Նոր Սահմանադրությունը երաշխավորելու է դատարանների անկախությունը

FotorCreatedՄեր երկրի դժբախտություներից մեկն այն է, որ ունենք կոռումպացված դատական համակարգ, որը ենթարկվում է մեկ կենտրոնի: Այս կարծիքին է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը:

Ըստ նրա` առաջարկվող սահմանադրական փոփոխություններով արմատապես փոխվում է դատական համակարգը՝ երաշխավորելով դատական համակարգի դերը պետական համակարգում, ապահովելով դատարանների անկախությունը, սահմանափակելով դատավորների անձեռնմխելիությունը: Համբարձումյանի խոսքով՝ դատական համակարգի գլուխ լինելու է Բարձրագույն դատական խորհուրդը, որը փոխարինելու է այսօրվա Արդարադատության խորհրդին, և հենց այդ ատյանն էլ երաշխավորելու է ամբողջ դատական համակարգի անկախությունը:

«Մենք արժանի ենք ունենալ ավելի լավ ու բարեկեցիկ երկիր, բայց առկա իրողությունները դրա հնարավորությունը չեն տալիս: Երկրի տնտեսական վիճակը շատ վատ է, սոցիալական խնդիրներ կան, արտագաղթ կա, պատերազմական իրավիճակ է, բայց այս խնդիրները հետևանք են, իսկ դրանց պատճառները թաքնված են պետական կառավարման համակարգում: Մեր երկրի իրողությունները հաշվի անելով` մենք համոզում ունենք, որ Հայաստանը պետք է լինի խորհրդարանական կառավարման երկիր»,- էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ ասաց Համբարձումյանը և հավելեց. «Շատերն ասում են, որ քաղաքական կամքի դեպքում գործող Սահմանադրությունն էլ է շատ լավը, և ոչ ոք չի խանգարել, որ այն բոլոր նորմերը, որ գրված են, կյանքի կոչվեն: Գործող Սահմանադրության 1-ին և 2-րդ գլուխներում շատ նորմալ ձևակերպումներ ու նորմեր կան ամրագրված, բայց մյուս գլուխներում այն մեխանիզմները, որոնք պետք է պարտադրեն, որ այս նորմերը կյանքի կոչվեն, գրված չեն: Աշխարհի երկրների փորձը ցույց է տալիս, որ պետական կառավարման համակարգի հիմքում պետք է դրվեն ճիշտ մեխանիզմներ, հստակ վերահսկողության լծակներ: Սահմանադրական բարեփոխումներն արմատական բարեփոխումներ են ենթադրում` բոլոր առումներով»:

Համբարձումյանն այն կարծիքին է, որ գործող սահմանադրության պայմաններում մենք հերթական անգամ գնալու ենք նախագահական կամ խորհրդարանական ընտրությունների, հերթական անգամ մեր ժողովուրդը հիասթափվելու է, և վիճակը նույնն է մնալու: «Սահմանադրական փոփոխությունների արդյունքը ընտրությունների հաջորդ օրը չէ, որ մեր կաշվի վրա զգալու ենք, որովհետև սա ենթադրում է որոշակի գործընթաց»,- ասաց նա:

Արսեն Համբարձումյանն անդրադարձավ նաև սահմանադրական բարեփոխումներով նախատեսվող պատշաճ վարչարարության իրավունքին: «Այսօր բոլորը գիտեն, որ վարչական մարմինները տուգանքները սահմանում են, փոստով ուղարկում քաղաքացիներին՝ նամակում նշելով, թե ինչքան ժամանակ ունի` վճարելու, հակառակ դեպքում` տուգանքները կավելանան: Առանց մարդուն լսելու` արտադատական կարգով մարդուն վարչական տուգանքի են ենթարկում և ասում են` վճարիր: Նոր Սահմանադրությամբ նման երևույթները բացառվելու են, քանի որ բարեփոխումների փաթեթն այլ մեխանիզմներ է առաջարկում»,- ասաց նա:

Տպել Տպել