Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ

FotorCreatedԷլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Այս մասին այսօր, մայիսի 22-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նրա համոզմամբ՝ Հայաստանի էներգետիկ համակարգը խոր եւ լուրջ փորձաքննության կարիք ունի։ Պետք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել նրա խնդիրները առանց սակագների թանկացման։ «Հարցի լուծման համար մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ»,- վստահեցրեց Մինասյանը։

Գլխավոր դատախազի հայտարարությունը հույս է տալիս, սակայն կցանկանայինք դրա արդյունքները տեսնել գործնականում, շեշտեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով խորհրդարանում ՀՀ գլխավոր Դատախազ Գեւորգ Կոստանյանի ելույթին ։

Մինասյանի խոսքով՝ երբ հանցագործությունների բացահայտումը ձգձգվում է, իրավապահ համակարգի հանդեպ անսվտահությունն աճում է։ Խոսքը նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի եւ նրա ընտանիքի հետ կապված հանցագործությունների, ինչպես նաեւ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի դեռեւս չբացահայտված սպանության մասին է։ «Ղարաբաղյան պատերազմի մասնակիցը, համայնքի ղեկավարը օրը ցերեկով սպանվել էր։ Կարծում եմ, որ այս սպանության բացահայտումը կբարձրացներ արդարադատության հանդեպ վստահությունը։ Իսկ երբ գլխավոր դատախազն ասում է, որ ոչինչ չի երաշխավորում, սակայն կաշխատի անել հնարավոր ամեն բան, նման խոսքը հույս է ներշնչում, բայց ոչ վստահություն։ Ես հավատում եմ Կոստանյանի խոսքին, բայց ուզում եմ նաեւ արդյունքները տեսնել»,-նշեց Մինասյանը։

Տպել Տպել