ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի հնարավորությունները որոշակի կդառնան հանրաքվեից հետո

(Հատված հարցազրույցից)

FotorCreated«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:

– Պարոն Սահակյան, ՀՅԴ-ն մտադիր է առանձին իրականացնել սահմանադրական հանրաքվեի «այո»-ի քարոզչությունը: Ինչո՞վ է ՀՅԴ-ի «այո»-ն տարբերվում ձեր «այո»-ից, որի պատճառով նրանք ուզում են իրենց քարոզարշավն առանձին անցկացնել:

– Ռազմավարություն է: Ամեն կուսակցություն իր ռազմավարությունն ունի՝ մեկը անհատական, մյուսը՝ խմբակային: Նրանք անընդհատ պայքարել են խորհրդարանական կառավարման մոդելի համար, մինչդեռ իրողությունն այն է, որ մենք այս պահին ենք ընդունել այդ մոտեցումը՝ սկզբում եղել է նախագահական, հետ կիսանախագահական, և հիմա նոր անցում խորհրդարանականին: Առավել ևս՝ ասեմ, որ կիսանախագահական կառավարման մոդելի ժամանակ Դաշնակցությունը նորից պնդում էր խորհրդարանական կառավարման ձևի առավելությունը: Այսինքն՝ մեր քարոզչության հիմնական իմաստը այն է՝ ինչո՞ւ այսպես, հենց հիմա, սա կապված է քաղաքական զարգացումների և քաղաքական կուսակցությունների ներկայացրած պահանջարկի հետ:

– Գուցե ՀՅԴ անդամները չե՞ն ցանկանում ձեր կողքին նույն հարթակում կանգնել, որ իրենց վարկանիշը չընկնի: Չնայած խոսվում է, որ դուք պատրաստվում եք կոալիցիա ձևավորել:

– Մեր և Դաշնակցության միջև դաշինք չկա՝ Դաշնակցությունը ընդդիմություն է, մենք իշխանություն ենք, մեր համագործակցությունն այս պահին միայն Սահմանադրության հետ է կապված: Կոալիցիայի հնարավորությունները որոշակի կդառնան հանրաքվեից հետո, ավելի հստակ կլինեն մոտեցումները խորհրդարանական ընտրություններից հետո: Եթե խոսքը կոալիցիաների մասին է, այդ դիրքորոշումը, այդ մոտեցումները ձևավորվել են ՀՀԿ-ում, որովհետև, դուք էլ գիտեք, որ 50+1-ի և նույնիսկ ավելիի դեպքում ՀՀԿ-ն միշտ էլ ցանկանում է քաղաքական ուժերի հետ համագործակցված ճանապարհ անցնել:

1in.am

Տպել Տպել