Սահմանադրական փոփոխություններով մի քանի անգամ մեծանալու է դատական համակարգի անկախությունը

FotorCreatedԹալինում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչպես քաղաքացու իրավունքները կարող են կյանքի կոչվել սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Նրա խոսքով` մարդու քաղաքական իրավունքը ոչ միայն այն է, երբ մարդը կարող է ազատ արտահայտել իր տեսակետը իշխանությունների հասցեին, այլ նաև ունի իրական հնարավորություն իր ցանկությունը արտահայտելու քվեարկությունների ու ազատ հանրահավաքների միջոցով, և երբ ժողովուրդը կարողանում է իրացնել իր այս իրավունքը, տեղի է ունենում իշխանափոխություն:

«Առ այսօր ամեն ինչ արել են, որ սահմանադրական ճանապարհով իշխանությունների փոփոխություն չլինի, որ սահմանադրական ճանապարհով ժողովուրդը չկարողանա իր կամքին համապատասխան իշխանություն ձևավորել, որովհետև բոլոր իշխանությունների ժամանակ ողջ ռեսուրսները կենտրոնացվել են իշխանության ձեռքում: Եվ մարդը, քաղաքացին դարձել է ընդամենը այդ ռեսուրսները սպասարկող: Սահմանադրական փոփոխություններից հետո հիմնական շեշտը հետևյալի վրա է դրվում` պետությունը և հանրային իշխանությունն են մարդու համար և պարտավոր են ձեռնարկել գործողություններ, որ քաղաքացին կարողանա իրացնել այս իրավունքները»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ սահմանադրական փոփոխություններով ոչ միայն հայտարարվում է, որ քաղաքացին ունի այս և այս իրավունքները, այլ սահմանում է հստակ մեխանիզմներ այդ իրավունքները իրացնելու համար:

Որո՞նք են այդ մեխանիզմները: Ըստ Արծվիկ Մինասյանի` դա առաջին հերթին արդարադատությունն է: Ցանկացած քաղաքացի` անկախ տարիքից, սեռից, եթե չի տեսնում, որ երկրում կա արդարություն, և որ արդարությանը հասնելու համար չկա արդար ու անկախ դատարան, հիասթափվում է: Սահմանադրական փոփոխություններով` կենտրանական հարցերից մեկն է դառնում անկախ դատական համակարգի ձևավորումը:

«Առ այսօր մեր դատական համակարգը կառուցված էր մեկ կենտրոնից ձևավորվող սխեմայով. հանրապետության նախագահը մեծ մասամբ ինքն է ձևավորում դատական համակարգը, ինքն է նշանակում ու ազատում, կարգապահական պատասխանատվության ենթարկում դատավորներին: Եվ նման պայմաններում ով էլ լինի դատավոր, նա կլինի կախյալ իրեն նշանակողից»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Սահմանադրական փոփոխություններով` Հայաստանում ստեղծվում է բարձրագույն դատական մարմին` բաղկացած 10 հոգուց, որոնցից 5-ին ընտրում է ԱԺ-ն, 5 հոգուն էլ ընտրում է դատավորների ժողովը: Խորհուրդը պատասխանատու է առաջին և երկրորդ ատյանների կազմավորման համար, իսկ երրորդ ատյանը` Վճռաբեկ դատարանը, ձևավորվում է ԱԺ-ի կողմից: Նաև` Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվելու է ոչ թե մինչև 70 տարեկան լրանալը, այլ մեկ անգամ` 12 տարի ժամկետով, որից հետո վերընտրվելու իրավունք չունի, ինչը նշանակում է, որ այդ դատավորը 12 տարով աշխատելու է մի տեղ, որը կախված չէ որևէ մեկից, և ոչ ոք իրավունք չունի նրան հետ կանչելու: Նրան կարող է հետ կանչել միայն Սահմանադրական դատարանը բարձրագույն դատական նիստ անցկացնելուց հետո: Այսինքն` սահմանադրական փոփոխություններով` առնվազն 10 անգամ մեծանում է դատական համակարգի անկախությունը:

Տպել Տպել