Նախագիծն հաջողված է

Հարցազրույց ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ

FotorCreated-Ըստ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ բարեփոխվող սահմանադրությամբ երկիրը կգլորվի խիստ վտանգավոր միակուսակցական համակարգ` դեպի քաղաքական մենաշնորհ: ՀՅԴ-ում չկա՞ նման մտավախություն:

-Նախ, ես ոչ միայն որպես ՀՅԴ պատգամավոր, այլեւ որպես հայ քաղաքացի, վստահաբար կարող եմ ասել, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեր երկրի զարգացման գործում ունեցել է իր ավանդն ու ներդրումը: Սակայն հարգելով նրա վաստակը, նաեւ տեսակետը՝ չեմ ընդունում նրա բերած հիմնավորումները:

Նախ` նշում է, թե գործող սահմանադրությունը որեւէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի առաջ ծառացած բոլոր խնդիրների ու մարտահրավերների հաղթահարմանը: Ես համամիտ չեմ այս տեսակետին, քանի որ կյանքը ցույց է տվել հակառակը` սահմանադրական զարգացումների ներքո մեր բոլոր խնդիրները չեն հաղթահարվել, իսկ դա նշանակում է, որ սահմանադրական նորմերը եղել են թերի, ոչ ամբողջական:

Երկրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը, ցավոք, 2005-ին փոփոխված սահմանադրությամբ չի հասցրել երկիրը լիարժեքորեն կառավարել, որովհետեւ 2005-ին փոփոխվածը, ըստ էության, ամբողջ ծավալով ուժի մեջ մտավ 2007-ի ԱԺ ընտրություններից հետո, իսկ դրանից անմիջապես հետո տրվեց հաջորդ տարում սպասվելիք նախագահական ընտրությունների մեկնարկը:

Այսինքն` 2005թ. փոփոխված սահմանադրությունը Ռոբերտ Քոչարյանը չկարողացավ իրացնել իր ղեկավարման տարիներին: Հակառակ դեպքում, վստահ եմ, որ նա կտեսներ այն բացերը, որոնք արձանագրված են ներկայիս փոփոխությունները հիմնավորող հայեցակարգում:
Երրորդ՝ Ռոբերտ Քոչարյանը մատնանշել է ԽՍՀՄ սահմանադրության 6-րդ հոդվածը, որը ոչ միայն Կոմկուսին էր վերապահում միակ ճշմարիտը լինելու դերակատարումը, այլեւ արգելում էր որեւէ այլ քաղաքական կազմավորման գոյությունը այդ միության մեջ:

Ասել է թե՝ ԽՍՀՄ-ը սահմանադրորեն արգելում էր մրցակցությունը քաղաքական կյանքում: Սա որեւէ աղերս չունի ու չի կարող ունենալ այն փոփոխությունների հետ, որոնք այսօր առաջարկվում են, այն պարզ պատճառով, որ սահմանադրական փոփոխությունների կենտրոնական հարցերից մեկը բազմակուսակցական համակարգի ստեղծումն է:

Եվ ցանկացած կազմակերպություն` քաղաքական կուսակցություն, հասարակական կազմակերպություն, անձ կամ անձանց խումբ, եթե փորձեն այդ նպատակը վերափոխել, ապա նրանց քայլը կհամարվի հանցագործություն, իշխանազանցություն, ինչը կենթարկվի պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ:

Վերջապես, իրավական համակարգն ի սկզբանե որեւէ քաղաքական ուժի հնարավորություն չի տալիս ունենալ այնպիսի առավելություն, ինչպիսիք կա այսօր:

Երկրորդ նախագահն իր նախկին հարցազրույցներում հաճախ է շեշտել, որ քաղաքական համակարգում կարեւորը հավասարակշռությունն է: Սահմանադրական այս փոփոխություններով դա է նաեւ ապահովվում, մասնավորաբար ընդդիմությանը վերապահվում է ազդեցության հսկայական հնարավորություն:

Պարզ է, որ իշխանությունը հետայսու չի կարող այնպիսի հանգիստ կյանք վայելել, որպիսին ունեցել է 1995-ի եւ 2005-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Այլ կերպ ասած` «ամեն ինչ հաղթողինն է» սկզբունքը, որ գործել է նախորդ ժամանակահատվածում, փոխարինվում է հավասարակշռված ու փոխադարձ զսպումներով քաղաքական համակարգի:

Այս ամենը, կարծում եմ, կփարատեն երկրորդ նախագահի՝ որպես երկրի վաղվա օրով մտահոգ մարդու անհանգստությունները: Իսկ եթե կան այնպիսի հոդվածներ, որոնք ցույց կտան, որ առաջարկվող համակարգը վնասում է պետությանը, ապա խորհրդարանը իրավասու է առանց ժողովրդական հանրաքվեի փոփոխության ենթարկել դրանք, այդ թվում եւ 89-րդ հոդվածը, ինչի մասին խոսել է Ռոբերտ Քոչարյանը:

