Ավստրալիայի Ռայդ քաղաքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված առաջարկություն է ընդունել

FotorCreatedԱվստրալիայի Ռայդ քաղաքի խորհուրդը միաձայն առաջարկություն է ընդունել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ինչպես հաղորդում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի կայքը, Ռայդ քաղաքի խորհուրդն Ավստրալիայի առաջին տեղական ինքնակառավարման մարմինն է, որ դեռևս տասը տարի առաջ ճանաչել է 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանությունը:

Ապրիլի 14-ին ընդունված առաջարկությունը կոչված է հարգելու 1.5 մլն հայ զոհերի հիշատակը, դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և մյուս ցեղասպանական գործողությունները, որոնք տեղի են ունեցել ռասայական, կրոնական և մշակութային անհանդուրժողականության հողի վրա:

Փաստաթուղթը, ինչպես և 10 տարի առաջ, ներկայացրել էր քաղաքային խորհրդի անդամ Սարգիս Եդելյանը: Ռայդ քաղաքի հայկական համայնքի բազմաթիվ անդամներ ընդգծել են առաջարկության կարևորությունը: «Ռայդ քաղաքը կրկին ցույց տվեց իր բարոյական և սկզբունքային ամուր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Շնորհակալություն եմ հայտնում քաղաքային խորհրդի անդամ Եդելյանին և մյուս անդամներին հատկապես 100-րդ տարելիցի այս տարում իրենց ցուցաբերած հաստատուն և անսասան աջակցության համար»,- ասել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի գործադիր տնօրեն Վաչե Ղահրամանյանը:

armenpress.am

Տպել Տպել