Հանդիպում Արգենտինայի դեսպանի հետ

FotorCreatedԱյսօր, օգոստոսի 31-ին ՀՅԴ Բյուրոյի կենտրոնական գրասենյակի «Քրիստափոր Միքայելյան» կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում Արգենտինայի Հանրապետության դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիանի եւ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանի միջեւ: Հանդիպմանը մանակցում էր նաեւ Արգենտինայի դեսպանությունից նախարար Ադրիանա Տրոտտան։

Հանդիպումը նախաձեռնել էր Արգենտինայի հանրապետության դեսպանը` ՀՀ կուսակցությունների ղեկավարության հետ ծանոթացման հանդիպումների շրջանակներում։

Հրանտ Մարգարյանը ամփոփ ներկայացրեց Հայ Յեղափոխական Դաշնակցության համաշխարհային կառույցն ու գործունեությունը, գնահատելով Արգենտինայի դրական կեցվածքը հայ ժողովրդի հիմնահարցերի նկատմամբ: Նաեւ շեշտեց հայ-արգենտինական հարաբերությունները առավել խորացնելու հնարավորություններն ու կարեւորությունը։

Աղվան Վարդանյանն իր հերթին ներկայացրեց ՀՀ-ի քաղաքական օրակարգի այսօրվա գլխավոր հարցի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ տեսակետները, շեշտելով, որ ՀՅ Դաշնակցությունը այդ կեցվածքն է որդեգրել դեռեւս 25 տարի առաջ։

Իր խոսքում պարոն դեսպանը գնահատեց Արգենտինայի հայ համայնքի դերը հայ-արգենտինական հարաբերությունների զարգացման գործում. կարեւորեց կուսակցությունների եւ խորհրդարանական խմբակցությունների դերը՝ միջպետական հարաբերությունների զարգացման մեջ և ընդգծեց, որ Արգենտինան ընդհանրապես փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել արտաքին հարաբերություններում եւ կարեւորում է սկզբունքային մոտեցումները։

Հանդիպման վերջում պայմանավորվածություն ձեռք բերվեց ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատան եւ ՀՅԴ կառույցների միջեւ շփումները շարունակելու վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ (2015թ. օգոստոսի 31)

Տպել Տպել