Հայաստանի տնտեսությունում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Lragir.am-ը զրուցել է ԱԺ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի հետ
-Պարոն Վարդանյան, կառավարությունը վատատեսական ցուցանիշներով բյուջե է կազմել հաջորդ տարվա համար՝ նվազելու են հարկային եկամուտները, տնտեսության համար ընդամենը 2.2 տոկոս աճ է կանխատեսվում: Սրան զուգահեռ կառավարության անդամները հայտարարում են, թե հաջորդ տարի ավելի վատ է լինելու: Ինչի՞ հետևանք է այս ամենը:
– Այս ամենի առաջին հիմնական պատճառը, որ կառավարությունները պարբերաբար ներկայացնում են, արտաքին գործոններն են: Երկու հիմնական արտաքին գործոն է, մեկը Ռուսաստանի տնտեսության հետ մեր հարաբերություններն ու ՌԴ տնտեսությունում առկա գործընթացներն են, ռուսական ռուբլի-դոլար փոխարժեքի կտրուկ փոփոխությունը և ՌԴ տնտեսության նկատմամբ կիրառվող արևմտյան պատժամիջոցները: Մյուս խնդիրը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո դեռևս լրիվ ոչ գործունակ համակարգի առկայությունն է, մեխանիզմենրի հստակեցումները, բիզնես միջավայրի կողմից հարմարվելը նոր պայմաններին, որոնք ըստ կառավարության և փորձագետների, ժամանակի խնդիր են:
Կա նաև Հայաստանի ընդհանուր ներքին՝ կառավարման արդյունավետության պրոբլեմը, լուրջ խնդիր են մեր արտաքին պարտքի էական մեծացումը և դրա սպասարկման վրա ծախսվող գումարները: Կարծում եմ՝ թիվ մեկ խնդիրը պետք է լինի այդ վարկերի նպատակային, առավելագույնս արդյունավետ օգտագործումը, որպեսզի դրանք նպաստեն տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
Սրանք են հիմնական խնդիրները: Ինձ համար շատ խոսուն ցուցանիշ է բոլոր բյուջեներում ընթացիկ պահպանման ծախսերի և կապիտալ զարգացման ծախսերի հարաբերակցությունը: Ցավոք, հաջորդ տարվա բյուջեի նախագծում այս առումով վերջին 10 տարիների ամենացածր ցուցանիշն ունենք. եկող տարվա բյուջեի 90.6 տոկոսն ընթացիկ ծախսերն են, որոնք զուտ պահպանում են, որևէ բան չեն ապահովում: Ընդամենը 9.4 տոկոսն են զարգացման ծրագրերը:
Համեմատության համար ասեմ, որ 2008 թվականին այդ հարաբերակցությունը եղել է 80 և 20 տոկոս: Սա է ամենվտանգավորը: Բայց ունենք այն, ինչ ունենք: Ես կարծում եմ, որ հիմա կանգ առնելու, բոլոր ներքին ռեսուրսները մոբիլիզացնելու և կառավարության խնդիրը հստակ ձևակերպելու ժամանակն է: Առկա սուղ միջոցներն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու և տնտեսական նոր քաղաքականություն, ռազմավարություն մշակելու ժամանակն է, որը, եթե մենք արդյունավետ ու նպատակային ծախսենք, չփոշիացնենք այս բյուջեն, գոնե հնարավորություն կտա հիմքեր ստեղծելու ապագայում տնտեսության զարգացման, ներդրումների ապահովման և իսկապես զարգացման ծրագրերի իրագործման:
-Այս օրերին կառավարության անդամների հայտարարությունները չե՞ն վկայում, որ կառավարությունը ձախողել է տնտեսական քաղաքականությունը: Հարցադրումներ են հնչում, թե արդյոք չպե՞տք է հրաժարական տան այն պաշտոնյաները, ովքեր ձախողել են ծրագրերն ու հայտարարում են, թե ժողովրդի համար ավելի վատ է լինելու:
-Ես գոնե այս փուլում նման եզրերով չեմ արտահայտվի՝ ձախողվել, չձախողվել: Իսկապես, կան օբյեկտիվ մի շարք հանգամանքներ, որոնց մասին ես ասացի: Բայց ես կարծում եմ, որ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի ստեղծված իրավիճակում ելքերի փնտրումը: Կկարողանա՞ կառավարությունն այդ համախմբվածությունը, միակամությունը դրսևորել, խաղի միասնական կաննոներ սահմանել և առաջիկայում ապացուցել, որ այդ ուղղությամբ է ընթացում, կգնահատենք:
Ինչ վերաբերում է հրաժարականին և այլն, դուք գիտեք, թե կառավարությունները որ պարագայում են հրաժարական տալիս: Մեր մտքով նման հարց այսօր չի էլ անցնում, որովհետև կա մեծամասնություն, կան Ազգային ժողովում ուժեր, որոնք պաշտպանում են: Կառավարության հրաժարականը պահանջելու համար անհրաժեշտ է այդ քայլի տեսանելի շարունակություն: Այսօրվա ուժերի հարաբերակցությունն ու Ազգային ժողովի պատկերը… Եթե մենք 5 հոգով պետք է որոշենք պահանջել կառավարության հրաժարականը, դա իմաստ չունի, որովհետև դա իրագործելի չէ: Մեր խնդիրը հրաժարական պահանջելը չէ, մեր խնդիրը խնդիրները ձևակերպելը, առաջարկներ ու պահանջներ ներկայացնելն է: Պետք է անել մի բան, որը հեռանկար ունի: Ես կարծում եմ, որ պետք է հնարավորություն ու ժամանակ տալ կառավարությանը՝ իմ ասած ուղղություններով իսկապես քայլեր կատարելու համար:
