Տարածք զիջելու մասին որևէ խոսք չի կարող լինել

Աղվան Վարդանյանը՝ եվրոպացիներին

FotorCreatedԱյսօր ԱԺ-ում ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության 15-րդ նիստում, երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը խոսեց Հայաստան-Թուրքիա հարաբերությունների մասին` ասելով, որ Թուրքիան պետք է սահմանը բացի առանց նախապայմանների, նիստը նախագահող Սաջադ Քարիմը հարց ուղղեց Աղվան Վարդանյանին:

«Մենք համաձայն ենք, որ սահմանը պետք է բացվի առանց նախապայմաների: Պարզապես մեկ տարի առաջ թուրք դեսպանն ասաց, որ արձանագրությունները սառեցված են, թեև դա էլ վախճան չէ: Ուզում ենք իմանալ ձեր տեսակետը դրա վերաբերյալ, մենք հասկանում ենք, որ որոշ դիվանագիտական աշխատանք է տեղի ունեցել, ես չեմ վիճարկի բարի կամքի դրսևորումը, բայց չե՞ք կարծում, որ հայկական կողմից օրինակ քայլ արվի և, ասենք, ոչ ԼՂՀ-ն, ինչ-որ ուրիշ տարածքների զիջումը հարցին օգնի»,- ասաց նա:

Քարիմը նաև անդրադարձավ Թուրքիայի հետ հարաբերություններում հիմնական խնդիր` Հայոց ցեղասպանության հարցին և հարցրեց, թե Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներն արդյո՞ք բացասական ազդեցություն չեն ունենա Թուրքիայի գործողությունների վրա:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Մենք միշտ ասել ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների: Ի՞նչ է նշանակում երրորդ պետության՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները դարձնել Հայաստան-Թուրքիա հարաբերություների համար նախապայման, սա անընդունելի է նաև միջազգային դիվանագիտության կանոններով: Բնականաբար, որևէ խոսք չի կարող լինել որևէ տարածք զիջելու մասին:

Օբյեկտիվ տեսնողները կգնահատեն, թե ինչ է այսօր կատարվում Հայաստան-Ադրբեջան սահմանային գծում և ԼՂՀ-Ադրբեջան սահմանին: Այն հարձակումները, որ ձեռնարկում է Ադրբեջանը, և որի ընթացքում լինում են տասնյակ զոհեր, այն սպառազինությունը, որ իրականացնում է Ադրբեջանը, ուղղակի որևէ շանս չեն թողնում որևէ զիջման համար: Զիջել որևէ շրջան` նշանակում է, որ ավելի մոտեցնել այդ հարձակումները Լեռնային Ղարաբաղին, և այս առումով մենք բացառում ենք, որ որևէ բան կզիջենք, մենք նախապայմանով չենք գնա որևէ զիջման»:

Ինչ վերաբերում է Ցեղասպանության հարցին, ապա, ըստ պատգամավորի, Թուրքիան իր ժխտողականության քաղաքականությունը շարունակում է հարյուր տարի: «Տեսեք` այդ օրը նրանք կազմակերպել են մի միջոցառում, որ ստվերեն Երևանում տեղի ունեցող հիշատակի միջոցառումը, և որպեսզի աշխարհի տարբեր երկների ղեկավարները չգան Հայասատան: Սա ինչի՞ մասին է վկայում, որ Թուրքիան իր պատմության առերեսումից խուսափում է: Հայերը թշնամանքի ու ատելության ժողովուրդ չեն, քանի որ գիտակցում են, որ թշնամանքը թշվառություն է անձի ու պետության համար: Մենք ուղղակի հարգում ենք մեզ ու պաշտպանում ենք մեր իրավունքները` պարտադրելով ուրիշներին հարգել նաև մեզ»,- ասաց Աղվան Վարդանյանը:

Տպել Տպել