Սահմանադրական փոփոխություններով մեր անկախությունն ենք պահպանում

FotorCreatedՍահմանադրական փոփոխություններով Հայաստանի Հանրապետության անկախությունն է պահպանվում:

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, ասել է ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը, որը Սահմանադրական փոփոխություններին նվիրված իրապատում հեռուստանախագծի շրջանակում այցելել է Արագածոտնի մարզի Կարբի համայնք:

«Իշխանությունը չպետք է կենտրոնացված լինի մեկ մարդու ձեռքում: Նոր Սահմանադրությամբ իշխանությունը ցրվում է մի քանի կառույցների վրա: Սա նշանակում է, որ միջազգային հանրությունը չի կարող ճնշում գործադրել միանգամից հարյուր մարդու վրա: Այնպես որ մենք փոփոխություններով անկախությունն ենք պահպանում»,- ասել է Արթուր Եղիազարյանը:

«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Մկրտչյանը մինչդեռ կարբեցիների հետ հանդիպմանն ընդգծել է, որ նախագահ Սերժ Սարգսյանը փոփոխություններն անում է իր անձի համար, ոչ թե հասարակության:

«Սերժ Սարգսյանն իր վերարտադրության հարցն է լուծում: Եվրասիական տնտեսական միություն մտնելուց առաջ էլ խոսում էին դրական փոփոխությունների մասին, սակայն ոչինչ էլ չեղավ: Տնտեսության վիճակն էլ վատթարացավ»,- ասաց «Ոչ»-ի կողմնակից Արմեն Մկրտչյանը:

Նշենք, որ Կարբիի բնակիչները մեծ մասամբ բարձրացնում էին սոցիալական բնույթի հարցեր:

Հիշեցնենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին:

news.am

Տպել Տպել