետք չէ վերածել մեծ խնդրի

աղվանԱյսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձեռնպահ քվեարկեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին, եթե, սովորաբար, Դաշնակցությունը միասնական է քվեարկում, ասաց. «Մենք նախապես գիտեինք, որ Աղվան Վարդանյանը անհատական խնդիր ուներ: Մենք ըմբռնումով մոտեցանք: Որևէ խնդիր չկա, մենք ներկայացրել ենք այդ հարցի հետ կապված` Դաշնակցության միասնական տեսակետը` մենք կողմ էինք այդ պայմանագրին: Սակայն Աղվան Վարդանյանի ձեռնպահ քվեարկելու փաստը պետք չէ վերածել մեծ խնդրի: Նա մտավորական մարդ է և ուներ իր մոտեցումները»:

Երեկ ԱԺ-ում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քվեարկության ժամանակ ՀՅԴ խմբակցությունը կողմ քվեարկեց, իսկ Աղվան Վարդանյանը` ձեռնպահ: Ավելի ուշ Աղվան Վարդանյանը նշել էր. «Կա օբյեկտիվ իրականություն, որից չես խուսափի: Մենք այս իրավիճակում, բնականաբար, այլընտրանքներ շատ չունեինք: Մյուս կողմից` կան նպատակներ, մտածողություն, կենսագրություն, աշխարհընկալում, և ես ծանրութեթև էի անում այս երկու բաները: Եվ քանի որ շատ դժվար էր նման իրավիճակում եզրակացության գալ, ես ձեռնպահ քվեարկեցի` նախապես խմբակցությանը տեղեկացնելով, որ ես անհատապես այդ դիրքորոշումն ունեմ»:

Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը կողմ է քվեարկել այդ պայմանագրին, քանի որ համարում է, որ ստեղծված իրավիճակում` այլընտրանքի բացակայության պայմաններում, Հայաստանը պետք է կարողանա ժամանակ շահել ու, շտկելով իր սխալները, անցնել առաջ:

Ըստ նրա` լինում են փորձություններ, որոնք պետք է կարողանալ հաղթահարել: Ստեղծած իրավիճակում` ունենք Ղարաբաղի խնդիր, պատերազմական վտանգ, բացի այդ` աշխարհը հայտնվել է աշխարհաքաղաքական նոր կատակլիզմների մեջ, մասնավորապես` սառը պատերազմի, երբ ընթանում է գերտերությունների պայքար` ազդեցության գոտիները բաժանելու համար, այլ բան չի մնում, քան կողմ լինել այդ ինտեգրմանը: «Ինչպես ասում են` թնդանոթները որոտում են, մուսաները լռում են: Սա հենց այդ դեպքն է, երբ պետք է սթափ գնահատել իրավիճակը և չտրվել լիրիկական զեղումների: Հասկանում եմ իմ գործընկերներին, որոնք ունեին մտահգություններ, բայց չեմ կարող ընդունել, որ դասեր են տալիս, այն էլ` Դաշնակցությանը, որն անցել է բազմաթիվ աշխարհաքաղաքական փոփոխությունների վայրիվերումներով ու տեսել է դրա հետևանքները: Հայտարարությունն արել եմ` այդ փորձն ունենալով»,- ասաց պատգամավորը:

Շարունակելով հիմնավորել Դաշնակցության տեսակետները` Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ առաջին հերթին կա ֆիզիկական գոյությունը պահելու խնդիր: Հայաստանն իրականում չկարողացավ եվրոպական գործընկերներին բացատրել, որ հարաբերական անդորրը պետք էր օգտագործել կայունության պակտ ստեղծելու համար, ինչին խոչընդոտում էին Ադրբեջանն ու Թուրքիան: «Ունենք այն, ինչ ունենք, և ֆիզիկական գոյության հարցը մեր գլխավոր հարցն է: Մի ասույթ կա` մեկն ասում է` պարտվեցինք, ու դրա համար հինգ պատճառ կար, առաջին պատճառը` որ փամփուշտ չունեինք, ասում են` դե մնացած պատճառները կարող ես չթվարկել: Հիմա մենք անվտանգությունը պրիմիտիվ չենք պատկերացնում, կա ռազմական, քաղաքական, տնտեսական, հոգևոր ու տեղեկատվական անվտանգություն, դրանցում կա գլխավոր ու երկրորդական անվտանգություն: Եթե ֆիզիկական գոյությունդ չկարողանաս ապահովել` ի՞նչ տնտեսական կամ այլ անվտանգության մասին է խոսքը: Հարցը այն է, որ պիտի տեսակը պահել, ժամանակ շահել, որ շտկենք մեր արած սխալները: Ժամանակը արդյունավետ չենք օգտագործել, այս փուլն այսօր պետք է հաղթահարել»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին, նշեց, որ Դաշնակցության կողմից 1994-ին կնքված տնտեսական պայմանագրի մասին բարձրաձայնումը այդ ճամբարի ներկայացուցիչներին ջղաձգումների մեջ է գցել: «Ես ասում եմ` եթե 1994-ի տնտեսական միության դեմ մարդիկ չեն ըմբոստացել, ճաղերի արանքում չեն կանգնել ու մարդկանց «դավաճան» ասել, հիմա ինչի՞ են ասում: Մենք 94-ին էլ ընդդիմություն ենք եղել, բայց այս հարցի հետ կապված հակառակ տեսակետ չէինք հայտնել»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե Լեւոն Զուրաբյանն ու Հրանտ Բագրատյանն ասում են, որ աբսուրդ է 94-ի պայմանագիրը կապել ԵՏՄ պայմանագրի հետ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Այդ պայմանագիրը մենակ մի բանով է տարբերվում` վերնագրում չկա «եվրասիական» բառը: Եթե «եվրասիականը» գումարենք, կլինի նույնը: Կարդացե’ք` Մաքսային միության մասին խոսվում է, ամեն ինչի մասին խոսվում է, անգամ` ռուբլու գոտու մասին: Պետք չի զուր տեղը քաղաքական շահարկումների հարց սարքել մի բան, որը, ուզենք, թե չուզենք, կա օբյեկտիվորեն: Մենք քաղաքական պայքարում ինչքան միասնական լինենք, այնքան մեր պետությունը հզոր կլինի, սա է ճիշտը»:

Հարցին, թե արդյո՞ք ԵՏՄ պայմանագրին կողմ քվեարկողները այդ քայլով չսպասարկեցին Սերժ Սարգսյանի շահերը, պատգամավորը պատասխանեց, որ նման բան չկա: «Ընդդիմություն լինել` չի նշանակում ամեն բանի դեմ խոսել ու դեմ լինել, պետք է կարողանաս ճիշտը սխալից զատել ու ճիշտ որոշումներ ու քայլեր կատարել: Դժվար բան չէ ամեն ինչին հակառակվելն ու հերքելը: Բայց այդքան պրիմիտիվ չպետք է լինի ընդդիմությունը, որովհետև պրիմիտիվ բացասումը, պրիմիտիվ հերքումը կարող է վնասել քո ժողովրդին շատ հարցերում»,- ասաց Ռուստամյանը:

Տպել Տպել