Սա եւս ցույց է տալիս, որ ունենում ենք իրական հնարավորություն, ի դեմս այդ փոփոխությունների, երկիրը էլ ավելի ժողովրդավարական դարձնելու եւ առաջ գնալու՝ հստակ ամրագրելով ազգային, պետական նպատակները:

-Դառնանք ներքին դաշտում նշմարվող խլրտումներին. չնայած «ոչ»-ի` այդպես էլ չձեւավորված ճակատում խառնաշփոթ է, բայց կան ուժեր, գուցեեւ անձինք, որոնց նպատակն է սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրվակ դարձրած երկրում ծավալել ապակայունացնող գործընթացներ: Նման խմորումները չե՞ն մտահոգում Դաշնակցությանը:

-«Ոչ»-ի, այսպես կոչված, ճակատում բոլորը չէ, որ միատեսակ են մտածում: Ինչպես այլ հարցերում կան մարգինալից մինչեւ առողջ ուժեր, այստեղ եւս նույն երեւույթի ականատեսն ենք:

Սակայն, ի տարբերություն նախկին դրսեւորումների, ես այստեղ վտանգավոր երկու երեւույթ եմ տեսնում: Առաջին՝ կան անձինք, ովքեր «ոչ» են ասում ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծում ամրագրված այս կամ այն դրույթով մտահոգված, այլ «ոչ» են ասում երկրում ապակայունացում մտցնելու նպատակով: Այսպիսիների նպատակը ոչ թե իշխանափոխությունն է, այլ պարզապես մարդափոխությունը:

Սրանց ամենեւին չի հետաքրքրում, թե երկիրն ինչ կառավարման համակարգ կունենա, քանի որ նրանց համար կարեւորն այն է, որ իրենք լինեն երկրում հարցեր լուծողը: Հետեւաբար եթե անգամ նրանց ցանկություններն ամրագրվեին այս նախագծում, միեւնույն է, նրանք դարձյալ հակադրվելու էին, որովհետեւ, ինչպես ասացի, նպատակներն այլ են:

«Ոչ»-ի մեջ կա նաեւ մի խումբ, որն ակնհայտորեն ուղղորդվում է դրսից, հատկապես այն ուժային կենտրոններից, որոնք ուզում են Հայաստանում գործ ունենալ ոչ թե մի ամբողջ ժողովրդի, նրա քվեն ստացած մի ամբողջ խորհրդարանի, այլ մեկ անձի հետ, որին այս կամ այն հարցը կարող են պարտադրել, թելադրել: Պարզ է, որ այդ ուժերը ամեն գնով փորձելու են գտնել իրենց աջակիցներին, ովքեր պատրաստ կլինեն այդ ծառայությունը մատուցելու:

-Պարոն Մինասյան, փաստորեն խորհրդարանի քվեարկությանը ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների մի նախագիծ, որը նախնական տարբերակի համեմատությամբ լավ մշակված մի փաստաթուղթ է: Անակնկալի են եկել անգամ հասարակական հատվածի այն ներկայացուցիչները, որոնք մինչեւ երեկ «ոչ»-ի շարքերում էին, ու ամիսներ շարունակ ահազանգում էին նախագծում տեղ գտած մեր ինքնությունը վտանգող դրույթների մասին:

-Իսկապես, հաջողված նախագիծ ստացվեց, եւ ոչ միայն այն պատճառով, որ մասնագիտական հանձնաժողովը աշխատեց զօր ու գիշեր, ականջալուր եղավ հանրության տարբեր հատվածների կողմից ներկայացվող մտահոգություններին, դիտողություններին։ Նաեւ այն պատճառով, որ նախագծում հստակ ուրվագծվում է սահմանադրական այն ուղղվածությունը, որը մեր ժողովուրդը պետք է համարի իր զարգացման հիմնական գիծը:

Մեր պատմության ընթացքը բազմիցս է ապացուցել, որ հայ ժողովուրդը կարեւորում է մի քանի հենասյունային ինստիտուտներ. առաջինը ընտանիքն է, որը «Սահմանադրական կարգի հիմունքներ» բաժնում ամրագրվեց որպես հիմնական` պետության, բնակչության զարգացման առանցքային օղակ, վերարտադրության հիմնական մեխանիզմ:

