ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Օբամայի ապրիլքսանչորսյան հայտարարությանը
ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձին, որում երկրի ղեկավարը կրկին խուսափել է «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումից:
Մասնավորապես՝ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն այս կապակցությամբ ասել է. «Նախագահ Օբամայի տխուր ներկայացումը, որտեղ նա բառախաղ է խաղում «ցեղասպանություն» եզրույթի հետ, ճշմարտությունն ակնհայտորեն տանում օտար պետության կողմը, հարիր չէ ամերիկացի ժողովրդի արժանապատվությանը»:
Համբարյանն ընդգծել է, որ «նման պահվածքով Օբաման, ով թեկնածու եղած ժամանակ խոստացել էր նախագահ դառնալու դեպքում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ժամանակակից աշխարհին ապացուցեց, որ ինքն այդ ղեկավարը չէ»:
«Իրականում, այժմ պարզ է, որ նախագահ Օբամայի` Անկարային գոհացնելու ապակողմնորոշված փորձը միայն մեկուսացրեց Վաշինգտոնին»,- եզրափակել է Համբարյանը:
Օբաման այս անգամ ևս չկատարեց նախընտրական խոստումը՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ, և խուսափեց «ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուց:
Հայտարարության մեջ Օբաման նշել է, որ «զանգվածային սպանությունների» տարելիցը խորհրդանշում է պատմության պահպանման կարևորությունն ու անցյալը հիշելու անհրաժեշտությունը: Նա նաև ասել է, որ ինքը բազմիցս արտահայտվել է 1915-ին տեղի ունեցածի առիթով և որ իր դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել
tert.am







