ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի խոսքերով՝ վերջին օրերին հայաստանա-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային լարված իրավիճակի պատասխանատվությունը հավասարաչափ կրում են ե՛ւ ադրբեջանական կողմը, եւ՛ միջազգային կառույցները:
«Հայկական կողմը բազմիցս թե՛ ահազանգել, թե՛ ուղղակի զգուշացրել է միջազգային կառույցներին՝ Ադրբեջանի կողմից սահմանային նման իրավիճակ ստեղծելու մասին, կոչ արել նրանց՝ պատասխանատվության ենթարկել եւ որոշ ճնշումներ գործադրել, սակայն, կարծես թե, այս ամենը դուրս են միջազգային հանրության եւ հատկապես ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահող երկրների ուշադրությունից, ովքեր ունենալով իրական լծակներ ադրբեջանական կողմի վրա ազդելու համար՝ հաճախ հանդես են գալիս չեզոք դիրքորոշումներով: Դրա փոխարեն՝ միջազգային կառույցներն իրենց հայտարարություններում հավասարության նշան են դնում կողմերի միջեւ՝ համահավասար պատասխանատվության կոչ անելով»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշեց Դավիթ Իշխանյանը:
Դ. Իշխանյանի կարծիքով՝ վերջին օրերի լարվածությունը հավանաբար պայմանավորված է Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններով: Քաղաքական այդ անցուդարձի ֆոնին Ադրբեջանը ցանկանում է հանրության ուշադրությունը շեղել եւ սլաքը ուղղել դեպի ճակատ՝ շրջանցելով ներքին ճակատի հիմնախնդիրները:
«ԼՂՀ ՊՆ տվել է իր համապատասխան նախազգուշացնող հայտարարություն եւ այսպիսի իրավիճակի շարունակվելու դեպքում, կարծում եմ, անհրաժեշտ է լինելու ավելի վճռական եւ կոնկրետ գործողություններ իրականացնել»,- ավելացրեց Դավիթ Իշխանյանը:
Վերջերս ճակատային գծում նկատելի է նոր, ավելի մեծ տրամաչափի զինատեսակների օգտագործում, հատկապես՝ թուրքական արտադրության: Այս վերաբերյալ Դավիթ Իշխանյանը նշեց.
«Թուրքիան վերջին տարիներին ոչ միայն քաղաքական առումով է փորձում դերակատար լինել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ, այլեւ ռազմական փորձագետների եւ համապատասխան համագործակցության դրսեւվորման ակնհայտ ցուցադրություն է այն, որ ռազմաճակատում արդեն երեւան են գալիս թուրքական զինատեսակներ: Դրանք ադրբեջանական կողմի համար ոչ միայն պաշտպանողական, այլ նաեւ՝ հարձակվողական բնույթ են կրում: Այս ամենը լուրջ «ուղերձ» է հայկական կողմին: Այս ուղղությամբ մենք ոչ միայն խորհելու, այլեւ՝ հակադարձելու անհրաժեշտություն ունենք»,- ասաց քաղաքական գործիչը:
aparaj.am
09/09/2015







