Նոր շունչ տալու հնարավորություն կա, պետք է գիշեր-ցերեկ աշխատել

FotorCreatedՆոր շունչ տալու հնարավորություն կա, պետք է գիշեր-ցերեկ աշխատել. Աղվան Վարդանյան

«Երկիր Մեդիա»-ի «Երկրի հարցը» հաղորդման հյուր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը խոսել է ՀՅԴ-ի առաջիկա անելիքների մասին:

Նա նախ հիշեցրել է, որ հունվարի երկրորդ կեսին կայացավ Դաշնակցության Ընդհանուր ժողովը, որից հետո որոշ վերադասավորումներ եղան կուսակցության մարմիններում, ապա հավելել, որ Գերագույն մարմինն այսօր իր հիմնական գործունեության ուղղություններն ունի:

«Մենք որոշել ենք հանդիպել մեր բոլոր կազմակերպական միավորների հետ, անցկացնում ենք մեծ հավաքներ: Մեկ ամսվա ընթացքում պետք է այդ հավաքները տեղի ունեն ողջ հանրապետությունում: Մենք ունենք 50 կազմակերպական միավոր` կոմիտեություններ: Մոտ 20-22 նման հանդիպումներ արդեն արել ենք: Երևանի մեր 10 կոմիտեություններից 7-ում ընկերային հավաքներ ենք արել, 10 մարզերից՝ 4-ում:

Հինգ ուղղություն կա:

Առաջինը՝ մեր ընկերներին ներկայացնել Ընդհանուր ժողովի մթնոլորտը, տրամադրությունները, արդյունքները, քանի որ 4 տարին մեկ անգամ է Ընդհանուր ժողով լինում: Մենք քննարկում էինք կուսակցության և Բյուրոյի 4 տարվա գործունեությունը: Շուրջ 250 հարց է բարձրացվել, հարցերից հետո 50 ելույթ է եղել, որոնցում խոսվել է ամեն ինչ մասին: Ամեն ինչ անցել է բուռն, բայց համախոհության մթնոլորտում:

Երկրորդ՝ խոսում ենք մեր այսօրվա խնդիրների, կազմակերպական դժվարությունների, ավելի բաց, հրապարակային գործելու անհրաժեշտության մասին:

Երրորդ՝ ավելի մանրամասն ներկայացնում ենք հայաստանյան ներքաղաքական վիճակը, մեր քայլերը, դրանց հիմանվորումները:

Եվ խոսում ենք ապագա ծրագրերի մասին:

Մենք նաև փորձում ենք ավելի բացվել՝ մեզանից դուրս, հասարակության տարբեր շերտերի հետ ենք հանդիպում: Օրինակ` մտավորականների, դասախոսների… Հանդիպում ենք նաև դեսպանների հետ, որպեսզի նրանք ևս հասկանան մեր տեսակետները»,- ասել է Աղվան Վարդանյան:

Նա նաեւ կարեւորել է, որ շարքային դաշնակցականները պետք է վստահ լինեն, որ ՀՅԴ-ի ընթացքը հետևողական է՝ ուղղված երկրում որակական, արմատական փոփոխություններ կատարելուն, հասարակության պրոբլեմներին քայլ առ քայլ լուծումներ գտնելուն:

«Եթե իրենք համոզված չլինեն, որ մենք ճիշտ ուղու վրա ենք, չեն կարող համոզել իրենց շրջապատին: Քաղաքական ուժերը իրենց միջև են հարաբերություններ պարզում՝ մոռանալով, որ մարդու համար է քաղաքականությունը: Այսօր քաղաքականությանը նոր շունչ տալու հնարավորություն կա, եւ պետք է գիշեր-ցերեկ աշխատել»,- ասել է Աղվան Վարդանյանը:

ԲՀԿ-ՀՀԿ հակամարտությունը հանդարտեցնելու փորձերում ՀՅԴ-ն միայն հաշտեցման նպատակ չէր հետապնդում:

ՀՅԴ-ի նպատակը ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն էր:

ՀՅԴ-ի համար ակնհայտ էր, որ ԲՀԿ-ՀՀԿ առճակատումը որևէ լավ բանի չի հանգեցնելու:

ՀՅԴ-ն հնարավորը փորձեց անել, ու այսօր ուրախ է, որ բոլորը միասին, առաջին հերթին` ԲՀԿ-ն եւ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն՝ որպես պատասխանատու ուժ, երկիրը զերծ պահեցին հնարավոր ցնցումներից:

