ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին

FotorCreated2016 թվականի բյուջեի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետն այսօր ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ 2016 թվականի բյուջեի նախագիծն արտացոլում է վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը:

«Այս առումով` դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, այլ նաև իրականությունից զգալի շեղում կլինի»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ տնտեսագիտական աքսիոմա է` երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարում հիմքը երեք հիմնական գործոններն են` աշխատանք, կապիտալ և տեխնոլոգիաներ: «Աշխատանքի, կապիտալի, տեխնոլոգիաների առումով` Հայաստանի իշախանություններին դեռ չի հաջողվել ստեղծել, իրականացնել այնպիսի քաղաքականություն, որ աշխատանքը, որը բնութագրվում է աշխատուժի մասնագիտացմամբ, աշխատանքի պայմանների բարելավմամբ, աշխատողի իրավունքների պաշտպանությամբ, միանալով կապիտալին, ներմուծելով տեխնոլոգիաներ, հնարավոր լիներ իսկապես արտադրություն ստեղծել և երկիրը տանել դեպի զարգացում»,- ասաց Մինասյանը:

Ըստ պատգամավորի` կարճաժամկետ ընթացքում տեղի ունեցող մի շարք գործոններ չեն նպաստում տնտեսության զարգացմանը: «Կարճաժամկետ, իրավիճակային լուծումներ փնտրելու գործողությունները հանգեցրել են երկրի տնտեսության գահավիժմանը, ՀՆԱ-ի իրական և պոտենցիալի միջև իրական շեղումներին: Հողերի մասսայական սեփականաշնորհումը փոշիացրեց զարգացած արդյունաբերական գյուղատնտեսությունը, և արդեն երկու տասնյակից ավելի տարի է, որ հնարավոր չէ գյուղատնտեսության զարգացում ապահովել: Տառապում ու խարխափում ենք սոցիալական գյուղատնտեսության մեջ: Շատ ժամանակ չի անցել, երբ գործազրկության նպաստները և այլ սոցիալական ծառայություններ էին կրճատվում, և հայտարարվում էր, որ այդ ամենը նպաստելու է ակտիվ զբաղվածության ավելացմանը, աշխատուժի մասնագիտական բարձրացմանը, բայց մենք տեսանք, որ այդպես չեղավ, այլ աղքատությունն ավելի խորացավ»,- մտահոգություն հայտնեց Արծվիկ Մինասյանը:

Նրա բնորոշմամբ` տեսչական բարեփոխումներ իրականացնելը լավ գաղափար է, սակայն երբ աշխատանքի տեսչությունը լուծարվեց, տեսանելի եղավ, որ աշխատողների տարրական իրավունքները ոտնահարվում են, և չկա պատշաճ վերահսկողություն:

Մինասյանը նշեց, որ լրջագույն խնդիր է պարտադիր աուդիտի հանումը` առանց համապատասխան փոխարինման: Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակից առաջին ելքը անկեղծությունն ու ազնվությունն է` խոստովանելու ստեղծված վիճակը, երկրորդը` կազմակերպվածությունը և հետևողականությունը, ինչպես նաև` ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

«Այս տեսանկյունից` առկա ռեսուրսներն անգամ արդյունավետ չեն օգտագործվում: Կարևոր է նաև հարկային քաղաքականության արդյունավետությունը: Կարճաժամկետ, իրավիճակային հարկային քաղաքականությունը շատ վնասակար է: Բյուջեն հետևանք է վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականության: Մնեք դատապարտված ենք ապրել պարտքի բեռով, եթե շարունակենք ապրել այս տեմպով: Այն գործընկերները, ովքեր ասում են` պարտք վերցնենք, նշեմ, որ դա նույնպես արկածախնդրություն է: Չի կարելի անվերջ պարտք վերցնել, հարկավոր է և իրական է, որ այդ պարտքի բեռը համաչափ բաշխվի, որ կարողանանք նաև այդ պարտքը հետ վերադարձնել: Պետք է օպտիմալացնել ծախսումները և իրականացնել այնպիսի ծախսեր, որոնք մեկ միավոր ծախսի դեպքում կբերեն օգուտ: Լուրջ խնդիր է նաև ինստիտուցիոնալ համակարգի ձևավորումը: Պետք է այնպես անենք, որ Սփյուռքի մեր հայրենակիցներն իրենց տեխնոլոգիաները բերեն հայրենիք: Նեղ անձնական ու խմբային շահերը մի կողմ պետք է դնենք»,- ասաց Մինասյանը և հավելեց, որ ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին:

Տպել Տպել