Հայ-ամերիկյան պատվիրակությունը սիրիահայերին օգնելու դժվարությունները վերացնելու հարցով հանդիպել է Պետդեպի անդամների հետ

FotorCreatedՀայկական ու ամերիկյան առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնյաներին այս շաբաթ, որպեսզի գտնեն իրագործելի լուծումներ ԱՄՆ-ից Սիրիայի, Լիբանանի ու Հայաստանի սիրիահայերին միջազգային օգնության առաքման թերությունների վերացման համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, խոսելով ամերիկահայերի անունից, պատվիրակության անդամներ Քեն Խաչիկյանը, Հայկ Օշականը, Վիգեն Հովսեփյանը, Թալին Դաղլյանը, Արամ Համփարյանը, Քեյթ Նահապետյանը կարևորել են ռիսկային գոտում ապրող սիրիահայերին, ինչպես նաև Լիբանանում և Հայաստանում հաստատված սիրիահայերին աջակցելու հարցերը:

Իրենց հերթին՝ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները հաստատել են ԱՄՆ-ի ցանկությունն՝ աջակցելու Սիրիայի հայկական համայնքին, և պատրաստակամություն են հայտնել համագործակցել Ամերիկայի հայ համայնքի հետ՝ Սիրիայի, Լիբանանի և Հայաստանի սիրիահայերին օգնություն ցուցաբերելու ժամանակ առաջացող ցանկացած խնդրի լուծման ուղղությամբ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբն աշխատում է Կոնգրեսի հետ՝ ԱՄՆ-ի կողմից սիրիահայերին տրվող ֆինանսական աջակցության ավելացման ուղղությամբ՝ Միացյալ Նահանգների կողմից 2016-ին օտարերկրյա օգնության օրինագծի շրջանակներում:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատանքները Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության մեծացման ուղղությամբ: Հուլիսի 10-ին ԱՄՆ Սենատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննարկելով Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին հատկացվող ԱՄՆ արտաքին օգնության հարցը, առաջարկել էր 2016 թվականի ֆինանսական տարում ընդլայնել Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությունը՝ հակամարտության հետևանքով տուժած անձանց օգնելու և առաջացած կարիքները հոգալու համար: Հայաստանի մասով առաջարկվել էր հատկացնել 20 մլն 60 հազար դոլարի տնտեսական օգնություն և 1 մլն 700 հազար դոլարի ռազմական օգնություն, ինչպես նաև 600 հազար դոլար՝ Միջազգային ռազմական կրթության եւ ուսուցման ծրագրի համար: Հայաստանի համար առաջարկված 20 մլն 60 հազար դոլարի օգնությունը 10 տոկոսով ավելի է Նախագահ Բարաք Օբամայի առաջարկած օգնությունից:

Ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթահանձնաժողովը, քննելով արտաքին օգնության հարցը, լռելյայն համաձայնություն էր հայտնել հայկական հատկացումների վերաբերյալ:

Տպել Տպել