Արդեն այսօր, ըստ Աղվան Վարդանյանի, վերադասավորումների, վերակազմակերպման շրջան է բոլորի մոտ, այդ թվում` ԲՀԿ-ի և եռյակի մյուս անդամների: «Նաև ուզում եմ հավատալ, որ ՀՀԿ-ն իր հայտարարած նպատակներին գոնե պետք է հավատարիմ լինի և փորձի ինքն էլ վերակազմակերպվել, գիտակցել, թե երկրում առկա խնդիրների լուծման ինչ մեխանիզմներ կան: Այո, մենք պայմանական հրադադար ունեցանք և անկանխատեսելի զարգացումներից զերծ մնացինք, բայց չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է: Այսօր ընդդիմությունը պետք է ամեն ինչ անի, որ գնա կոնկրետ հարցեր լուծելու ուղղությամբ, որ պարզ, հասարակ մարդիկ գոնե տեսնեն ինչ-որ կոնկրետ քայլ, կոնկրետ խնդիրների լուծում, այս «հաշտեցումից» հետո երևա երկրում փոփոխություններ կատարելու կամքը, վճռականությունը»,- հայտարարեց Վարդանյանը:

Նա ցավով արձանագրեց, որ ընդդիմադիր դաշտի համագործակցությունը այդպես էլ լիարժեք չեղավ, և նշեց, որ երբ ՀՅԴ-ն քառյակում էր, շատ ավելի հստակ էին քառյակի գործողությունները, մեխանիզմները, սկզբունքները: Խոսելով ԲՀԿ-ի ճակատագրի մասին՝ Վարդանյանը հույս հայտնեց, որ ԲՀԿ-ի հիմնական՝ քաղաքական կորիզը կգտնի վերակազմակերպվելու ուժ, նպատակ և կշարունակի որոշակի դերակատարում ունենալ քաղաքական դաշտում:

Մի բան ակնհայտ է Վարդանյանի համար` եռյակի մյուս անդամների հետ ԲՀԿ-ի համագործակցությունը գոնե տեսանելի ապագայում չի լինի: «Ինչ կանեն մյուս ուժերը, իրենց խնդիրն է»,- ասաց նա:

Վարդանյանն անդրադարձավ ԱԺ-ում ՀՀԿ-ականների՝ վերջին օրերի հայտարարություններին, թե ճգնաժամն իրականում ընդդիմությունում է եւ ոչ թե իշխանությունում:

«Ընդդիմությունը միայն եռյակը չէ: ՀՅԴ-ն լիարժեք ընդդիմադիր ուժ է եւ ունի աշխատելու բուռն, նպատակային ձգտում: Տեսնենք` ԲՀԿ-ն ինչ ճանապարհ կընտրի: Չփորձենք թելադրել: Ես հույս ունեմ, որ նրանք կգտնեն դերակատարության իրենց ձևաչափը, իրենց մեխանիզմները: Հիմա նոր իրավիճակ է երկրում, խնդիրները մնացել են չլուծված: Հանկարծ մեծամասնության՝ հանրապետականների մտքով չանցնի, թե այլևս իրենց ձեռքերը ազատ են և որևէ խոչնդոտ չկա իրենց առջև, լարվածությունը վերացած է, իրենք կարող են ամեն ինչ անել: Այո, կարող են, բայց պետք է գործեն երկրում իսկապես բան փոխելու համար, հասարակության լայն շերտերի մեջ փոփոխության հույս ներշնչելու համար: Եթե նրանք չգնացին այս ճանապարհով, որևէ լավ բան չի լինելու, և մենք ամեն ինչ անելու ենք, որ երկիրը որակական փոփոխությունների փուլ մտնի»,- հայտարարեց Վարդանյանը:

Դիտարկմանը, որ այս օրերի ընթացքում քննադատություններ հնչեցին ՀՅԴ-ի հասցեին, Վարդանյանը պատասխանեց, որ բազմաթիվ քաղաքացիներ իրենց այդ օրերին մոտենում եւ ասում էին. «Միայն դուք կարող եք ցնցումներ թույլ չտալ, այլապես Աստված գիտե, թե ինչ կլինի»: «Խորապես համոզված եմ, որ ե’ւ ՀՀԿ-ում, ե’ւ ԲՀԿ-ում կան մարդիկ, ովքեր ևս զգում էին այս բախման հնարավոր սարսափելիությունը, բայց, ցավոք, այդ քաղաքական ուժերում չկար այն համարձակությունը, այն քաջությունը, որ իրենց ղեկավարների առջև ասեին՝ սա լավ տեղ չի տանում: Այս առումով էլ է Դաշնակցությունը տարբերվում: Քննադատությունից մենք չենք խուսափել, բայց եթե մենք առաջնորդվենք կողքի ասածներով ու գնահատականներով՝ ի՞նչ կլիներ»,- ասաց Վարդանյանը:

Տպել Տպել