Սահմանադրական բարեփոխումների հարցում չեզոքությունը կարող է մինուս լինել քաղաքական ուժերի համար

FotorCreatedՍահմանադրական բարեփոխումների հարցի վերաբերյալ այդպես էլ լուրջ քննարկումներ չեղան ԱԺ-ում: Ավելին` սահմանադրական բարեփոխումների հարցը փորձում է ավելի շատ ստվերում թողնել ընդդիմության մի մասը:

Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ:

– Պրն Մինասյան, ընդդիմությունը կարծես թե փորձում է Սահմանադրական բարեփոխումների հարցը թողնել ստվերում: Լուրջ քննարկումներ կարծես թե չեն եղել ընդդիմադիրների կողմից: Ինչո՞ւ:

– Այդ հարցն ուղղեք իրենց: Սահմանադրական բարեփոխումների հարցը թիվ մեկ քաղաքական հարցն է: Այդ հարցի շուրջ քաղաքական ուժերը պետք է հայտնեն իրենց տեսակետը: Կարեւորն այն է, որ այդ քննարկումները լինեն ոչ թե ձեւական, ոչ թե ասեն` դեմ ենք, որ իշխանությունն է նախաձեռնել, այլ բովանդակային քննարկում լինի, առարկություններ էլ հնչեցվեն:

– Հնարավո՞ր է, որ աշնանը ընդդիմության մի հատվածը փորձի սահմանադրական բարեփոխումների գործընթացը տապալել:

– Չեմ կարծում: Որեւէ լիազորություն կամ ազդեցություն չկա, որ փորձեն գնալ այդ գործողությանը: Տապալել` նշանակում է հակասահմանադրական ընթացքի մեջ լինել կամ առնվազն լինել չեզոք դիրքում: Վերջինը կարող է իրենց համար մինուս լինել:

– Սահմանադրական բարեփոխումներին դեմ ընդդիմադիրները միգուցե քաղաքական դիվիդենտնե՞ր են ցանկանում շահել` բարեփոխումների գործընթացի դեմ խոսելով:

– Դա իրենց հարցրեք: Ես ուզում եմ, որ մեր երկրում սահմանադրական բարեփոխումների շնորհիվ ձեւավորվի այնպիսի համակարգ, որը իրական հնարավորություն կընձեռի իշխանափոխության համար:

– Այնուամենայնիվ, մենք ականատես եղանք խորհրդարանում Ձեր եւ ընդդիմադիր երկու ուժերի` ՀԱԿ-ի եւ ՕԵԿ-ի բանավեճին: Այնքա՜ն բան պարզ դարձավ այդ բանավեճից:
– Դե, հիմա ես ի՞նչ ասեմ:

– Դե ինչ ասեք, Դուք պետք է ասեք:

– Ես կարծում եմ, որ նրանք, ովքեր դրական նախաձեռնությունները փորձում են վերածել նեղ, խմբային, անձնական ձեռքբերումների կամ վնասների, քաղաքականության մեջ անելիք չունեն:

– Քաղաքական դաշտում երկու նոր կուսակցություն է ձեւավորվել` «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր»: Այս համատեքստում քաղաքական ի՞նչ աշուն եք կանխատեսում: «Թեժ աշուն» բառակապակցությունն արդիակա՞ն կլինի:

– Նորմալ, քննարկումների աշուն եմ կանխատեսում սահմանադրական փոփոխությունների օրակարգային հարցում:

– Քաղաքական ուժերն աստիճանաբար կարծես թե հաջորդ ընտրություններին են պատրաստվում: ՀՅԴ-ում այս մասին քննարկումներ կամ խոսակցություններ եղե՞լ են:

– Կարծում եմ`վաղ է դրա մասին խոսելը: Կարեւոր են սահմանադրական փոփոխությունները, ընտրական օրենսգրքի մշակումն ընտրական նոր համակարգով: Միայն դրանից հետո կարելի է խոսել 2017 թ-ի ընտրությունների ձեւաչափի մասին մտածել: Իսկ առհասարակ ցանկացած քաղաքական ուժ ապագայում մտածում է իր դերակատարության մասին:

– ՀՅԴ-ն «Ալյանս», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ է:

– Այս պահին չկա այդպիսի բան, բայց ասել ենք` ցանկացածի հետ պատրաստ ենք համագործակցել, եթե իրենց տեսակետները համընկներ մեր մոտեցումների հետ: Բայց մի պայմանով կհամագործակցենք`եթե տեսակետների համընկնումը լինի համոզմունք, ոչ թե իրավիճակային հարց:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

iravunk.com

Տպել Տպել