Այլեւս առանց Վահանի

vahanԱյո, հեռացավ Վահան Հովհաննիսյանը: Թեեւ ժամանակը փոքր ինչ հաշտեցրած պետք է լիներ ճակատագրի կայացրած դաժան դատավճռի հետ, սակայն գույժն առնելուց հետո կարծես դատարկություն գոյացավ՝ մեր մեջ ու մեր շուջը:

Դատարկություն գոյացավ, որովհետեւ նա առաջինը զինվորագրվածներից լինելով, հայրենիք վերադարձած Դաշնակցության կենսագրության գլխավոր հերոսներից մեկն էր: Որպես այդպիսին վճռական ձայնով ներկա էր նաեւ նորանկախ հայրենիքի պատմության ընթացքի մեջ՝ լինեին արցախյան պայքարի ալեկոծումները, ներքաղաքական ժամանակագրությունը, խորհրդարանական ասպարեզը, դիվանագիտական ոլորտը եւ թե այլ: Ամեն տեղ առաջին գծում էր՝ անկախ նրանից, որ ի սկզբանե լինելով Դաշնակցության Հայաստանի կազմակերպության, ինչպես եւ համահայկական կառույցի ղեկավարներից, գուցե նույնիսկ մի քայլ ետ պիտի կանգներ տաք թոհուբոհից:

Գլխավոր ղեկավար անձերից մեկը թերեւս <խոհեմություն> պետք է ունենար չհայտնվելու արցախյան պատերազմի կրակագծում, կամ ընդդիմադիրի այնպիսի ակտիվություն չդրսեւորեր, որ օրվա իշխանությունը մեկուսացներ բանտում:

Վահանը ժառանգել էր մի կենսագրություն, որ պարտադրում էր լինել այդպիսին եւ նա իր կենսագրությանը տեր եղավ, կարելի է ասել, դեռ պատանության շրջանից: Մտավորականի իր տեսակով մեղմ էր, անգամ խոցելի եւ ներողամտորեն կարող էր խոսքի իրավունքը զիջել ուղղափառ <անսխալականներին>, բայց որպես կուսակցական ու ազգային գործիչ նա դիրքերից նահանջող չէր, ինչպես, որ չէր՝ ազգային արժեքների եւ նպատակների հարցում: Այս կողմից եւ ըմբոստ էր եւ առաջնորդող եւ նույնիսկ կռվազանի համարձակությամբ օժտված:

Հոգեւոր պաշար ունեցող մտավորականի բարձր չափանիշերն էին երեւույթների, պատմության, ազգի, երկրի ներկայի եւ ապագայի իր պատկերացումները ու որքան էլ հիասթափություններ ունենար ներսում, մնում էր զինվոր՝ անձնվեր, անկաշառ, երազող ու ռոմանտիկ:
Այդպիսին լինել նշանակում էր գնալ անվերջանալի զոհաբերությունների՝ գիտական ու ստեղծարար գործի , պետական հիմնավոր դերակատարության, առողջության ու անձնական կյանքի առումներով:

Փոխարենը պատրաստակամ էր պատասխանատվությունների բեռան տակ մտնել հավաքական ցանկությամբ, հավաքական նպատակների համար՝ ինչպիսիք եղան հանրապետության փոխնախագահի եւ նախագահի թեկնածու որպես առաջադրումները, կուսակցական ղեկավարի պատասխանատվություններից բխող ամենօրյա պարտականությունները: Պարտականությունները խորհրդարանում ու իշխանության այլ օղակներում, որպես Դաշնակցության գլխավոր ներկայացուցիչներից մեկը:
Վահան Հովհաննիսյան անձը, նոր ժամանակների ընձեռած հնարավորությամբ վերածվել էր Վահան Հովհաննիսյան երեւույթի՝ սիրված ճանաչված, արժեւորված:

Վահանի գնալով կարծես ինչ-որ երեւույթ պակասեց եւ կարծես պատմության մի շրջան ամբողջացավ: Շարունակությունը, որ հայտնի չէ, թե ինչ է լինելու, կլինի առանց Վահանի…

Արտաշես Շահբազյան

Տպել Տպել