Շատ կարեւոր է, որ շարժումը մնա իր նախնական, մաքուր շնչառության մեջ

FotorCreated28«Կազմակերպված քաոս»,- այսպես է բնութագրել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեւանյան վերջին օրերի իրադարձությունները եւ հավելել, որ նախօրեին այդ կազմակերվածությունը նվազել է։

Աղվան Վարդանյանը, որն օրեր շարունակ ցուցարարների կողքին էր իր շատ գործընկեր պատգամավորներ հետ, պարզաբանեց, թե որն է այդ անջրպետը։ «Զուտ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից զատ, այս օրերի իրադարձությունները նաեւ մեկ այլ էական հարցի մասին են վկայում։ Մեծ անվստահություն կա ոչ միայն իշխանության, այլ նաեւ քաղաքական համակարգի հանդեպ՝ ընտրահանրապես։ Պետք են արմատական քայլեր, որոնք այդ անջրպետը կվերացնեն։ Ընդհանրապես, պետք է որակական փոփոխություններ, իշխանությունը որոշ քայլեր արել է, եւ համոզված եմ, որ ելքեր կան եւ կարող են լինել՝ ի շահ մեր պետականության»,- ասաց նա։

Նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները գնահատելով՝ Աղվան Վարդանյանը նկատեց, որ մեկ բան հստակ է՝ բողոքի ակցիաներում ղեկավարություն եւ կազմակերպվածություն չկա, ինչը նոր երեւույթ է։ «Գուցե սա լավ է, եւ ավելի շատ սա հիշեցնում է կազմակերպված քաոս։ Ցավոք, երեկ այս կազմակերվածությունը նվազեց։ Նման իրավիճակներում ասպարեզ են նետվում, փորձում են իրենց շահերի համար օգտագործել այս ամենն այն ուժերը, որոնք չունեն որեւէ հենարան, այլ զուտ փոքր խմբեր են։ Քաղաքական ուժերը, կարծում եմ, մինչ այս պահը խոհեմ են գտնվել։ Որեւէ քաղաքական ուժ չի կարող այս պահին շարժումը դեպի իրեն քաշել, դա սխալ կլինի։ Եվ շատ կարեւոր է, որ շարժումը մնա իր նախնական, մաքուր շնչառության մեջ»,- ասաց Աղվան Վարդանյանը։

yerkirmedia.am

29.06.2015

Տպել Տպել