ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը միջազգային ֆալկոն շարժման սեմինարներին

երիտ
ՀՅԴ Երիտասարդականի չորս հոգանոց պատուիրակութիւնը մասնակցեց Միջազգային Ֆալկոն շարժում – Ընկերվարական դաստիարակչական միջազգայնական կազմակերպութեան կազմակերպած երկու սեմինարներին, որոնք տեղի ունեցան 2015 թ. մայիսի 24-30-ին, Գերմանիայի Վերտֆուլ աւանում։

ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութեան անդամներն էին Սուսաննա Մովսիսեանը (Արցախ), Շողեր Բաղդասարեանը, Յովհաննէս Ստեփանեանը և Տիգրան Սիրեկանեանը (Հայաստան)։

Սեմինարների թեմաներն էին՝ «Պատերազմներ և հակամարտութիւններ» և «Միջնորդութեան ուսուցում»։

Սեմինարների ընթացքում մասնակիցները ծանօթացան երկու թեմաների մասին դաստիարակչական մեթոդների։

«Խաղաղութեան ուսուցում» բաժնում քննարկուեց պատերազմի ազդեցութիւնը երեխաների վրայ թեման և մասնակիցները ծանօթացան նշեալ նիւթի ուսուցման մեթոդներին։

ՀՅԴ Երիտասարդականի անդամներն ընդհանուր տեղեկութիւններ ներկայացրին ՀՅԴ պատանեկան միութիւնների գործունէութեան և աշխատանքների մասին և կենտրոնացան Հայաստանում և Արցախում կազմակերպուող պատանեկան ճամբարների ժամանակ կիրառուող դաստիարակչական մեթոդների ու փոխանցուող նիւթերի վրայ. այն հետաքրքրութիւն առաջացրեց ներկաների մօտ։

«Պատերազմներ և հակամարտութիւններ» սեմինարի ընթացքում քննարկուեց արցախեան հիմնախնդիրը: ՀՅԴ Երիտասարդականի անդամները պարզաբանեցին ներկայ իրավիճակը և արցախեան հիմնախնդրի վերաբերեալ ՀՅԴ դիրքորոշումները։

Միջազգային Ֆալկոն Շարժում կազմակերպութեան կողմից առաջարկուեց ՀՅԴ Երիտասարդականի անդամներին յօդուածներ գրել արցախեան հիմնախնդրի, ցեղասպանութեան հետևանքների ու առաջացրած խնդիրների մասին, որոնք կը հրատարակուեն պատերազմների և հակամարտութիւնների վերաբերեալ կազմակերպութեան կայքէջում:

Սեմինարներից դուրս ՀՅԴ Երիտասարդականի պատուիրակութիւնը հանդիպումներ ունեցաւ այլ երկրներից ժամանած պատուիրակութիւնների հետ։

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակ
03 յունիս, 2015 թ.

Տպել Տպել