Գործող Սահմանադրությամբ` դրսից եկող ճնշումների կրողը միայն մեկն է

FotorCreatedՍահմանադրական բարեփոխումների քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզի Ագարակաձոր համայնքի բնակիչների հետ:

Նա իր ելույթի ընթացքում ընդգծեց, որ գործող Սահմանադրության վատագույն կողմերից մեկն այն է, որ կառավարումը միակենտրոն է, ամեն ինչ վերահսկվում է ընդամենը մեկ անձի կողմից: Համբարձումյանի խոսքով` որքան էլ մարդիկ դժգոհեն այսօրվա իրականությունից և պահանջեն փոխել այն, որևէ բան չի ստացվի, քանի դեռ փոփոխություններն արմատական բնույթ չեն կրում: Նրա բնորոշմամբ`շինության հիմքը պետք է ամուր լինի, որպեսզի այդ հիմքի վրա կառուցվող ցանկացած կառույց հեշտ ճկվող ու խարխուլ չլինի: Այս համատեքստում Համբարձումյանը կարևորեց Հայաստանի կառավարման համակարգի փոփոխությունը: Նա համոզմունք հայտնեց, որ երկրի վատ վիճակի մեղավորը ոչ թե անհատներն են, այլ կառավարման համակարգը, քանի որ ամեն ինչ կենտրոնացած է մեկի ձեռքում, և այդ պայմաններում ավելին ակնկալելը պարզապես միամտություն է:

Համբարձումյանը շեշտեց, որ երկրի սխալ կառավարման հիմքերը դրվել են դեռևս 90-ական թվականներից, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը որևէ նախընտրական ծրագիր չուներ, սակայն բոլորին հորդորում էր ընտրել իրեն:

«Բարեփոխված Սահմանադրությունը դատական համակարգին հնարավորինս անկախացնում է, ինչը կարևորագույն կետ է: Ձեզանից յուրաքանչյուրը ներկայիս դատական համակարգի թերի կողմերն, անշուշտ, ճաշակած կլինի: Մեկ հոգին որոշում է ամեն ինչ: Մեկ հոգին կառավարում է ամեն ինչ: Նոր Սահմանադրությամբ` դատարանի նախագահը երեք տարուց ավելի չի կարող պաշտոնավարել: Ցանկացած կառավարման օղակ նոր օրենքով կունենա իր անմիջական վերահսկողը, ով էլ, բնականաբար, կկարողանա որոշումներ կայացնել: Գործող համակարգում այդչափ արտոնված չեն, որ կարողանան առանց վերևից եկող հրահանգի ինքնուրույն որոշումներ կայացնել»,- ասաց նա` հավելելով, որ գործող Սահմանադրությամբ` նախագահը որևէ մեկին հաշվետվություն չի ներկայացնում, ինչը արդարացի չէ:

«Նոր Սահմանադրությամբ`վարչապետը տարին երկու անգամ գալու է Ազգային ժողով` հաշվետվություն ներկայացնելու: Խորհրդարանը կարող է իր անվստահությունը հայտնել»,- ասաց Համբարձումյանը:

ՀՅԴ-ականն ընդգծեց նաև, որ գործող Սահմանադրությունը ողջ պատասխանատվությունը վերապահում է հանրապետության նախագահին և դրսից եկող ճնշումների կրողն էլ լինում է միայն մեկը`հանրապետության նախագահը: Նա հիշեց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, մեկ գիշերվա ընթացքում ԵՏՄ մտնելու որոշում կայացնելը: Ըստ Համբարձումյանի`հաջորդը Ղարաբաղն է:

yerkir.am

Տպել Տպել