Պետք է հրաժարվենք սահմանադրական միապետությունից

ՀՅԴ-ն՝ Սահմանադրության մասին

FotorCreatedՆոր Սահմանադրության նախագիծը ամենայն հավանականությամբ պատրաստ կլինի մայիսին։

Այս մասին այսօր, մայիսի 8-ին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը։

Լինելու է արդյոք այդ նախագծում ՀՅԴ առաջարկը, դեռեւս հայտնի չէ, սակայն ամենայն հավանականությամբ երկրի ղեկավարությունը հակված չէ կիսանախագահական կամ առավել եւս նախագահական համակարգի պահպանմանը, հավելեց նա։

«1995թ. ընդունված Սահմանադրությունը, ըստ էության, սահմանադրական միապետություն է սահմանում։ Այդ կառուցվածքի վերապրուկները պահպանվել են այսօրվա պետական կառավարման մեջ։ Ժողովրդավարության փոխարեն մենք պլուտոկրատիա ենք հաստատել, որը սահմանվում է «փող-իշխանություն-ավելի շատ փող»։ Խորհրդարանական համակարգը՝ իշխանությունը ոչ թե մեկ այլ մի քանի մարդու տալը, կքանդի այդ արատավոր շրջանը»,- ասաց Ռուստամյանը։

Արմեն Ռուստամյանն անդրադարձավ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի վիճահարույց օրինագծին, որը վերաբերում էր շինարարությամբ զբաղվող արտագնա վարձու աշխատողների և կազմակերպությունների հարկմանը:

Նա նշեց, որ Դաշնակցությունը ձեռնպահ է քվեարկել այդ օրինագծին: «Օրենքի բովանդակությունը վատը չէ, պարզապես սխալ ներկայացվեց, թե դա խոպանչիներին հարկելու օրենք է: Իրականությունն այլ է, և այն խորը ուսումնասիրելուց հետո կտեսնեք, որ դա, հակառակը, նպաստավոր պայմաններ է ստեղծում կազմակերպված և վերահսկելի աշխատուժի արտահանման համար: Պարզապես այլ երկրներում աշխատող մեր շինարար քաղաքացիները հարկը վճարելու են Հայաստանում, ոչ թե տվյալ երկրում»,- պարզաբանեց Արմեն Ռուստամյանը՝ հավելելով, որ օրենքն ավելի կարգավորված ու բարենպաստ պայմաններ է ստեղծում արտագնա աշխատանքի մեկնող բազմաթիվ հայրենակիցների համար:

Պատգամավորը նշեց, որ ՀՅԴ խմբակցության` ձեռնպահ քվեարկելը պայմանավորված էր ոչ թե նրանով, որ դեմ են այդ օրենքին, այլ որ նման օրենքները չպետք է ընդունվեն շտապողականության մթնոլորտում, որովհետև նման օրենքները պետք է նախապես քննարկվեն, հասարակության շրջանում պետք է կարծիք ձևավորվի: «Պետք է հարգել այն կարգը, որն ընդունված է, և չպետք է օգտագործել արտահերթ ձևաչափը, որ չուսումնասիրված, չտեղեկացված վիճակով, արագ ընթացակարգով հարցը մտցվի օրակարգ, քվեարկվի ու ընդունվի: Հուսով եմ` կառավարությունն այս ամենից եզրակացություններ կանի, որ նման ձևով աշխատելը սխալ է: Նման օրենքները պարտադիր պետք է անցնեն փորձագիտական վերլուծություն և խորքային ուսումնասիրվեն, ոչ թե պատգամավորները ստիպված հայտնվեն դակիչի կարգավիճակում»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե արդյո՞ք օրենքը կնպաստի, որ քաղաքացիները հրաժարվեն ՀՀ քաղաքացիությունից, պատգամավորը պատասխանեց, որ չի կարծում այդպես:

Նրա կարծիքով` ԵՏՄ հնարավորությունները պետք է դիտարկել ոչ միակողմանիորեն:

Անդրադառնալով Գորիս քաղաքում Սյունիքի մարզպետի որդու՝ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծկռտուքին, Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ
Իրավապահ մարմինները պետք է գործեն իրավախախտի անձից անկախ:

«Իհարկե ֆորմալ առումով որդին հոր համար պատասխանատու չէ եւ ընդհակառակը։ Սակայն հասարակության պատկերացման մեջ փաստերը շատ հստակ կապվում են իրար։ Իրավախախտը մնացել է անպատիժ, քանի որ նա մեծ մարդու տղա է»,- հայտարարեց Ռուստամյանը։

Պետությունը պետք է պաշտոնյաների իրավախախտումները բացահայտելու եւ պատժելու հստակ մեխանիզմներ ունենա։ «Ցավոք, այսօրվա Հայաստանում դրանք չեն գործում, սակայն մեր պետական համակարգից դա կբացառվի»,- ընդգծեց Ռուստամյանը։

Տպել Տպել