Արգենտինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման արարողությունները կանցկացվեն չորս ուղղությամբ` քաղաքական, մշակութային, ակադեմիական եւ կրոնական:
Բուենոս Այրեսի Սան Անդրեսի համալսարանի միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Խաչիկ Տեր-Ղուկասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում քաղաքական միջոցառումներից հատկապես կարեւորում է ապրիլի 28-ին Բուենոս Այրեսի Լունա Փարք սրահում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քաղաքական ձեռնարկը, որին մասնակցելու են երկրի քաղաքական եւ հասարակական դեմքերը:
«Բնականաբար, քննարկմանը ներկա կգտնվեն Արգենտինայի կառավարության ամենաբարձր դեմքերը: Ապրիլի 28-ին, ավանդույթի համաձայն, Արգենտինայի հայ համայնքը միասնաբար կմասնակցի բողոքի եւ պահանջատիրության ցույցին, որը կշարժվի դեպի Բունեոս Այրեսում գործող թուրքական դեսպանատուն»,- ասաց Խաչիկ Տեր-Ղուկասյանը` հավելելով, որ իրականացվելիք մշակութային միջոցառումները նույնպես կարեւոր նշանակություն ունեն:
«Ապրիլի 25-ին կկայանա երկրի խոշորագույն միջոցառումներից մեկը, որն այս տարի շատ կարեւոր նշանակություն կունենա Հայաստանի համար: Կմեկնարկի Բուենոս Այրեսի գրքի միջազգային ցուցահանդեսը, որտեղ առանձին տաղավար կհատկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Հայ համայնքը լուրջ պատրաստություն է տեսնում այդ միջոցառմանը լավագույն կերպով ներկայանալու համար»,- նշում է Խաչիկ Տեր-Ղուկասյանը` հավելելով, որ մայրաքաղաքի կենտրոնական պողոտայում կկայանա նաեւ բացօթյա դասական համերգ:
Բուենոս Այրեսի Տաճարում Արգենտինայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ Մոնսենիոր Մարիո Փոլիի եւ Հայ առաքելական եկեղեցու Արգենտինայի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանի առաջնորդությամբ կկայանա պատարագ, իսկ ապրիլի 24-ին Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի հոգեհանգստյան պատարագ:
Արգենտինահայերի մի հսկայական պատվիրակություն ապրիլի 12-ին ներկա կգտնվի Վատիկանում Հռոմի Ֆրանցիսկոս պապի նախագահությամբ հանդիսավոր պատարագին:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի` արգենտինահայերը ողջ տարվա ընթացքում անվճար արյունատվության նախաձեռնություններ կիրականացնեն` այդ կերպ փորձելով հանուն անմեղ նահատակների կյանքեր փրկել:
Բացի այդ, աշնանն Արգենտինայում կկայանան մի շարք միջազգային գիտաժողովներ, հիշատակի արարողություններ կկայանան նաեւ Կորդոբա եւ Ռոսարիո քաղաքներում: Այդ միջոցառումներին ներկա կգտնվեն նաեւ Արգենտինայի պետական այրերը: Խաչիկ Տեր-Ղուկասյանը հավաստիացնում է, որ ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում Արգենտինան կունենա պետական պատվիրակություն, սակայն, դեռեւս հստակ չէ, թե ովքեր կգան Երեւան:
Հիշատակի եւ ոգեկոչման նախաձեռնություններից զատ Արգենտինայի հայ համայնքի համար Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը նաեւ մարտահրավերներ է պարունակում:
Ըստ Տեր-Ղուկասյանի, այդ մարտահրավերները ընթանում են երեք ուղղությամբ: «Առաջին հերթին պետք է դիմագրավել թուրք-ադրբեջանական ժխտողականության հարձակողական ալիքին, որն արդեն հասնում է Արգենտինա: Երկու երկրների դեսպանատները նախաձեռնություններ են կազմակերպում, պաշտոնական այցելությունների, թուրք-արգենտինական բարեկամական կազմակերպության անուղղակի ջանքերի միջոցով: Այդ հարաբերությունների ջերմացման հարցում մեծ դերակատարություն ունեն գյուլենականները, ովքեր ամեն տեսակի քարոզչություն են իրականացնում, ընդհուպ հեռուստատեսային սերիալների միջոցով թուրքական գաղափարների տարածում Արգենտինայում»,-ընդգծում է Խաչիկ Տեր-Ղուկասյանը: Վերջին շրջանում մեծ ակտիվություն է ցուցաբերում Ադրբեջանի դեսպանատունը Արգենտինայում Խոջալուի ողբերգությունը որպես «ցեղասպանություն» ներկայացնելու համար: Այս հարցի առնչությամբ հայ համայնքն աչալուրջ է: Արգենտինահայերի ուշադրության կենտրոնում է նաեւ հանգամանքը, որ այս տարի Արգենտինայում ընտրություններ են եւ հայ-արգենտինական հարաբերությունները պետք է լինեն բոլոր թեկնածուների եւ քաղաքական ուժերի օրակարգում: Օրակարգային է նաեւ նոր սերնդի դաստիարակության հարցը: Պահանջատիրությունը, որ տասնյակ տարիներ եղել է Արգենտինայի հայ համայնքի օրակարգի գլխավոր հարցը, պետք է շարունակի մնալ գերխնդիր նաեւ երիտասարդների համար:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
armenpress.am







