Արաբական Միացեալ Էմիրութիւններու եւ Քուէյթի հայազգի տասնեակ գործարարներու ներկայացուած են «Արցախ Ռուց Ինվեսթմընթ» (ԱՌԻ) ընկերութեան ծրագիրները, որոնք միտուած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Քաշաթաղի եւ Շահումեանի շրջաններուն մէջ գիւղատնտեսութեան եւ բնակարանաշինութեան զարգացման: Գործարարները ծրագիրներուն ծանօթացած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան վարչապետ Արա Յարութիւնեանի գլխաւորած պատուիրակութեան` 27 փետրուարէն 1 մարտին կատարած աշխատանքային այցելութեան ընթացքին: (Պատուիրակութեան մաս կը կազմէին «ԱՌԻ»ի տնօրէն խորհուրդի անդամ Բենիամին Պչաքճեան եւ Արցախէն՝ Դաւիթ Իշխանեան)։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան կառավարութեան մամլոյ ծառայութենէն կը հաղորդեն, որ վարչապետ Արա Յարութիւնեան բարձր գնահատած է «ԱՌԻ» ընկերութեան վեցամեայ գործունէութիւնը Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան մէջ` կարեւոր նկատելով անոր դրամագլուխին բարձրացման նշանակութիւնը: Ան կատարուած ծրագիրներէն առանձնացուցած է յատկապէս գիւղատնտեսական փոքր վարկերու տրամադրումը եւ Քաշաթաղի շրջանի Աղաւնոյ համայնքին մէջ 50 բնակարաններու կառուցումը, որ տակաւին ընթացքի մէջ է, եւ ընկերային ծրագիրներու մէջ այդ բնակարաններուն մէկ մասը պիտի տրամադրուի վերաբնակիչներուն, իսկ միւս մասը պիտի վաճառուի արտօնեալ պայմաններով:
Յարութիւնեան յորդորած է ներդրողները գործուն մասնակցութիւն ունենալու ընկերութեան ծրագիրներուն մէջ: Հետագայ համագործակցութեան վերաբերեալ ձեռք բերուած են շարք մը պայմանաւորուածութիւններ գործարարներուն հետ, որոնք իրենց մասնակցութիւնը պիտի ունենան «ԱՌԻ»-ի ներդրումային հիմնադրամի մեծացման գործին մէջ:
Վարչապետին գլխաւորած պատուիրակութիւնը հանդիպումներ ունեցած է նաեւ Քուէյթի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւններու մէջ Հայաստանի Հանրապետութեան դեսպաններուն եւ համայնքներու հոգեւոր առաջնորդներուն հետ: Քննարկուած են համագործակցութեան խորացման կարելիութիւնները եւ իրականացուած են յստակ համաձայնութիւններ այդ ուղղութեամբ:
«ԱԶԴԱԿ»
Տեղեկանք
«ԱՌԻ»-ն հիմնադրվել է 2009 թվականին լիբանանահայ գործարարների կողմից՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի եւ Շահումյանի շրջանների գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով: Այս շրջանների բնակիչները 2010 թվականից օգտվում են ընկերության՝ նպատակային փոխառությամբ տրամադրվող ֆինանսական միջոցներից:
Ներդրողները գումարներն Արցախի կառավարությանն են տրամադրում տարեկան 9% տոկոսադրույքով: Դրանից 3%-ը սուբսիդավորում է պետությունը, եւ վերոնշյալ շրջանների բնակիչները ստանում են միջնաժամկետ, առանց գրավի և 6% տոկոսադրույքով փոխառություններ:
6 տարիների ընթացքում «ԱՌԻ»-ն «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» միջոցով Քաշաթաղի ու Շահումյանի շրջաններում շուրջ 1 միլիարդ 260 միլիոն դրամի ծրագրեր է իրականացրել՝ արտոնյալ պայմաններով փոխառություններ տրամադրելով ավելի քան 1000 ընտանիքների:
Ավելի ուշ ընկերությունն ընդլայնել է ներդրումների շրջանակը՝ ԼՂՀ կառավարության հետ համատեղ մասնակցելով Աղավնոյում իրականացվող բնակարանաշինության ծրագրին: Նախատեսվող 150 տներից 50-ի կառուցումը մոտենում է ավարտին, որին «ԱՌԻ»-ն մասնակցում է շուրջ 900 միլիոն դրամի ներդրումով: Բնակարանների մի մասը սոցիալական ծրագրերի շրջանակներում տրամադրվելու է վերաբնակիչներին, իսկ մյուս մասը վաճառվելու է հիփոթեքային արտոնյալ պայմաններով:








