ՀՀ կառավարության պահանջները Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ն ամբողջությամբ բավարարել է

FotorCreatedԵվրոպական դատարանում «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի գործով» վճռի վերաբերյալ տեղեկատվություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: Գործին մասնակցելով երրորդ կողմի կարգավիճակում՝ Հայաստանի Հանրապետությունը ակնկալում էր, որպեսզի Եվրոպական դատարանի վճռից բացառվեն ձևակերպումներ, որոնք կարող են որևէ կերպ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության փաստը:

Այսօր հրապարակած վճռում Եվրոպական դատարանը նշեց, որ այս գործով դատարանի խնդիրը չէ որոշելու՝ արդյոք Օսմանյան Կայսրությունում 1915թ. հայ ժողովրդի նկատմամբ կատարված զանգվածային կոտորածներն ու տեղահանումները կարող են որակվել Ցեղասպանություն` միջազգային իրավունքում այդ հասկացությանը տրված բովանդակության տեսանկյունից: Այնուհետև, դատարանի Մեծ պալատը սահմանեց, որ Եվրոպական դատարանը չունի որևէ իրավասություն` անելու իրավական հայտարարություններ այս հարցի վերաբերյալ՝ անկախ նրանից, թե որ տեսանկյունից է դա արվում:

Դատարանը վճռում նաև արձանագրեց, որ հայերն ունեն իրենց և իրենց նախնիների արժանապատվության նկատմամբ հարգանքի իրավունք, այդ թվում՝ այն շրջանակներում, որն առնչվում է Ցեղասպանության հետևանքով վնաս կրած հայկական համայնքի ինքնությանը: Դատարանը նաև դրանով արձանագրեց, որ հայերի այդ համոզմունքները և դրա հետ կապված՝ նրանց արժանապատվությունը ենթակա են պաշտպանության կոնվենցիոն չափանիշների շրջանակներում: Եվ վերջապես, Փերինչեքի հետ կապված կոնկրետ գործով Եվրոպական դատարանը սահմանեց, որ նրան քրեական պատասխանատվության ենթարկելը ոչ թե ընդհանրապես հակասում է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, այլ արձանագրեց, որ Փերինչեքի նկատմամբ սխալ է կիրառվել շվեյցարական օրենքը: Այսինքն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելը քրեականացնելը և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկելը համարվել է իրավաչափ, որը, սակայն, պետք է արվի բացառապես Եվրոպական կոնվենցիայի շրջանակներում: Արդյունքում, Հայաստանի կառավարության՝ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր պահանջները բավարարվեցին:

ՄԻԵԴ-ի հակասական վճիռը. ի՞նչ որոշեց Գերագույն պալատը

FotorCreated
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քիչ առաջ հրապարակված վճիռը «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով, քննարկումների երկար փուլ է նախանշում, քանի որ այն ունի երկու երես։

Դատարանը թեեւ որոշում է կայացրել առ այն, որ Շվեյցարիայում խախտվել են Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքները, սակայն միաժամանակ իր վճռում ընդգրկել է մի շարք կարեւոր դրույթներ, որոնք դատաքննության ընթացքում ներկայացրել էին որպես երրորդ կողմ հանդես եկող Հայաստանի ներկայացուցիչները։ Հատկանշական է, որ վճռում կասկածի տակ չի դրվել Հայոց ցեղասպանության իրողությունը. «Դատարանն ընդգծում է, որ այն լիազորված չի եղել պարզել, արդյոք հայ ժողովրդի կոտորածներն ու զանգվածային տեղահանություններն Օսմանյան Կայսրությունում կարո՞ղ է բնորոշվել իբրեւ «Ցեղասպանություն», քանի որ, ի տարբերություն միջազգային քրեական դատարանների, նման իրավական որոշումներ կայացնելու լիազորություն չունի»։

yerkirmedia.am

Տպել Տպել