Երևանում կկայանա Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերնի) տարածաշրջանային հանձնախմբի ժողովը

FotorCreated
ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ ՄԱՄԼՈ ԴԻՎԱՆ, 2015թ. հունիս 7) – Հունիսի 8-9 Երևանում տեղի կունենա Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ-ի, Կովկասի եւ Սեւ Ծովի հանձնախմբի ժողովը որտեղ կքննարվկեն մի շարք խնդիրներ, ներառյալ՝ տարածաշրջանում ժողովրդավարության ամրապնդման եւ հակամարտությունների կարգավորման հարցերը։

Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից հյուրընկալվող Հանձնախմբի ժողովին մասնակցելու են տարածաշրջանի սոցիալիստական եւ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից, Ադրբեջանից, Ղազախստանից, Բելառուսից, Մոլդովայից, Հունգարիայից եւ Ղրղզստանից։

Օրակարգ՝ 

1) Տարածաշրջանի երկրներից հակիրճ զեկույցներ.

2) Տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանք.

3) Տարածաշրջանում ժողովրդավարության եւ նրա կառույցների զարգացման ապահովում եւ ամրապնդում.

4) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւ Ծովի երկրներում սոցիալ դեմոկրատական առաջնահերթություններ։

Առաջին նիստը կսկսվի երկուշաբթի, հունիսի 8-ին, ժամը 10-ին, Էրեբունի բիզնես կենտրոնում (9րդ հարկ, Էրեբունի դահլիճ): Ժողովն իր աշխատանքները կավարտի երեքշաբթի, հունիսի 9-ին, ժամը 13։00-ին:

Հանձնախմբի համանախագահներն են ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը եւ Հունգարիայից Ալեքսանդրա Դոբոլիին։

Ժողովի աշխատանքների ավարտից հետո, հունիսի 9-ին, ժամը 13։00-ին Էրեբունի բիզնես կենտրոնում (9րդ հարկ, Էրեբունի դահլիճ), տեղի կունենա մամլո ասուլիս՝ ներկայացնելու համար հանձնախմբի ժողովի եզրակացությունները։

ԶԼՄ-ները հրավիրվում են բացման նիստին եւ եզրափակիչ մամուլի ասուլիսին։

Այս հանձնաժողովը Երեւանում առաջին անգամ ժողով է գումարել 2010թ. հունիսին, իսկ նույն թվականի հոկտեմբերին ժողովը կայացել է Բաքվում, որին մասնակցել են նաև ՀՅԴ ներկայացուցիչներ։

Սոցինտերնը սոցիալ դեմոկրատական, սոցիալիստական եւ աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցություններ եւ կազմակերպություններ բոլոր մայրցամաքներից։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 1996թ. սեպտեմբերին նորից դարձավ Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությունը առաջին անգամ անդամագրվել էր 1907թ.: 2003թ. ՀՅԴ-ն դարձավ Սոցինտերնի լիիրավ անդամ` դառնալով ԱՊՀ երկրներում առաջին կուսակցությունը, որն ուներ այդ կարգավիճակը: Սոցինտերնում ՀՅԴ ներկայացուցիչ Մարիո Նալբանդյանը Սոցինտերնի փոխնախագահ է:

ՀՅԴ երիտասարդական կազմակերպությունը` ՀԵԴ-ը, Երիտասարդ Սոցիալիստների Միջազգային Միության անդամ է եւ մայիսին Երեւանում հյուրընկալեց միության խորհուրդի նիստը, որին մասնակցեցին պատվիրակներ ավելի քան 60 երկրներից:

Տպել Տպել