Բրազիլիայի ԱԳՆ-ից Թուրքիային հայտնել են` «կան դիրքորոշումներ, որոնք ենթակա չեն փոփոխման»

FotorCreatedԲրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ շեշտում է, որ ցավում եւ ափսոսում է Թուրքիայի կառավարության կայացրած որոշման առնչությամբ, սակայն կան գաղափարներ, դիրքորոշումներ, որոնք ենթական չեն փոփոխման: Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com.ar-ը, նախարարությունից նաեւ ափսոսանք են հայտնել, որ Թուրքիայի կառավարությունը Բրազիլիայի Սենատի կողմից ընդունված բանաձեւի առնչությամբ նման դիրքորոշում է հայտնել, քանի որ բանաձեւն իր համերաշխությունն ու հանդուրժողականությունն է հայտնել հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի եւ անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ:

«Հունիսի 1-ին Բրազիլիայում Թուրքիայի դեսպանը եղել է արտաքին գործերի նախարարությունում: Նրան ընդունել է Արտաքին գործերի գլխավոր քարտուղար, դեսպան Սերխիո Դենեսը եւ սպառիչ բացատրություն է տվել այն գործընթացների կապակցությամբ, որոնք ընթանում են Սենատում: Ասվել է, որ կան տեսակետներ եւ ավանդական դիրքորոշում մի շարք հարցերի առանչությամբ, որոնք ենթակա չեն փոփոխման: Նույն բացատրությունը ներկայացվել է նաեւ Բրազիլիայում Հայաստանի Հանրապետության դեսպանին»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարությունն ընդգծում է, որ որոշում կայացնելիս Սենատը հիմնվել է Բրազիլիայի Սահմանադրությամբ ամրագրված անկախության լիազորության վրա: Միաժամանակ, նախարարությունից հույս են հայտնել, որ Թուրքիայի հետ պաշտոնական երկկողմ ռազմավարական հարաբերությունները մոտ ժամանակահատվածում կվերադառնան բնականոն հունին:

Բրազիլիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը տարածել էր հայտարարություն, համաձայն որի, հետ էր կանչում իր դեսպանին Բրազիլիայից:

«Յուրաքանչյուր անգամ, երբ որեւէ պետություն Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ընդունում թուրքական կառավարությունը ճնշումներ է գործադրում եւ խզում դիվանագիտական հարաբերություններն այդ երկրի հետ: Բրազիլիայի Սենատը եւս մեկ քայլ արեց եւ միացավ Հարավային Ամերիկայում այն պետություններին, որոնք կողմ են արդարությանն ու ազնվությանը եւ դեմ են մարդկության դեմ հանցագործություններին»,- ավելի վաղ հայտարարել էր ՀՅԴ Հայ դատի Հարավային Ամերիկայի հանձնախմբի ղեկավար Ալֆոնսո Տաբակյանը:

Բրազիլիայի Դաշնային Սենատը միաձայն ընդունել է Սենատի Արտաքին հարաբերությունների և ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ, դաշնային սենատոր Ալոիզիո Նունես Ֆերեյրա Ֆիլյոյի և դաշնային սենատոր Ժոզե Սերայի հեղինակած No 550/2015 բանաձևը, որով պաշտոնապես ճանաչվում է Հայոց ցեղասպանությունը:

armenpress.am

Տպել Տպել