ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին

FotorCreatedՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի կազմակերպմամբ՝ ՀՅԴ Երիտասարդականի երկու հոգանոց պատվիրակությունը՝ Հայկ Իգիթյան (Հայաստանի երիտասարդական միություն) և Ռոբերտ Մելիքսեթյան (Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն) 2015 թ. մարտի 27-29-ին, մասնակցեց Հարավային Կովկասի երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին, որը տեղի ունեցավ Վրաստանի Քութայիսի քաղաքում:

ՀՅԴ Երիտասարդականի պատվիրակությունից բացի, ֆորումին մասնակցում էին նաև ԱԺ-ում ներկայացված իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների երիտասարդական միությունների ներկայացուցիչները։

Ֆորումը կազմակերպել էր Բազմակուսակցական Ժողովրդավարության Նիդերլադնական Ինստիտուտը և Վրաստանի Նիդերլանդական Թագավորության Դեսպանությունը: Ֆորումին մասնակցում էին նաև Վրաստանի և Ադրբեջանի իշխանական և ընդդիմադիր կուսակցությունների երիտթևերի ներկայացուցիչները, իսկ առաջին անգամվա համար հրավիրված էր ուկրաինական պատվիրակությունը՝ դիտորդի կարգավիճակով մասնակցելու ֆորումին:

Ֆորումի բացումը կատարվեց ԵՄ ընդլայնման եւ Եվրոպական Հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսքով: Նա իր ելույթում խոսեց Հարավային Կովկասում ժողովրդավարության ամրապնդման ու ինստիտուտների զարգացման, ԵՄ սկզբունքների և մարտահրավերների կարևորության մասին: Նա նաև անրադարձավ ուկրաինական և ընդհանրապես աշխարհաքաղաքական վերջին իրադարձություններին, խոսեց Ասոցացման համաձայնագրից հրաժարվելու Հայաստանի որոշման մասին, թե ինչպես ստացվեց, որ Հայաստանը իր դիրքորոշումը կտրուկ փոխեց:

Քննարկվեցին ներկայացված պետությունների ձեռքբերումները ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության հարցերում: Խոսք գնաց նաև խտրականության դեմ ուղղված քայլերի մասին, ազգային փոքրամասնությունների իրավիճակի մասին:

ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչները հանդես եկան զեկույցով՝ հանդուրժողականությունը քաղաքականության մեջ թեմայով: Զեկույցում ներկայացվեց Հայաստանի իրավիճակը` նշվեցին բացթողումներն ու ձեռքբերումները: Մտահոգություն հայտնվեց թիֆլիսահայության և ջավախահայության ներկայիս վիճակի վերաբերյալ: Բարձրացվեց Բաքվի և Սումգայիթի կոտորածների հարցերը, մատնանշելով, որ մինչ այժ այդ ոճրագործությունների համար ձերբակալվածներ և դատապարտվածներ չկան: Նշվեց, որ Արդբեջանի հանրապետությունը նախագահի մակարդակով հերոսացնում է քնած ժամանակ հայ զինվորական սպանած Սաֆարովին:

Ֆորումի նպատակն էր ապահովել Հարավային Կովկասի պետությունների երիտասարդ քաղաքական գործիչների շփումը, փորձել գտնել ընդհանուր համագործակցության եզրեր և ներկայիս խնդիրների լուծման հնարավոր ճանապարհներ:

ՀՅԴ Բյուրոյի
Երիտասարդական գրասենյակ

01 Ապրիլ, 2015 թ.

Տպել Տպել