– Այսինքն՝ կարելի է արձնագարել, որ ըստ ձեզ՝ 2016 թվականը թեստայի՞ն է լինելու կառավարության համար:
– Ես կարծում եմ՝ այո: Մենք իսկապես ունենք սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, սոցիալական իսկապես խորը խնդիրներ: Ես նույնիսկ հակված եմ նրան, որ կառավարությունը ոչ թե փորձի ցույց տալ, թե ամեն ինչ լավ է, այլ նաև գնա ոչ ժողովրդահաճո արմատական լուծումների, այնպիսի քայլերի, որոնք պետք է տարածվեն բոլորի վրա: Եթե մեր պետական բյուջեի հնարավորությունները նվազել են և կան օբյեկտիվ պատճառներ, արդյո՞ք մեր բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտները նույն չափով նվազել են այս ընթացքում: Պետք է խաղի կանոնները բոլորի համար լինեն, և մարդիկ վստահ լինեն, որ դժվարությունները բոլորի վրա են տարածվում ու խաղի կանոնները բոլորի վրա են հավասարապես տարածվում: Այդ ժամանակ իսկապես հնարավոր կլինի գնալ այնպիսի լուրջ քայլերի, որոնք այս դժվար վիճակից դուրս գալու հնարավորություն կլինեն:
-Բայց ի վիճակի կլինի՞ կառավարությունը դա անել:
– Իմ խնդիրն ու պահանջն այս խնդիրները ձևակերպելն ու առաջադրելն է, կկարողանա, թե չի կարողանա, դա ցույց կտա տարվա ընթացքը:
-Պաշտոնյաները կարծես չեն գնում խնայողությունների, դա է վկայում թեկուզ այն, որ դարձյալ ծառայողական ավտոմեքենաների թիվն ավելանալու է հաջորդ տարվա բյուջեով:
-Մենք սահմանային իրավիճակում ենք: Պետական ամբողջ համակարգը կունենա՞ այն գիտակցությունը, որ պետք է գիծ քաշել ու փոխել մոտեցումները, կունանենք հաջողություն: Չի անի, այս վիճակը կշարունակվի:
-Հաջորդ տարվա բյուջեով աշխատավարձերի ու թոշակների բարձրացում չի նախատեսվում, այնինչ, շարունակական գնաճ է արձանագրվում: Որքանո՞վ հաջորդ տարի կսրվի սոցիալական վիճակը:
Բնական է, որ դժվար է լինելու, սա առաջին տարին է, որ գոնե նվազագույն չափով նպաստների ու թոշակների չափը չենք բարձրացնում: Բայց ես համոզված եմ, որ եթե մենք կարողանանք խաղի կանոնները հավասարեցնել բոլորի համար, դժվարությունները դառնան բոլորինը՝ կառավարությունից ու բոլոր պետական պաշտոնյաներից սկսած, հնարավոր է դիմանալ: Հույս պետք է լինի, մարդը պետք է տեսնի, որ եթե այս տարի այսպիսին է վիճակը, ապա այնպիսի քայլեր են կատարվում, որոնք հաջորդ տարիներին հիմք են ստեղծելու իսկապես զարգացման բյուջե ունենալու: Կլինի՞ այդ դրական սպասումը, այդ հույսը, մարդիկ փոփոխությունների ակնկալիք կունենա՞ն, ես կարծում եմ հնարավոր կլինի այս վիճակից դուրս գալ:
-Մեկ տարի չկա, ինչ Հայաստանը ԵՏՄ անդամ է, բայց վնասներն ակնհայտ են մեր տնտեսության համար՝ Հայաստանը գրավիչ չէ ներդրումների առումով, նվազել են արտաքին առևտրաշրջանառության ծավալները, չեն հավաքվել սպասված քանակի մաքսատուրքերը:
-Մեզ միշտ ներկայացվում էր, որ հակառակ ուղությամբ, այսինքն՝ սա հնավարություն կտա մեր տնտեսության զարգացման համար: Բերվում են օբյեկտիվ պատճառներ, թե ինչու այս 10 ամիսների ընթացքում դա չի հաջողվել, որոնց մեջ իրականություն կա: Նոր մեխանիզմները դեռևս իսկապես գործունակ չեն, մեր բիզնես միջավայրը չի հարմարվել նոր պայմաննրին: Նման հսկայական փոփոխությունները ենթադրում են նաև կետային, իսկապես պրոֆեսիոնալ լուրջ աշխատանք, որը ժամանակ է պահանջում: Դրա համար եմ ասում, որ մենք այսօր սպասումների մեջ ենք: Ես հույս ունեմ, որ ԵՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանը կփորձենք ավելի լավ օգտագործել և գուցե իսկապես այդ մեխանիզմները կկարողանանք հղկել, դարձնել բոլորի համար հասկանալի և ընդունելի:
Կա նաև բոլորի համար մյուս կողմը՝ մեր տնտեսությունը միայն ԵՏՄ-ով չպետք է պայմանավորենք, պետք է կարողանանք իսկապես մեր տնտեսական միջավայրը դարձնել գրավիչ արտաքին ներդրումների համար: Սահմանային վիճակում է մեր արտաքին պարտքը:
Մինչև մենք չկարողանանք մեր տնտեսության մեջ ներդրումներ ապահովել և այդ ներդրումները ծառայեցնել աշխատատեղերի ստեղծմանը, մարդկանց վիճակի բարելավմանն ու զարգացման ծրագրեր իրականացնելուն, մենք առաջ չենք գնա:
Lragir.am







