ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն շարունակում է ընկերային հանդիպումները կոմիտեությունների հետ

FotorCreatedՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինն արդեն հանդիպել է 30-ից ավելի կոմիտեությունների հետ:

Ընկերային հանդիպումների ժամանակ ԳՄ անդամները դաշնակցական ընկերներին զեկուցում են ՀՅԴ Ընդհանուր ժողովի աշխատանքների մասին, ներկայացնում ընդունված որոշումները և քննարկում առաջիկա անելիքները:

Նաև անդրադարձ է կատարվում երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակին, հասարակության առջև ծառացած խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին ՀՅ Դաշնակցության մասնակցությանն ու անելիքներին, ներկայացվում են ՀՅԴ մոտեցումները երկրում ստեղծված ներքաղաքական խնդիրներին, իշխանություն-ընդդիմություն հարաբերություններին:

«Ընկերային հանդիպումներն անցնում են անկաշկանդ մթնոլորտում, ինչպես ընդունված է Դաշնակցությունում», – yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և հավելեց, որ առաջիկա օրերին ՀՅԴ ԳՄ-ն հանդիպումները կշարունակի Արարատի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ՀՅԴ Ընդհանուր Ժողովի աշխատանքների ավարտից հետո նախաձեռնել էր ընկերային հանդիպումներ Հայաստանում գործող հիսուն կոմիտեությունների հետ:

Տպել Տպել