Ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ

kayqԱյսօր, Ապրիլի 24-ի երեկոյան` Հանրապետության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունների ավանդական ջահերով երթը` դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք:

Երթին են միացել բազմահազար երիտասարդներ այլ քաղաքական ուժերից եւ քաղաքացիներ:

Նախքան երթը, երիտասարդությանը ուղերձով դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը: «Ամբողջ 100 տարի մեր նախնիները պայքարել են մեր նպատակների համար: Մենք քայլ առ քայլ մոտենում ենք այդ նպատակներին: Մոտենում ենք, որովհետեւ մենք հիմա ունենք Հայաստանի Հանրապետություն, Ազատ Արցախ եւ կազմակերպված Սփյուռք եւ այս եռամիասնությամբ Թուրքիային մատնել ենք խուճապի: Օրը օրի հետեւից իրենք նոր բառերով, նոր խոսքերով փորձում են մոլորեցնել աշխարհին, իբր սիրաշահել մեզ, բայց մենք այդ խարդավանքներին չենք ենթարկվի: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց նաեւ թույլ չենք տա, որ որւեէ պետություն մեր իրավունքների հաշվին փորձի ինքը առաջ գնալ: 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանությունը ճանաչվելու է, Թուրքիան ընդունելու է իր պատասխանատավությունը եւ մենք վերականգնելու ենք մեր իրավունքները:

Երիտասարդությու՛ն, Հայաստանում, թե սփյուռքի զանազան համայնքներում, դուք մեկ բռունցք եք, այդ բռունցքից է, որ Թուրքիան վախենում է: Սակայն պետք է աննահանջ շարունակել պայքարը: Մեր պայքարը ինքնանպատակ չէ, ինչպես համահայկական հռչակագիրը, որ համայն հայության ներկայացուցիչների կողմից ընդունվեց: Դիմելով ձեզ, դիմելով հաջորդ սերունդներին, մենք ակնկալում ենք, որպեսզի դուք շարունակեք պայքարը հանուն ավելի հզոր Հայաստանի,ավելի ժողովրդվար Հայաստանի, հանուն հզորացած ազատագրված Արցախի, հանուն ավելի աշխույժ եւ կազմակերված սփյուռքի, հանուն հայ ժողովրդի դարավոր երազանքների իրականացման: Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, կեցցե Ազատագրված Արցախը, կեցցե Ազատ, Անկախ, Միացյալ Հայաստանը: Ջահը փոխանցում եմ ձեզ, որպեսզի դուք լինեք ջահակիրը մեր պայքարի»,- հայտարարեց Կիրո Մանոյանը:

Մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և որպես բողոքի նշան այրեցին Թուրքիայի պետական դրոշը` իրենց զայրույթը հայտնելով այդ երկրի ժխտողական քաղաքականության դեմ:

Հրապարակում հավաքված երիտասարդները բացի ջահերից իրենց ձեռքերում ունեին ՀՀ-ի, ԼՂՀ-ի, Հայ Յեղափոխական Դաշնակցության դրոշները: Նրանք իրենց հետ, Ծիծեռնակաբերդի բարձունք էին տանում ավելի քան 30 մետր երկարությամբ եռագույնը եւ այն երկրների դրոշները, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

FotorCreated

Հասնելով Ծիծեռնակաբերդի բարձունք` երթի մասնակիցները անմար կրակի մոտ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Նրանք միասին տերունական աղոթքն ասացին, հետո կրակի շուրջ խոնարհեցին ցեղասպանությունը ճանաչած երկրների դրոշները:

Տպել Տպել