Այսօր ՀՅԴ ներկայացուցիչները սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում եղան Աշտարակ քաղաքում:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, խոսելով սահմանադրական բարեփոխումների մասին, նշեց, թե շատերը մտածում են, որ եթե իշխանությունն է նախաձեռնել այս փոփոխությունը, ուրեմն` իր շահերից է ելնում:
«Սահմանադրական բարեփոխումները մեր, մեր ժողովրդի հաջողությունն են, որի հետ իշխանությունը համաձայնել է: Այս առումով` մենք ողջունում ենք իշխանությունների կամքը, բայց, միաժամանակ, չենք ասում, որ դեկտեմբերի 6-ով այս ամենը վերջանում է. փոփոխությունները պետք է այնքան ժամանակ շարունակվեն, մինչև յուրաքանչյուր քաղաքացի տեր կլինի իր քվեին»,- ասաց Մինասյանը:
Դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխություններին, ըստ նրա, նշանակում է` մնալ խավարի փոսի մեջ, իսկ կողմ արտահայտվելով` ցույց կտանք, որ ուզում ենք դուրս գալ այս փոսից: «ՀՅԴ-ն կողմ է, որ դուրս գանք այս փոսից: Մենք «Այո» ասելով` «Ոչ» ենք ասում այսօր տիրող իրավիճակին»,- ասաց Մինասյանը:
ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանն էլ իր հերթին նշեց, որ եթե մերժում ենք սահմանադրական բարեփոխումները, ուրեմն` հույս չկա, որ դուրս կգանք այս վիճակից: Սահմանադրական բարեփոխումները, ըստ նրա, փոխում են խաղի կանոնները:
«Գործող Սահմանադրությամբ ընդդիմությունը ոչ մի լծակ չունի, որ ազդի իշխանության վրա, և ստիպված է կա՛մ համագործակցել իշխանության հետ, կա՛մ ստվերում մնալ: Պետք է համակարգը, խաղի դաշտը փոխել: «Ոչ» ասողները, փաստորեն, կողմ են գործող Սահմանադրությամբ ամրագրված այն համակարգին, որն այսօր ժողովրդին այս վիճակին է հասցրել»,- ասաց Եսայանը:
Նրա կարծիքով, եթե մարդիկ դժգոհ են ներկա վիճակից, պայքարի միջոցներ են փնտրում, սահմանադրական բարեփոխումները ժողովրդի մեջ հույս արթնացնելու միակ ելքն է.«Ուրիշ ձև չկա, եթե գնում և վաղը «Ոչ» ենք ասում սահմանադրական փոփոխություններին, ուրեմն` այսօրվա իրականությունը մեզ ձեռք է տալիս: Եթե այսօրվա իրականությունից դժգոհ եք, պետք է գնալ և այսօրվա իրականությանը «Ոչ» ասելով` «Այո» ասել Սահմանադրության նախագծին: Երկրի Սահմանադրությունն է որոշում խաղի այն կանոնները, որ հաստատված են երկրում, այն իրավակարգը, որը գործում է: Եթե մենք մերժում ենք Սահմանադրությունը և օրենքների կարևորությունը, ուրեմն հույս չկա, որ մեր երկիրը դուրս կգա այս վիճակից»:
ԵՊՀ-ի աշխարհարգրության, երկրաբանության ֆակուլտետի դեկան, ՀՅԴ անդամ Մարատ Գրիգորյանը նշեց, որ հիշում է` տարիներ առաջ, երբ ընտրում էինք գործող Սահմանադրությունը, շատ քաղաքական ուժեր այն ժամանակ բոյկոտեցին այն և չմասնակցեցին հանրաքվեին` այն «ազգադավ Սահմանադրություն» որակելով: Հիմա, ըստ Գրիգորյանի, այդ նույն մարդիկ ատամներով պաշտպանում են այս Սահմանադրությունը և դեմ են նոր Սահմանադրությանը:
«Շատերին թվում է` ՀՅԴ-ն իշխանության հետ է, բայց այս հարցում իշխանությունն է Դաշնակցության հետ, քանի որ ՀՅԴ-ն ի սկզբանե իր ծրագրային դրույթներում դրել է հարցը, որ երկրի կառավարման համակարգը պետք է պառլամենտական լինի: Այս 20 տարիների ընթացքը ցույց տվեց, որ նախագահական համակարգն անարդյունավետ էր, և ՀՅԴ-ն այդ համակարգին միշտ էլ դեմ է եղել»,-ասաց Գրիգորյանը:
«Այո» ասելով սահմանադրական փոփոխություններին` ըստ նրա, մենք ազատվում ենք անձի իշխանությունից: Գրիգորյանի հավաստմամբ, եթե մենք այսօր հույս ենք կապում միմիայն նախագահի հետ` սահմանադրական բարեփոխումների շնորհիվ կկայանան քաղաքական ուժերը. «Սահմանադրական բարեփոխումներով կառավարման համակարգն ենք փոխում, քաղաքական ուժերի դերակատարությունն ենք փոխում, մի խոսքով` ազատվում ենք այն բոլոր թերություններից, որոնք կան հիմա»:
Ելույթներին հաջորդեցին քաղաքացիների հարցերը, որոնք բոլորն էլ գտան իրենց պատասխանները:







