Բեյրութի հարավային շրջաններում հայեր չեն ապրում

FotorCreatedԲեյրութում պայթյունները տեղի են ունեցել Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանում, որտեղ հայ բնակչություն չկա:

Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

Նրա խոսքով, վերջին տվյալներով, պայթյունների զոհերի թիվը հասել է 43-ի, տուժածները 239-ն են: «Տեղեկություն կա, որ նաեւ երրորդ եւ չորրորդ մահապարտներն են եղել: Երրորդի պայթուցիկը չի պայթել, իսկ չորրորդը փախուստի է դիմել, սակայն ձերբակալվել: Նա Լիբանանի քաղաքացի է, Տրիպոլի քաղաքի բնակիչ»,- տեղեկացրեց Գանտահարյանը՝ հավելելով, որ, որոշ կանխատեսումների համաձայն, ահաբեկչությունների ալիքը կարող է շարունակվել:

Երկրում սուգ է հայտարարված, ինչի պատճառով պետական հաստատությունները, դպրոցները, այդ թվում՝ մասնավոր, համալսարանները փակ են: «Հատկանշական է, որ օրերս Լիբանանի խորհրդարանում վերջապես համաձայնություն էր ձեռք բերվել քաղաքացիության մասին հատուկ օրինագծի շուրջ: Երկարատեւ տարաձայնություններից հետո քաղաքական ուժերը կարողացան որեւէ հարցի շուրջ համաձայնության գալ: Սակայն քաղաքական տեսանկյունից որոշակի լավատեսությունը փոխարինվեց հոռետեսական մթնոլորտով»,- հավելեց Շահան Գանտահարյանը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին Բեյրութում տեղի ունեցած երկու պայթյունների պատասխանատվությունը ստանձնել են «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները: Լիբանանի վարչապետ Թամմամ Սալամը հայտարարել է, որ պայթյունների առիթով նոյեմբերի 13-ին երկրում սուգ է հայտարարված:

Տպել Տպել