Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) քննադատել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիայի վարչապետի` հայերին հղած ուղերձը:
ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանի հայտարարությունում ասվում է, որ Դավութօղլուի ուղերձը կեղծիք է, կեղծ ներողություն, որը չի նշանակում ճանաչում, այն չի արտահայտում ափսոսանք և չի ենթադրում որևէ պատասխանատվություն ու փոխհատուցում:
Համբարյանը կարծում է, որ բախվելով Հայոց ցեղասպանության ճանաչման համընդհանուր ալիքին՝ Հռոմի պապից մինչև Եվրոպական խորհրդարան, Անկարան մենաամոթալի և հանդուգն ձևով շարունակում է ժխտողական քաղաքականությունը:
ANCA-ի ղեկավարը նաև ընդգծել է, որ ԱՄՆ նախագահն ապրիլի 24-ին պատմական հնարավորություն ունի մերժելու թուրքական տաբուն, վերջ դնելու ԱՄՆ մեղսակցությանը ժխտողական քաղաքականությանը և նպաստելու խնդրի արդար լուծմանը:
Դավութօղլուի ուղերձում, մասնավորապես, ասվում է, թե «պատմությունը չպետք է դառնա քաղաքական գործիք»: «Այսօր մենք առանց խտրականության հարգանքի տուրք ենք մատուցում 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների զոհերի հիշատակին: Մեր տառապանքները թեթևացնելու համար մենք հավատում ենք, որ անհրաժեշտ է առերեսվել անցյալի հետ: Մեկ բառով ասած` ընդհանրացման ճանապարհով ողջ մեղքը թուրք ժողովրդի վրա բարդելը, նույնիսկ, ատելության բառեր ավելացնելը, վիճելի է` ինչպես խղճի, այնպես էլ իրավական տեսանկյունից: Հարյուր տարի առաջ տեղի ունեցած տեղահանության և կոտորածի խորը հետքերը մինչ այսօր էլ թուրքերի և օսմանցի մահմեդականների հիշողության մեջ են», – ասվում է ուղերձում:
arminfo.am







