Արյունոտ ձորը հետո թշնամին կոչեց Քարինտակ

arfՔարինտակ։ Անունն ինքնին խոսուն է։ Քարի տակ գտնվող այս բնակավայրը ազատամարտի ընթացքում դարձավ լեգենդ, խորհրդանիշ։

Գյուղ, որ մինչեւ Շուշիի ազատագրումը երկու տարուց ավել փոխել էր իր օրվա ընթացքը։ Գիշերը թշնամու գնդակի տակ աշխատում էր, հող էր մշակում, ցերեկները թաքնվում։ Միայն այդ գյուղի դիրքը տեսնելով կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում ինքնապաշտպանությունը։

Գյուղ, որի պաշտպանները շրջեցին Արցախյան ազատամարտի ընթացքը 1992-ի հունվարի 26-ին։ Արյունոտ ձորը հետո թշնամին կոչեց Քարինտակը, որտեղ անհավասար մարտում բազմապատիկ ուժերի առավելության պայմաններում պարտվեց՝ գյուղի մատույցներում թողնելով 92 դիակ։

Առաջին խոշոր մարտն էր, որ արձանագրվեց Արցախյան ճակատում։ Թեեւ մինչ այդ արդեն 91-ի հոկտեմբերին Հադրութում սկսվել էր հայկական հաղթանակների շարքը՝ ազատագրվել էր Տողը։ Մինչ այսօր քարինտակցին հիշում է իր նահատակ պաշտպաններին, ու նաեւ հպարտանում, որ չընկրկեց թշնամու առաջ՝ դառնալով ճակատային առաջնագիծ։

Քարինտակի պաշտպանությունը 1992 թվականի հունվարի 26-ին էր: 70 ազատամարտիկներ՝ Վաղարշակ Առուշանյանի հրամանատարությամբ, 12-ժամյա կատաղի դիմադրությունից հաղթող դուրս եկան: Հակառակորդը փախավ Քարինտակից՝ մարտի դաշտում թողնելով 136 դիակ: Նահատակվեց 21 հայորդի: Հունվարյան ցրտաշունչ այդ օրը ընկավ նաեւ «Մահ կամ ազատություն »երդումը տված Նորայր Մանասարյանը:

Նա Էդիկի եւ Էմմայի նորաստեղծ ընտանիքի առաջնեկն էր: «1965թ. Ամանորը ամենահիշվողն է մեր ընտանիքի կյանքում»,-պատմում է տիկին Էմման, քանի որ հունվարի 1-ին` Նոր տարում, լույս աշխարհ եկավ նրանց Նորայր որդին: Արդեն 22 տարի նրանք թերթում են այս ալբոմը, բայց սեւ-սպիտակ լուսանկարներն այնքան գունավոր են թվում. անմոռանալի երջանիկ պահեր են, որոնք կապված են Նորիկի հետ:

Դպրոցում ուսանելուն զուգահեռ Նորայրը բասկետբոլ էր պարապում: Նրան հաջողվեց դառնալ առաջին կարգի մարզիկ, ԴՕՍԱԱՖ-ում էլ տանկ կառավարել սովորեց: Լավ պատրաստված էր բանակային կյանքին, ուստի Գերմանիայում ծառայեց պատվով ու վերադարձավ որպես հմուտ նշանառու. ուզում էր մեզ օգնել ընտանիքի կարիքները հոգալու գործում, ուստի մոր հետ աշխատեց նուրբ բրդյա գործվածքների գործարանում` որպես ենթավարպետ: Տիկին Էմման հավատում էր՝ տարիներով փայփայած երազը կիրագործվի՝ որդին կամուսնանա, ինքն էլ հարս ու թոռներ կունենա, բայց սկսվեց ազգային-ազատագրական շարժումը, եւ ամբողջ ընտանիքի համար «Միացում» կարգախոսը առաջնային դարձավ:

Նորայրը մեկնեց Արցախ՝ չնայած, տանն ասել էր, թե մեկնում է Մեղրիի պահածոների գործարանում աշխատելու: Երբ 1992-ի հունվարի 18-ին մարտական ընկերների հետ վերջին անգամ տուն եկավ, ասաց, որ գրանցվել է Քարինտակ գյուղում, ու պատերազմից հետո այնտեղ պետք է մշտական բնակություն հաստատեն. «Այդ օրը սեղան էի պատրաստել»,-հիշում է տիկին Էմման: Անուշավանն էր, Կարոն, Սաքոն…:

Տղաներից մեկը բաժակ բարձրացրեց ու ասաց. «Ով գիտե, գուցե մեկ շաբաթ անց մեզնից շատերը չլինեն: Սիրտս ահ ընկավ, տեղս չէի գտնում, երբեք չէի մտածել, որ հնարավոր է` որդիս տուն չվերադառնա»: Մեկ շաբաթ անց Նորայրը զոհվեց: Որդեկորույս մոր մխիթարանքը ազատագրված Քարինտակն էր: Արցունքն աչքերին հիմա էլ սակայն հպարտությամբ է խոսում քաջարի տղաների մասին: Հավատացած է` իր որդու, նրա մարտական ընկերների զոհաբերությունն իզուր չէր. այսօր անառիկ է մեր սահմանը:

23 տարի առաջ այս օրը Նորիկն էլ գնաց,Կարոն էլ, Անուշավանն էլ: Գնացին, որ Շուշիի հարավում, քարին արժանավայել թիկնած ու քարերի մեջ տեղավորված գյուղի տղաների հետ, տեր կանգնեն իրենց պապենական հողին, իրենց թափած արյունով ու հերոսական ոգով հյուսեն Քարինտակի անչափ իրական լեգենդը, որ այսօր խաղաղված գյուղը հետեւի աշխարհի անցուդարձին:

Տպել Տպել