ԱԺ-ն ընդունեց քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ հայտարարություն

ԱԺԱզգային ժողովի արտահերթ նիստում ընդունվեց ԱԺ պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Վահրամ Բաղդասարյանի ներկայացրած ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծը վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների վերաբերյալ:

Պատգամավորները 71 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Քվեարկությանը չմասնակվեց 14 պատգամավոր:

Նշենք, որ արտահերթ նիստը հրավիրվել էր ԱԺ ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների կողմից, քննարկվում էր ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին, ազատամարտիկներին ծեծի ենթարկելու հետ կապված միջադեպերը:

Հայտարարության նախագծում ասված է. «Խոր մտահոգություն արտահայտելով վերջին շրջանում հայտնի քաղաքական, հասարակական գործիչների հանդեպ կատարված բռնությունների կապակցությամբ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հայտարարում է.

1. Անթույլատրելի ու դատապարտելի է համարում մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը բռնությամբ լռեցնելու ցանկացած փորձ,
2. Դատապարտում է վերջին օրերին առանձին պաշտոնյաների եւ քաղաքական գործիչների անընդունելի կեցվածքն ու հրապարակային արտահայտությունները,
3. Դատապարտում է երկրի միջազգային վարկն ու ազգային միասնությունը խաթարող ցանկացած գործողություն,
4. Առանձնահատուկ կարեւորում է հասարակական-քաղաքական գործընթացներում զսպվածություն, հանդուրժողականություն պահպանելը, փոխադարձ վիրավորանքներից հրաժարվելը,
5. Վերահաստատում է Ազգային ժողովի բարձր պատասխանատվությունը երկրում օրինականություն եւ բարոյաքաղաքական առողջ մթնոլորտ ապահովելու գործում:

ՀՀ Ազգային ժողովը իրավապահ մարմիններից պահանջում է սեղմ ժամկետներում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները եւ բացահայտել հասարակական գործիչների, ազատամարտիկների, ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի հանդեպ կատարված բռնարարքների հեղինակներին եւ պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ»:FotorCreated

Հիմնական զեկույցում ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարևորեց միացյալ հայտարարության ընդունումը:

Նրա խոսքով, այս հայտարարությունը ոչ այնքան վերաբերում է մինչև հիմա կատարվածին, որքան կարևոր կանխարգելիչ նշանակություն ունի ապագայի համար:

Արմեն Ռուստամյանը կարևորեց խորհրդարանի կողմից երևույթին քաղաքական գնահատական տալը:

ՀՅԴ-ական պատգամավորի գնահատմամբ, ճիշտ կլիներ, որ հայտարարությունը ստորագրվեր բոլոր պատգամավորների կողմից, ինչն ավելի նպատակային և ուժեղ կդարձներ դատապարտող ու կանխարգելող այս հայտարարությունը:

Ըստ նրա, նման երեւույթները միահամուռ պետք է դատապարտվեն ու վերացնեն անպատժելիության զգացումը մարդկանց մոտ, այդ անձինք պետք է իմանան, որ որեւէ հանդուժողականություն չի կարող լինել այդ արարքների նկատմամբ:

Արմեն Ռուստամյանը նման հարցերում կարևորեց քաղաքական բոլոր ուժերի համաձայնեցված աշխատանքը:

Տպել Տպել