«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
-Պարոն Վարդանյան, ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որտեղ նա մտահոգություն է հայտնում ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստի առթիվ։ Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը հիմա որոշեց խոսել այդ մասին, երբ մի քանի տարի բարձրաձայնվում էր այդ խնդիրը։ Արդյոք հիմա՞ էր պահը, թե սա ուշացած հայտարարություն էր։
-Նախ՝ Ադրբեջանի սպառազինվելու այս մոլուցքը հակասում է ՀՀ ազգային պետական շահերին։ Սպառազինվել Ռուսաստանի կողմից, այն էլ այդ քանակով, բնական է, որ դա մեր պետական ազգային շահերին դեմ է։ Ես կարող եմ ենթադրել, որ այս հարցը հրապարակային վերջերս է քննարկվում, բայց ամենայն հավանականությամբ ոչ հրապարակային նման քննարկումներ եղել են։ Ինչո՞ւ հիմա, որովհետև վերջին շրջանում Ադրբեջանի կողմից անընդհատ էսկալացիան, հարձակումները, դիվերսիաները, սահմանին լարվածությունը ստեղծել է մի վիճակ, երբ ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը հետևողականորեն փորձում է իր ձեռք բերած սպառազինությունները գործի դնել։ Գիտեք, զենքի վաճառքն աշխարհում ընդունված է, ինչո՞ւ է Ռուսաստանի պարագայում նման խնդիր առաջանում. երկու պատճառով, նախ՝ Ռուսաստանի հետ մենք ռազմավարական գործընկերներ ենք, ՌԴ-ի հետ ունենք համաձայնագրեր, ռուսական ռազմակայանը գտնվում է Հայաստանում, ինչ-որ առումով Հայաստանի անվտանգության երաշխավորն է, երկրորդ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկն է։ Հայտարարել հակամարտությունը խաղաղ միջոցներով կարգավորելու մասին և նման քանակով զենք վաճառելը ինչ-որ առումով հակասում է միմյանց։ Եթե հիշում եք, ամիսներ առաջ ՀՀԿ-ական պատգամավորները բացատրում էին, որ սա զուտ կոմերցիոն գործարք է, բայց այս պարագայում կա նաև բարոյականության ու պատասխանատվության խնդիր։ Եթե մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, ունենք ընդհանուր շահեր գոնե հայտարարվող, եթե դու անվտանգության երաշխավորն ես, եթե Մինսկի խմբի համանախագահ ես, ապա իսկապես և՛ քաղաքական, և՛ բարոյական, և՛ պատասխանատվության առումով անթույլատրելի է այս վարքը։ Կարծում եմ՝ ինչ-որ ժամանակ այս հայտարարությունները պետք է հնչեին, լավ է ուշ, քան երբեք։
-Որքանո՞վ կարող են այս հայտարարությունները լարել հայ-ռուսական հարաբերությունները, և արդյոք այս դեպքում Ռուսաստանի կողմից մեր դեմ ուղղված ճնշումներ կլինե՞ն։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը նաև հայտարարել է, որ անհասկանալի կլինի, եթե Պուտինն ապրիլի 24-ին չայցելի Հայաստան։
-Գիտե՞ք, եթե մենք ամեն մի ճշմարիտ խոսք ասելուց առաջ մտածենք, թե սա ինչեր կառաջացնի, ուրեմն ոչինչ չպետք է անենք։ Ես դրան կողմնակից չեմ և համոզված եմ, որ յուրաքանչյուր պետության ղեկավար պարտավոր է առաջնորդվել իր ժողովրդի, իր պետության շահերով։ Եթե մենք դա չենք անում, հակառակը, և՛ ճնշումները քո հանդեպ կավելանան, և՛ քո հանդեպ վերաբերմունքն ավելի այլ կերպ կլինի։ Իսկ եթե դու դիմադրում ես, քո շահերն առաջ ես տանում, վերաբերմունքը լինում է համապատասխան, շատ ավելի հարգալից։
-Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո միանգամից լարվեց իրավիճակը սահմանին, ունեցանք 3 զոհ, 4 վիրավոր։
-Ես ուղղակի կապ չէի տեսնի այդ երկուսի միջև, որովհետև սա մեկ օրվա միջադեպ չէ։ Վերջին ամիսներին չի եղել մի շաբաթ, որ դիվերսիոն գործողություններ չձեռնարկվեն։ Մենք ծայրահեղացնում ենք՝ անմիջականորեն կապելով մեկը մյուսի հետ։ Ես այդ կապը չեմ տեսնում։
-Պարոն Վարդանյան, այսօր ԲՀԿ-ն իրեն հռչակեց ընդդիմություն։ Դուք նրանց ընկալո՞ւմ եք որպես ընդդիմադիր։
-Կարևորը մեր ընկալելը չէ, կարևորն իրենց վարքագիծն ու անելիքն է։ Կուսակցությունը հիմա դժվար ժամանակներ է ապրում, վերակազմակերպվում է, և ես չէի ուզենա որևէ վատ բան ասել։ Թող փորձեն, թող վերակազմակերպվեն ու աշխատեն ընդդիմադիր դաշտում։ Մնացածը իրենց գործողություններից, քայլերից, առաջիկա անելիքներից կերևա։
-Այսինքն՝ ի՞նչ պետք է անեն, որ հասարակությունը հավատա նրանց ընդդիմադիր լինելուն։
-Դա հարցրեք իրենցից։ Եթե երկար տարիներ այլընտրանք լինելուց հետո հայտարարել են, որ ընդդիմադիր են, իրենք այդ մասին մտածել են։
-Մենք տեսանք, որ մեկ գիշերում հարցերը լուծվեցին։ Ձեր կարծիքով՝ Հայաստանում հնարավո՞ր է իսկապես լինել ընդդիմադիր ուժ և իշխանության կողմից ճնշումների չենթարկվել։
-Մենք արդեն երկար տարիներ ընդդիմադիր ենք և շարունակում ենք ընդդիմության դաշտում գործել, 1990-ական թվականներին եղել ենք ամենաարմատական դիրքերում, և դրա համար կուսակցությունը կասեցվել է, բանտերում են հայտնվել մեր ընկերները, բայց դա չի խանգարել քաղաքականությունում մեր սկզբունքները պահպանելուն, մեր մոտեցումները հետևողականորեն շարադրելուն։
1in.am