Երկրորդը. սահմանադրական կարգի հիմունքներում ամրագրվեց պետության պարտավորությունը, այն է` Սփյուռքի հետ միասնաբար իրականացնել հայապահպանության ու հայրենադարձության ծրագիր: Մինչ այժմ որեւէ սահմանադրության մեջ այս խնդիրը պետությունն իր առաջ այսպես հստակ ձեւակերպված չէր դրել: Իսկ այսուհետ հայրենադարձությունը դառնում է պետության քաղաքականությունը: Եվ դա ամրագրված է 19-րդ հոդվածի առաջին կետում:

Մյուսը վերաբերում է երկրի տնտեսական զարգացման մոդելին, ըստ էության, ամրագրվում է` երկրի զարգացում սոցիալ-դեմոկրատական արժեքների հիմքի վրա: Ձեւավորվում է հետեւյալ մոտեցումը` սեփականության իրավունքը իր սեփականատիրոջից զատ պետք է ծառայի նաեւ հանրությանը ու գտնվի պետության պաշտպանության ներքո:

Հաջորդը. ամրագրվեց, որ տնտեսական զարգացումը հենվում է կայուն զարգացման սկզբունքի վրա, իսկ դա նշանակում է երեք բաղադրիչների միաժամանակյա գոյություն. սոցիալական կյանք, տնտեսական արդյունավետություն եւ բնապահպանական միջավայր: Այլ կերպ ասած, մեր պետական քաղաքականության տնտեսական հենքը լինելու է կայուն զարգացումը:

Շահեկանորեն փոփոխվել է մարդու իրավունքներին վերաբերող բաժինը: Այն սահմանադրության մեջ այլեւս ոչ թե հռչակագրային բնույթ կունենա, այլ սահմանված է կոնկրետ մեխանիզմ: Իրավունքի գերակայության սկզբունքը համարվում է հիմնարար սկզբունք, այն չի կարող սահմանափակվել ո՛չ որեւէ օրենքով, ո՛չ էլ օրենսդիրը կարող է սահմանափակել իր ցանկությամբ: Խոսքը ե՛ւ քաղաքական իրավունքների մասին է, ինչպիսին է հավաքների ազատության իրավունքը, ե՛ւ սոցիալ- տնտեսական բնույթի իրավունքների:

-Նախագծի մի շարք դրույթներ միտումնավոր աղավաղվեցին բարեփոխումները մերժողների կողմից։

-Այո, միտումնավոր աղավաղեցին ընտանիքի ինստիտուտին, նաեւ երկրի պաշտպանական համակարգին վերաբերող դրույթները: Այդ անձինք չխորշեցին ահաբեկել մեր հանրությանը` ներկայացնելով կեղծ տեղեկատվություն, թե իբր հայոց պաշտպանական համակարգը, հատկապես բանակը, արտաքին անվտանգությունը կտուժեն ու կթուլանան, եթե կատարվեն այս բարեփոխումները: Մինչդեռ կլինի ճիշտ հակառակը, այս փոփոխություններով ավելի կամրապնդվի Հայաստանի արտաքին անվտանգության համակարգը:

Զինված ուժերը, որ համարվում է Հայաստանի արտաքին անվտանգության երաշխավորը, կգտնվի եռակի վերահսկողության ներքո, նախ՝ կառավարության ենթակայության տակ, զինված ուժերը կղեկավարի պրոֆեսիոնալ զինվորականը` զինվորական շտաբի պետը, ոչ պատերազմական իրավիճակում բանակի կառավարումը կիրականացնի պաշտպանության նախարարը, իսկ պատերազմի ժամանակ վարչապետը կլինի գերագույն հրամանատարը:

Եվ այս բոլոր գործողությունները, ի վերջո, կհաստատվեն խորհրդարանի կողմից. պատերազմ հայտարարելը կամ խաղաղություն հաստատելը բացառապես խորհրդարանի գործառույթն է, ոչ թե մեկ անձի: Սա փաստում է, որ մենք է՛լ ավելի պաշտպանված համակարգ ենք ունենալու։ Մեր զինված ուժերը կունենան էլ ավելի հստակ դերակատարում երկրի անվտանգության ապահովման գործում:

Այնպես որ, մեր այն քաղաքացիները, ովքեր մտահոգված են այս հարցերով, թող հանգիստ լինեն: Եվ «ոչ»-ի «ճամբարի» այն հատվածը, որը փորձում է մեր ժողովրդի անհանգստությունը օգտագործել, նրան ահաբեկել կամ նրա մեջ կասկածներ մտցնել, ապագա չունի:

Դրսից ֆինանսավորվող ու ներսում խժդժություններ հրահրողներին խորհուրդ կտամ` չզբաղվել այդ անպատվաբեր գործով, չծառայել սատանային ու մտածել սեփական երկրի, ժողովրդի բարեկեցության բարձրացման ուղղությամբ:

ԱՐՄԻՆԵ ՍԻՄՈՆՅԱՆ

«Հայոց Աշխարհ»
armworld.am

Տպել Տպել